Patrol մոդելը Nissan-ի ներկայիս տեսականու ամենահին մոդելերից մեկն է, քանի որ հայտնի ամենագնացի առաջին սերունդը հայտնվել է դեռ 1951 թվականին։ Այսօր արտադրության մեջ արդեն յոթերորդ սերնդի Patrol-ն է, որը ներկայացվել է 2024 թվականի աշնանը, ամերիկյան շուկայի համար նախատեսված տարբերակի՝ Armada-ի հետ։ Նախորդ սերնդում ամենագնացը առաջին անգամ ստացավ սպորտային Nismo տարբերակը։ Նման տարբերակ կլինի նաև նոր Patrol-ի համար, ինչի վկայությունն են վերջերս հայտնված մեքենայի առանց քողարկման լրտեսական լուսանկարները։
Patrol Nismo-ն արտաքինից բավականին զգալիորեն կտարբերվի ստանդարտ ամենագնացից։ Նախ եւ առաջ, այն կունենա ավելի մեծ նոր ռադիատորի քողարկիչ յուրահատուկ հարդարմամբ, որը կձգվի մինչեւ բամպերի ներքեւի հատվածը։ Ինքը բամպերը ամբողջությամբ նոր է․ այն կունենա ուղղաձիգ դեկորատիվ ներդիրներ կողքերում և կարմիր գույնի ներքևի «շրթունք»։ Ինչպես պատշաճ է այս մոդելին, թափքի վրա կլինեն բազմաթիվ այլ կարմիր էլեմենտներ․ դռների տակ, հետեւի բամպերի մի մասը, փոքր դետալներ կողային հայելիների վրա։


Բացի այդ, Patrol Nismo-ն կունենա ամբողջությամբ նոր հետեւի բամպեր, վերափոխված դեկորատիվ ներդիրներ առջևի թեւերի վրա։ Հատուկ նորույթ կլինի նաև նոր անվահեծերը։
Սպասվում է, որ Patrol-ի սպորտային տարբերակը կստանա նույն 3.5 լիտրանոց երկտուրբինային V6 շարժիչը, ինչ ստանդարտ ամենագնացը։ Հիմնական տարբերակում այն զարգացնում է 425 ձիաուժ և 700 Նմ ոլորող մոմենտ, սակայն մեծ հավանականությամբ Nismo տարբերակը կունենա մի փոքր բարելավված տեխնիկական ցուցանիշներ։ Համեմատության համար նշենք, որ նախորդ սերնդի Patrol Nismo-ն զինված էր 5.6 լիտրանոց մթնոլորտային V8 շարժիչով՝ 428 ձիաուժ հզորությամբ, ինչը 28 ձիաուժով ավելի էր, քան ստանդարտ Patrol-ի մոտ։
Հավանաբար նոր մոդելը տեխնիկապես կբարելավի նաև ասֆալտի վրա վարելիության ցուցանիշները։ Օրինակ, նախորդ Patrol Nismo-ն ուներ Bilstein ամորտիզատորներ, ավելի ջերմադիմացկուն արգելակներ և ավելի ցածր էր ստանդարտ մոդելից։
Նորույթի պրեմիերան կարող է լինել արդեն մոտակա շաբաթներում։




