Tesla ընկերության մոդելային շարքը Չինաստանում համալրվել է Model Y էլեկտրական քրոսովերի նոր տարբերակով։ Այն ստացել է Model YL անվանումը և տարբերվում է երկարացված թափքով ու երեք շարք նստատեղերով։ Ինչպես պարզաբանում է AutoHome-ը, նման Tesla-ն վաճառվելու է միայն երկշարժիչային ուժային համակարգով՝ սկսած 339 հազար յուանից (ավելի քան 47000 $ )։
Tesla Model YL-ը արտաքնապես գրեթե նույնն է, ինչ սովորական Model Y-ն, բացառությամբ փոխված չափսերի։ Էլեկտրամեքենայի առանցքների միջև ավելացվել է 150 միլիմետր․ նորույթի քարշակային բազան կազմում է 3040 միլիմետր, իսկ երկարությունը հասել է 4976 միլիմետրի։ CarNewsChina-ի տվյալներով՝ Model YL-ը իր սեգմենտում համարվում է ամենակոմպակտ վեցտեղանոց մեքենան։

Էլեկտրամեքենան համալրվել է բարելավված կառուցվածքով նստատեղերով։ Երկու հետին շարքի նստատեղերը ստացել են էլեկտրական ծալման համակարգ․ ամբողջությամբ իջեցնելով դրանց թիկնակները՝ ստացվում է բեռնախցիկ 2539 լիտր տարողությամբ։ Յուրաքանչյուր նստատեղի համար նախատեսված են USB լիցքավորման միակցիչներ, հետևի շարքի նստատեղերը համալրված են բաժակակալներով, իսկ երկրորդ շարքում կան նաև դուրս քաշվող հենակներ ձեռքերի համար։ Բացի այդ, փոփոխվվել են նաև կլիմայի համակարգի օդանցքները։
Այլ փոփոխություններից նշվում են վերամշակված կենտրոնական թունելը, ինտերիերի նորացված երեսապատումը և 16-դյույմանոց մեդիահամակարգի էկրանը (ստանդարտ տարբերակում այն 15,4 դյույմ է)։

Tesla Model YL-ը հագեցած է երկու էլեկտրաշարժիչով՝ 193 և 269 ձիաուժ հզորությամբ, ինչպես նաև 82 կՎտ/ժ մարտկոցով։ Նոր քրոսովերը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 4,5 վայրկյանում, իսկ մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 751 կիլոմետր։
Արտադրողը առայժմ չի հստակեցրել՝ արդյոք նման էլեկտրամեքենան վաճառվելու է նաև Չինաստանից դուրս այլ շուկաներում։ Model Y-ի երկարացված տարբերակից բացի Tesla–ի մոդելային շարքում շուտով պետք է հայտնվի նաև առավել պարզեցված մոդելը, որը կդառնա Tesla-ի ամենաառաջնային ու մատչելի էլեկտրամեքենան։ Այդ քրոսովերը արդեն նկատվել է փորձարկումների ընթացքում։





