«Չփչացողները»․ 10 լավագույն ավտոմեքենաները, որոնք առանց կապիտալ վերանորոգման անցել են 1 միլիոն կիլոմետր (ֆոտո)

Automotive.am-ը կազմել է ռեկորդային վազք ունեցող 10 ավտոմեքենաների ցանկը։ Մեկ միլիոն և ավելի կիլոմետր անցած ավտոմեքենաներ, որոնց շարժիչն ու փոխանցման տուփը չեն փոխարինվել և չեն ենթարկվել կապիտալ վերանորոգման, բավական հազվադեպ են հանդիպում։ Նման բացառիկ երկարակեցությունը կախված է ոչ միայն մեքենայի կառուցվածքից, այլև շահագործման պայմաններից։

Որպես կանոն, ռեկորդային վազք գրանցած մեքենաների սեփականատերերը դրանք վարում են քիչ ծանրաբեռնված ճանապարհներով՝ խուսափելով քաղաքային խցանումներից։ Եվ, իհարկե, նրանք շատ ուշադիր սպասարկում են իրենց ավտոմեքենաները։

Automotive.am-ի ֆոտոռեպորտաժում ներկայացված են 10 իրական ավտոմեքենաներ, որոնց վազքաչափի ցուցմունքը հատել է յոթանիշ սահմանը՝ մեկ միլիոն կիլոմետրը։

  1. Toyota Camry XV30

Ռուսաստանի Աբական քաղաքի բնակիչ Պավել Սիսոլյատինը Toyota Camry XV30-ով, 3,0-լիտրանոց 1MZ-FE շարքի V6 շարժիչով, անցել է ավելի քան 2,3 միլիոն կմ։ Մեքենայի մեջ մինչ օրս պահպանվել է գործարանային շարժիչը, որը մինչև առաջին կապիտալ վերանորոգումը դիմացել է 1,3 միլիոն կմ վազքի։

2. Mercedes-Benz 240D

ԱՄՆ-ից ավտոսիրող Փոլ Հարմանը Mercedes-Benz 240D-ով անցել է ավելի քան 2 միլիոն կմ։ Կապոտի տակ պահպանվել է գործարանային՝ 2,4-լիտրանոց OM616 դիզելային շարժիչը։ Սեփականատերը յուղը փոխել է յուրաքանչյուր 5 000 կիլոմետրին և պարբերաբար սպասարկել կցորդիչը, սակայն շարժիչն ու փոխանցման տուփը մնացել են օրիգինալ։

Այս ավտոմեքենան դարձել է այն ժամանակաշրջանի խորհրդանիշը, երբ Mercedes-Benz-ը մեքենաներ էր կառուցում «դարերով» ծառայելու համար։

3․ Ford F-150 XLT

Օհայո նահանգից 1999 թվականի Ford F-150 XLT-ի սեփականատերը 26 տարվա ընթացքում իր պիկապով հասել է 1 միլիոն մղոնի՝ մոտ 1,6 միլիոն կմ վազքի։ Ավտոմեքենան ձմռանը շահագործվում է աղով մշակվող ճանապարհներին, ինչի հետևանքով ժանգոտվել են մետաղյա շրջանակն ու թափքը։

Սակայն շարժիչն ու փոխանցման տուփը շարունակում են աշխատել՝ չնայած յուղի ծախսի ավելացմանը։

4․ Toyota Land Cruiser 200

Ավստրալիայից Գարի Դրիսկոլը Toyota Land Cruiser 200-ը գնել է 2010 թվականի ապրիլին և 16 տարվա ընթացքում մեքենայով անցել է գրեթե մեկ միլիոն կմ՝ օրական միջինը ավելի քան 180 կմ անցնելով Վիկտորիա նահանգի գյուղական ճանապարհներով և մայրուղիներով։

Մեքենայի երկարակեցության գաղտնիքը սպասարկումն է․ սպասարկման գրքույկում կա 100 կնիք, այսինքն՝ ավտոմեքենան յուրաքանչյուր 10 000 կմ-ը սպասարկվել է Toyota-ի պաշտոնական դիլերների մոտ։

Սեփականատերը միտումնավոր կանգ է առել մեկ միլիոն կմ-ի նշագծից 300 մետր առաջ, որպեսզի հաջորդ սեփականատերն անձամբ «ավարտին հասցնի» վազքաչափի այդ ցուցանիշը։

5․ BMW 523i

Ֆինլանդիայից Յուհա Բեքմանը իր BMW 523i E39-ով անցել է ավելի քան 1 միլիոն կմ։ Ավտոմեքենան 29 տարի շահագործվել է հյուսիսային այս երկրում՝ մինչև -35,5°C ջերմաստիճանային պայմաններում։

Սեփականատերը մեքենան գնել է 1996 թվականին և սպասարկել է բացառապես BMW-ի պաշտոնական դիլերների մոտ՝ օգտագործելով օրիգինալ պահեստամասեր։

Մեքենայի կապոտի տակ տեղադրված է 2,5-լիտրանոց M52 շարքի 6-մխոցանի շարժիչ՝ ավտոմատ փոխանցման տուփով։ Շարժիչն ու փոխանցման տուփը երբևէ չեն բացվել։

6․ Nissan Frontier

Չիկագոյից առաքիչ Բրայան Մերֆին 2007 թվականին գնել է Nissan Frontier պիկապը, որը Ասիայի երկրներում հայտնի է որպես Navara։ Ընդհանուր առմամբ, Nissan Frontier-ը հազվադեպ է հայտնվում «միլիոնատեր» մեքենաների ցանկերում, սակայն այս ավտոմեքենան ապացուցեց հակառակը։

Պիկապը վաճառվել էր բազային համալրմամբ՝ հետևի քարշակով և մեխանիկական փոխանցման տուփով, և շահագործվել էր չափավոր ծանրաբեռնվածությամբ։ Չուգունե բլոկով և շղթայով գազաբաշխիչ համակարգով շարժիչը գործնականում հավերժական դուրս եկավ։

Փոխարինման կարիք են ունեցել միայն սպառվող և օժանդակ բաղադրիչները՝ կցորդիչը, գեներատորը, ռադիատորը և շղթայի ձգիչը։

Nissan-ի տեղական ներկայացուցչությունում տեղեկացել են այս ռեկորդի մասին և պիկապը տեղափոխել են Թենեսիում գտնվող գործարանի լաբորատորիա։ Իսկ առաքիչին դրա փոխարեն նվիրել են նոր ավտոմեքենա։

7․ Volvo P1800S

ԱՄՆ-ից ուսուցիչ Իրվ Գորդոնը 1966 թվականի հունիսի 30-ին 4 150 դոլարով գնել է բալի կարմիր գույնի Volvo P1800S–ը։ Արդեն առաջին հանգստյան օրերին նա մեքենայով անցել է 2,4 հազար կմ։

Այնուհետև այս ավտոմեքենայով նա շրջել է ԱՄՆ-ի 48 նահանգներում, եղել Եվրոպայում, իսկ 2013 թվականին վազքաչափի ցուցմունքը հասել է 3 միլիոն մղոնի։

Մեքենայի երկարակեցության գաղտնիքը շահագործման հրահանգներին խստորեն հետևելն ու յուղը յուրաքանչյուր 5 000 կմ-ը փոխելն էր։

Սեփականատիրոջ մահից հետո մեքենան փոխանցվել է թանգարան։

8․ Lexus LS 400

Հերթական ռեկորդակիրը 1996 թվականի Lexus LS 400 սեդանն է, որը պատկանում էր ամերիկացի լրագրող Մեթ Ֆարային։ 1UZ-FE շարժիչը, որը մշակվել էր Lexus-ի առաջին մոդելի համար՝ 1 միլիարդ դոլար բյուջեով, ստացել էր հուսալիության հսկայական պաշար և կարողանում էր դիմանալ գրեթե ցանկացած ծանրաբեռնվածության։

Ծնկաձև լիսեռի հենարանները, ինչպես մրցարշավային շարժիչներում, գազաբաշխիչ համակարգի կառուցվածքը, որը բացառում էր մխոցների և փականների բախումը, ինչպես նաև ջերմակայուն ալյումինե համաձուլվածքները թույլ տվեցին շարժիչին առանց կապիտալ վերանորոգման անցնել մեկ միլիոն մղոն։

9․Hyundai Elantra

ԱՄՆ-ում բեռնատար-առաքիչ աշխատող Ֆարրա Հեյնսը 2013-2018 թվականներին իր Hyundai Elantra սեդանով անցել է ավելի քան մեկ միլիոն մղոն՝ մոտ 1,6 միլիոն կմ։

Դրա համար որպես պարգև Hyundai-ի ամերիկյան գրասենյակը նրան նվիրել է համարանիշի ոսկեգույն շրջանակ և վերափոխել վազքաչափը, քանի որ այն չէր կարող ցուցադրել 999 999 մղոնից ավելի։

Կադրում հենց այդ ավտոմեքենան է՝ Hyundai-ի պաշտոնական տեսանյութից։

10․ Honda Accord

2003 թվականի արտադրության այս Honda Accord-ը դարձավ V6 շարժիչով այն եզակի ավտոմեքենաներից մեկը, որը հատել է 1 միլիոն մղոնի՝ մոտ 1,6 միլիոն կմ-ի սահմանագիծը։

240 ձիաուժ հզորությամբ շարժիչը աշխատում է մեխանիկական փոխանցման տուփի հետ, ինչը, հավանաբար, նպաստել է փոխանցման համակարգի երկարակեցությանը։

Ավտոմեքենայի սեփականատեր, ԱՄՆ-ից Ջասթին Կիլմերը խոստովանել է, որ նման հսկայական վազքի հասնելուց հետո շարժիչի գլաններից մեկում սեղմումը նվազել էր, իսկ շարժիչը երբեմն բաց էր թողնում բռնկումները։

Այնուամենայնիվ, շարժիչը երբեք կապիտալ վերանորոգման չի ենթարկվել։

Հեղինակ՝ Վլադիմիր Հովհաննիսյան