Mercedes-Maybach GLS–ը, որը դեռևս ունի մեկ սերունդ, առաջին անգամ ներկայացվել է 2019 թվականի վերջին։ Այն հիմնված է երկրորդ սերնդի GLS քրոսովերի վրա։ 2023-ի գարնանը մեծ չափսերի քրոսովերը ստացել է առաջին թարմացումը, իսկ այժմ ավարտական փորձարկումներ են անցնում երկրորդ ռեսթայլինգի պրոտոտիպները։
Maybach պիտակով ամենաշքեղ տարբերակը կստանա փոխված ձևով նմանատիպ լուսարձակներ, որոնք ավելի մեծ կլինեն և յուրաքանչյուրում կունենան երկու աստղաձև լուսադիոդային լույսեր՝ մեկը մյուսի վերևում տեղակայված։ Հնարավորություն կա, որ լուսարձակները «միավորվեն» ռադիատորի ցանցի հետ, ինչպես արված է նոր GLC քրոսովերների և նրա էլեկտրական տարբերակի դեպքում, որը ներկայացվեց վերջերս։ Ինքը՝ ցանցի ձևը, արդեն լավ տեսանելի է լրտեսական լուսանկարներում․ այն վերևում մի փոքր կմեծանա, սակայն ներքևի մասում ավելի նեղ կդառնա։ Այն կպահպանի բազմաթիվ ուղղահայաց քրոմապատ շերտեր և կենտրոնում մեծ ռադար։ Թեթև փոփոխություն կկրի նաև բամպերը, որի կողային դեկորատիվ ներդիրները կարող են ավելի մեծանալ։ Հետևի մասում հիմնական փոփոխությունը լինելու են հետին լուսարձակները․ դրանք կպահպանեն իրենց ձևը, բայց կստանան նոր գրաֆիկա՝ յուրաքանչյուր կողմում երեք տարրերով, որոնք ոճավորված են ապրանքանիշի լոգոյի նման։

Ռեստայլինգը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա նաև քրոսովերի սալոնին, որտեղ կարող է հայտնվել զգալիորեն ավելի մեծ մուլտիմեդիա էկրան։ Ինչ վերաբերում է տեխնիկական մասին, ապա այստեղ ամեն ինչ հիմնականում կարող է մնալ նույնը, ինչ ներկայիս Mercedes-Maybach GLS–ում։ Վերջինս համալրված է մեղմ հիբրիդային ուժային միավորով, որի հիմքում 4.0 լիտր ծավալով ութ գլանանի երկտուրբո M177 շարժիչն է՝ 550 ձիաուժով և 770 Նմ ոլորող մոմենտով։ Համեմատության համար՝ GLS 63 մոդելում նույն շարժիչն ապահովում է մի փոքր ավելի բարձր արդյունք՝ 612 ձիաուժ և 850 Նմ։
Թարմացված GLS ընտանիքի պրեմիերան սպասվում է հաջորդ տարի։ Իսկ այս ընթացքում հայտնի դարձավ, որ Mercedes-Benz–ը կարող է սկսել օգտագործել BMW–ի շարժիչները իր մոդելներում։



