Porsche-ն և Mercedes-Benz-ը կարող են կորցնել միլիարդավոր դոլարներ Դոնալդ Թրամփի պատճառով

Porsche և Mercedes-Benz ընկերությունները կարող են կորցնել 3,7 միլիարդ դոլար Դոնալդ Թրամփի որոշման հետևանքով։ ԱՄՆ նախագահը ավելի վաղ հայտարարել էր 25 տոկոս մաքսատուրքի սահմանման մասին, որը կգործի արտասահմանյան ավտոմեքենաների ներմուծման համար երկրի տարածքում։ Bloomberg-ի տվյալներով՝ այսպիսի որոշումը լուրջ կորուստների կհանգեցնի բոլոր եվրոպական արտադրողների համար։ Նոր մաքսատուրքերը ներմուծվող մեքենաների համար ուժի մեջ կմտնեն արդեն 2025 թվականի ապրիլի 3-ին։

Փորձագետների կարծիքով մաքսատուրքերի սահմանումը կհանգեցնի նրան, որ Porsche-ն և Mercedes-Benz-ը կարճ ժամանակահատվածում կկորցնեն 3,7 միլիարդ դոլար կամ իրենց գործառնական եկամտի մեկ քառորդը։ Հսկայական կորուստներից խուսափելու համար ընկերությունները կարող են զգալիորեն բարձրացնել իրենց մեքենաների գները կամ արտադրությունները տեղափոխել ԱՄՆ։

Մաքսատուրքերի սահմանումից ամենից շատ կտուժի Գերմանիան, քանի որ այն հանդիսանում է ԱՄՆ-ի ամենամեծ եվրոպական փոխադրամիջոցների արտահանողը։ Անցած տարի գերմանական արտադրողները օվկիանոսից այն կողմ են մատակարարել ավելի քան 446 հազար մեքենա, որոնց արժեքը կազմել է 24,8 միլիարդ դոլար։ Արդեն հիմա Porsche-ի, Mercedes-Benz-ի և Volkswagen-ի բաժնետոմսերը կորցրել են իրենց արժեքի մոտ հինգ տոկոսը։

Փորձագետները կանխատեսում են եվրոպական ավտոարդյունաբերության զգալի անկում Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի պատճառով։ Բացի Գերմանիայից նոր մաքսատուրքերը զգալիորեն կանդրադառնան նաև Իտալիայի, Հունգարիայի և Լեհաստանի տնտեսությունների վրա։