Tersla-ի սեփականատերերը զանգվածաբար ազատվում են իրենց մեքենաներից։ Edmunds գործակալության հաշվարկներով՝ 2017 թվականից հետո արտադրված և վերավաճառված Tesla էլեկտրական մեքենաները մարտին գրավել են ԱՄՆ-ի երկրորդական շուկայի 1.4 տոկոսի ռեկորդային մասը: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 0.4 տոկոս: Վաճառքների աճի մի քանի պատճառներ կան, սակայն վերլուծաբանները նշում են, որ ամենամեծ ազդեցությունը ունեցել են Իլոն Մասկի պահվածքը և էլեկտրական մեքենաների ու դրանց սեփականատերերի նկատմամբ հարձակումների շարքը։
Վերջին շրջանում հարձակումների օբյեկտներ են դարձել ոչ միայն Tesla մեքենաներն ու ցուցասրահները, այլև մեքենաների սեփականատերերը: Օրինակ, մի քանի սեփականատերեր պատմել են, որ իրենց վիրավորել և հայհոյել են, իսկ մյուսները բախվել են վանդալիզմի դեպքերի. էլեկտրական մեքենաները ներկվում են բալոններով, կոտրում են ու այրում։
Որոշ փորձագետներ կարծում են, որ Tesla-ի իմիջի փոփոխությունը կարող է նույնիսկ առաջացնել տեղաշարժեր ավտոմոբիլային շուկայում: Tesla-ի նախկին հաճախորդները, որոնց վանել է Մասկը, կմիանան մրցակիցներին. ոմանք կընտրեն ավելի փոքր «կանաչ» ավտոմեքենաներ, իսկ մյուսները կվերադառնան ներքին այրման շարժիչներով մեքենաներին։
Tesla-ի համար սա վատ նորություն է, քանի որ նրա վաճառքները առանց այդ էլ նվազում են: Անցած տարի վաճառքները նվազեցին վերջին տասնամյակում առաջին անգամ. ամբողջ աշխարհում վաճառվել է 1,789,226 մեքենա, ինչը պլանավորվածից և 2023 թվականի արդյունքներից պակաս է։
2025 թվականի սկզբին իրավիճակը ավելի սրվեց: Հունվար-փետրվար ամիսներին նկատվեց զգալի անկում Գերմանիայում և Tesla-ի համար կարևոր Չինաստանում: Այնուամենայնիվ, պատճառը ոչ միայն Մասկի պահվածքն է, այլև մրցակիցների կողմից աճող ճնշումը։