Tesla-ն ներկայացրել է ռեսթայլինգի ենթարկված Model S-ը և Model X-ը (ֆոտոշարք)

Tesla ընկերությունը ռեսթայլինգի ենթարկել է վարկանիշը կորցնող Model S լիֆթբեքը և Model X քրոսովերը, միաժամանակ դրանց գինը բարձրացնելով 5000 դոլարով, համոզված լինելով, որ կատարված արդիականացումները արժանի են այդ գումարին և Tesla-ի հավատարիմ երկրպագուները դա կգնահատեն:

Այն մասին, որ Tesla-ն պատրաստում է Model S-ի և Model X-ի երկրորդ ռեսթայլինգը վաճառքների անկման ֆոնին, հայտնի դարձավ այս տարվա փետրվարին, ընկերության մշակումների բաժնի ղեկավար Լարս Մորավիի հայտարարությունից: Այս գիշեր երկու թարմացված մոդելներն ի հայտ եկան Tesla-ի ամերիկյան սպառողական կայքում և արդեն հասանելի են պատվերների համար։ Թարմացված Model S-ի և Model X-ի համար Tesla-ն որևէ հատուկ շնորհանդես չի անցկացրել և մամլո հաղորդագրություն էլ չի հրապարակել։ Պարզապես ներկայացրել է դրանք վաճառքի։

Tesla Model S Plaid

Հիշեցնենք, որ Tesla Model S լիֆթբեքը արտադրվում է դեռ 2012 թվականից, իսկ նրա նույն հարթակի վրա հիմնված քրոսովեր Model X-ը՝ 2015 թվականից։ Երկու մոդելներն էլ հավաքվում են Tesla-ի ամենահին գործարանում՝ Կալիֆոռնիայի Ֆրիմոնթ քաղաքում։ 2021 թվականին Model S-ն ու Model X-ը վերապրել էին առաջին ռեսթայլինգը, որը ուղեկցվում էր խորը տեխնիկական արդիականացմամբ։ Իսկ երկրորդ թարմացումը զգալիորեն համեստ է թե՛ արտաքին տեսքի, թե՛ տեխնիկական փոփոխությունների առումով։

Tesla Model S-ը նույնպես ստացել է նոր անիվներ (19 կամ 21 դյույմանոց), որոնք՝ շնորհիվ մանրակրկիտ աէրոդինամիկ մշակման, թույլ են տվել մի փոքր ավելացնել մեկ լիցքավորմամբ անցնող ճանապարհի երկարությունը։ Իսկ լիֆթբեքը իր բարձրագույն Plaid տարբերակում ստացել է նաև նոր բամպերներ առջևում՝ ավելի մեծ օդանցքներով, իսկ հետևում՝ ընդգծված դիֆուզորով։ Հայտնի է, որ այս բամպերները բարձրացնում են Model S Plaid-ի կայունությունը բարձր արագությունների դեպքում։

Model S-ի և Model X-ի համար նախատեսված մյուս ընդհանուր նորամուծություններն են նոր ավելացված գույնը՝ երկնագույն Frost Blue, առջևի բամպերում տեղադրված տեսախցիկը, որը նախատեսված է վարորդի էլեկտրոնային օգնականների ավելի ճշգրիտ աշխատանքն ապահովելու համար, բարելավված ձայնամեկուսացումը՝ համակցված ավելի կատարելագործված ակտիվ ձայնամարիչ համակարգի հետ, ավելի կայուն ընթացքը, ինչպես նաև սրահի նոր լուսադիոդային լուսավորությունը։

Model X-ի համար ավելացվել է նաև ավելի ընդարձակ երրորդ նստատեղերի շարքը և ավելի մեծ բեռնախցիկը։

Tesla Model S Plaid-ը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 592 կմ, իսկ Tesla Model X Plaid-ը՝ 539 կմ։ Model S Plaid-ը արագանում է մինչև 100կմ/ժ ընդամենը 1.99 վայրկյանում, իսկ Model X Plaid-ը՝ 2.5 վայրկյանում։ Երկու դեպքում էլ առավելագույն արագությունը սահմանափակված է՝ 240 կմ/ժ։

Երկշարժիչանի Tesla Model S-ը և Tesla Model X-ը այժմ ԱՄՆ-ում արժեն համապատասխանաբար սկսած 84 990 և 89 990 դոլարից, իսկ երեք շարժիչով Model S Plaid-ը և Model X Plaid-ը՝ սկսած 99 990 և 104 990 դոլարից։ Երկու մոդելների համար էլ 8000 դոլար հավելավճարի դեպքում առաջարկվում է երկրորդ մակարդակի Full Self-Driving ավտոպիլոտ համակարգը։ Սերիական ղեկը սովորական կլոր է, իսկ քառանկյան ձև ունեցող Yoke ղեկը կարելի է պատվիրել 1000 դոլար հավելավճարի դեպքում։