Դոնալդ Թրամփը հետաձգեց Կանադայից և Մեքսիկայից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերի սահմանումը։ Reuters-ի տվյալներով ԱՄՆ նախագահը 30-օրյա ժամկետով հետաձգում է մաքսատուրքերի կիրառումը այն ապրանքների վրա, որոնք առնչվում են տրանսպորտային միջոցների արտադրությանը։ Ակնկալվում է, որ «առևտրային պատերազմը» կհանգեցնի մեքենաների գների բարձրացման ամերիկյան շուկայում։
Դոնալդ Թրամփը մեկամսյա հետաձգման որոշումը կայացրել է Ford, General Motors և Stellantis կոնցեռնների ղեկավարների հետ բանակցություններից հետո։ Ամերիկյան ավտոարտադրողները աջակցել են մաքսատուրքերի սահմանման գաղափարին, սակայն նշել են, որ ցանկանում են ավելի մեծ հստակություն տեսնել երկրի սակագնային քաղաքականության մեջ։ Բացի «Դետրոյթյան մեծ եռյակից», ԱՄՆ նախագահի կողմից տրված հետաձգումը տարածվում է նաև Honda և Toyota ընկերությունների վրա։
Փորձագետները կանխատեսում են, որ մաքսատուրքերը կհանգեցնեն ԱՄՆ-ում մեքենաների գների բարձրացմանը 3-7 հազար դոլարով։ Ակնկալվում է, որ գների բարձրացումը կնվազեցնի շուկայի ակտիվությունը, իսկ արտադրողները ստիպված կլինեն մեծացնել ծախսերը արտադրական հարթակների վերասարքավորման համար։