Մինչև վերջերս էլեկտրական մեքենաների չինական (և համաշխարհային) շուկայում առաջատար դիրք ունեցող Tesla-ն տեղի է տալիս արագ զարգացող և ագրեսիվ գնային քաղաքականություն վարող չինական ավտոմոբիլային արտադրողներին։ Ինսայդերների տվյալներով, Tesla-ն պատրաստում է նոր բյուջետային քրոսովեր, որը կլինի վերջերս թարմացված Model Y-ի ածանցյալը և մոտ 20%-ով էժան կլինի վերջինից։
Վերջին ժամանակներում մեդիայում շատ աղմուկ է Իլոն Մասկի քաղաքական ակտիվության, ինչպես նաև տարօրինակ քայլերի ու իր ընդդիմադիրներին ուղղված կոպիտ արտահայտությունների շուրջ, ինչը, ենթադրաբար, հանգեցրել է Tesla-ի վաճառքների անկմանը։ Իրականում, այս անկման նախադրյալները ձևավորվել են դեռևս մինչև Դոնալդ Թրամփի վերադարձը ԱՄՆ նախագահի պաշտոնում և նրա միությունը Իլոն Մասկի հետ։ Իսկ Չինաստանում Մասկի քաղաքական և էթիկական դիրքորոշումը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, այնտեղ Tesla-ի վաճառքների անկումը պայմանավորված է բոլորովին այլ պատճառներով։

Չինական ավտոշուկայի էլեկտրամոբիլային հատվածը շատ արագ է զարգանում, և աշխարհում ոչ մի այլ տեղ առաջընթացը նման բարձր տեմպերով չի ընթանում: Այս ընթացքում հաճախ չինական արտադրողները, հակառակ համաշխարհային տենդենցներին, իջեցնում են իրենց էլեկտրամեքենաների գները, այլ ոչ թե բարձրացնում։ Վառ օրինակ է Xpeng G6 քրոսովերը՝ Tesla Model Y-ի ուղիղ մրցակիցը, որը ներկայացվեց 2023 թվականի ամռանը և արդեն ենթարկվել է լուրջ արդիականացման։ Այդ արդիականացումից հետո նրա հագեցվածությունը ավելի մեծացել է, սպառողական հատկանիշները բարելավվել են, իսկ գները՝ նվազել։ Այս պահին Չինաստանում ամենաթանկ Xpeng G6-ի գինը 198,800 յուան է ($ 27 467 ըստ ընթացիկ փոխարժեքի), մինչդեռ վերջերս թարմացված Tesla Model Y-ի գները սկսվում են 263,500 յուանից ($ 36 406):

Անցած տարի Tesla Model Y-ի վաճառքները Չինաստանում կազմեցին 480 309 միավոր, ինչը 5.24%-ով ավել է 2023 թվականի վաճառքների համեմատ, սակայն այս տարի պահանջարկը սկսել է կտրուկ նվազել: 2025 թվականի հունվար-փետրվարին Tesla-ն Չինաստանում կարողացել է վաճառել միայն 33 700 Model Y (-35.7% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), իսկ ընդհանուր վաճառքները նույն ժամանակահատվածում կազմել են 60 480 էլեկտրամոբիլ (-13.6%): Խնդիրն այն է, որ Tesla-ի մոդելները ոչ միայն չափազանց թանկ են, այլև արդեն հաճախ հանդիպող և սովորական են դարձել, իսկ ամերիկյան ընկերությունը հազվադեպ է սպառողին նորույթներ առաջարկում։

Այնուամենայնիվ, պահանջարկի անկմանը պետք է ինչ-որ կերպ արձագանքել: Այսօր Reuters-ը, հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին, հայտնեց, որ Tesla-ն մշակում է Model Y քրոսովերի ավելի մատչելի տարբերակը, որը կունենա այլ թվա-տառային անվանում և ներկայումս հայտնի է E41 կոդային ինդեքսով: E41 մոդելը կլինի մի փոքր ավելի կոմպակտ և առնվազն 20%-ով էժան՝ շնորհիվ բաղադրիչների պարզեցման և հիմնականում բազմաթիվ օպցիաներից հրաժարվելու: E41 մոդելի արտադրությունը Շանհայում պետք է սկսվի 2026 թվականին: Սակայն բյուջետային մոդելի արտադրությունը կարող է սկսվել ավելի շուտ, այսինքն՝ արդեն 2025 թվականին, եթե Model Y-ի պահանջարկը շարունակվի կտրուկ նվազել:
Չինաստանը կլինի E41 մոդելի առաջին և հիմնական շուկան, սակայն Tesla-ն ցանկանում է այն վաճառել նաև Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, չնայած, դեռևս պարզ չէ, թե երբ դա տեղի կունենա։
