Ներկայացվել է նոր Mercedes-Benz GLC-ն․ նոր ֆիրմային ռադիատորի քողարկիչ և 713 կմ տարածություն մեկ լիցքավորմամբ (ֆոտոշարք)

Mercedes-Benz ընկերությունը Մյունխենի ավտոսալոնի բացման նախօրեին ներկայացրել է միջին չափի էլեկտրական քրոսովեր՝ GLC with EQ Technology։ Նորույթը ստեղծված է MB.EA նոր մոդուլային հարթակի հիման վրա՝ 800 վոլտանոց էլեկտրական ճարտարապետությամբ, և ավելի մեծ է, քան «ածխաջրածնային» GLC-ն։ Mercedes-Benz GLC with EQ Technology-ն վաճառքում կհայտնվի 2026 թվականի առաջին կեսին։

Mercedes-Benz GLC with EQ Technology-ն համարվում է ձախողված Mercedes-Benz EQC էլեկտրական քրոսովերի «իրավահաջորդը», որը 2023 թվականին ժամանակից շուտ դուրս բերվեց արտադրությունից՝ ցածր վաճառքների պատճառով։ Նոր քրոսովերի բարդ անվանումը բացատրվում է նրանով, որ երկու տարի առաջ Mercedes-Benz-ը որոշեց էլեկտրական մոդելներին այլևս չտալ EQ տառերով անուններ։ Նոր էլեկտրական մեքենաները ներառված են ավանդական մոդելային շարքում, սակայն՝ դրանք «ածխաջրածնային» մոդելներից ինչ-որ կերպ տարբերելու համար, ստեղծվել է ոչ այնքան ճկուն with EQ Technology հավելումը։ Նույն տարբերակը մենք արդեն տեսել ենք էլեկտրական G-Class-ի և Mercedes-Benz CLA-ի նոր էլեկտրական տարբերակների անվանումներում։

Նոր էլեկտրական քրոսովերը տեխնիկապես որևէ կապ չունի ներկայիս «ածխաջրածնային» Mercedes-Benz GLC-ի երկրորդ սերնդի հետ, որը գործարանային X 254 ինդեքսով արտադրվում է 2022 թվականից և կառուցված է MRA հարթակի վրա։ Mercedes-Benz GLC with EQ Technology-ն ստեղծված է հատուկ նոր սերնդի էլեկտրական մեքենաների համար մշակված մոդուլային MB.EA (Mercedes-Benz Electric Architecture) հարթակի հիման վրա։ Հատակին ինտեգրված 800 վոլտանոց մարտկոցի օգտակար տարողությունը կազմում է 94 կՎտ·ժ (ամբողջական տարողությունը դեռևս չի հայտարարվել)։

Էլեկտրական GLC-ի գծային չափերը հետևյալն են․ երկարությունը՝ 4845 մմ, լայնությունը՝ 1913 մմ, բարձրությունը՝ 1644 մմ, իսկ անվային բազան՝ 2972 մմ։ Այսինքն՝այն բոլոր հիմնական չափերով ավելի մեծ է, քան «ածխաջրածնային» GLC-ն և ունի ավելի ընդարձակ սրահ։ Ստանդարտ համալրման մեջ տրամադրվում է զսպանակային կախոց․ առջևում՝ կրկնակի զուգահեռ լծակներով, իսկ հետևում՝ անկախ բազմալծակային կախոցներով։ Վճարովի հավելումներով հասանելի կլինեն ադապտիվ օդային կախոցն ու լիովին կառավարելի շասսին։ Մարմնի աերոդինամիկական դիմադրության գործակիցը կազմում է cx = 0,26։

Այս պահին էլեկտրական GLC-ն առաջարկվում է միայն մեկ տարբերակով՝ 400 4Matic երկշարժիչային ուժային համակարգով։ Դրա առավելագույն համակցված հզորությունը կազմում է 360 կՎտ (490 ձիաուժ), իսկ առավելագույն ռեկուպերատիվ հզորությունը՝ 300 կՎտ (408 ձիաուժ)։ Հիմնականը հետևի էլեկտրաշարժիչն է, որը միացված է երկաստիճան ռեդուկտորին, իսկ առջևինը միանում է միայն անհրաժեշտության դեպքում։ 0-ից մինչև 100 կմ/ժ արագացումը տևում է 4,3 վայրկյան, առավելագույն արագությունը սահմանափակված է 210 կմ/ժամով։ Մեկ լիցքավորմամբ առավելագույն ընթացքի պաշարը կազմում է 713 կմ՝ WLTP ցիկլով։ Թույլատրելի քարշակվող կցանքի զանգվածը արգելակներով՝ 2400 կգ, առանց արգելակների՝ 750 կգ։

Էլեկտրական GLC-ն դարձել է Mercedes-Benz-ի նոր տիպի ֆիրմանային ռադիատորային ցանցի առաջին կրողը․ այն շրջանակված է հաստ քրոմապատ եզրով, իսկ բրենդին ավանդական հորիզոնական շերտերը ներսում ձևավորված են լուսավորված պանելներով։ Վճարովի տարբերակով կառաջարկվի այդ շերտերի պիքսելային կառուցվածքը․ մասնավորապես GLC with EQ Technology-ում ցանցը կազմված է 942 պիքսելից, որոնք կարող են ստեղծել անիմացիոն էֆեկտ։ Առջևի ու հետևի լուսարձակները զարդարված են լուսավոր եռաթև աստղերով։ Մեծ ֆիրմանային էմբլեման դիմամասում նույնպես համալրված է լուսավորությամբ։

Mercedes-Benz GLC with EQ Technology-ի ինտերիերը ներկայացվել էր դեռ անցած ուրբաթ։ Գլխավոր նորարարությունը այստեղ մոնոլիտային MBUX Hyperscreen է՝ 39,1 դյույմ (99,3 սմ) տրամագծով, սակայն այն հասանելի կլինի միայն քրոսովերի ամենաթանկ տարբերակներում։ Ավելի համեստ կոմպլեկտացիաներում տեղադրված կլինի եռյակ էկրանային MBUX Superscreen վահանակը, որը ներառում է 10,3 դյույմ ցուցիչների էկրան, 14 դյույմ կենտրոնական մուլտիմեդիա-կարգավորիչ էկրան և առանձին 14 դյույմ ժամանցային էկրան՝ առջևի ուղևորի համար։ Իսկ բազային կոմպլեկտացիայում նույնպես կլինի եռյակ էկրանային վահանակ, սակայն այստեղ երրորդ՝ ուղևորի էկրանը կունենա առավելագույնս կրճատված ֆունկցիաներ․ դրա վրա հնարավոր կլինի ցուցադրել միայն լուսանկարներ կամ 12 ֆիրմային դեկորատիվ պատկերներից մեկը։ Փաստացի, այն սովորական թվային ֆոտոշրջանակ է։

Մեկ այլ հետաքրքիր օպցիա է բազմաշերտ Sky Control պանորամային ապակեպատ տանիքը, որն ունակ է փոխել թափանցիկության աստիճանը և «աստղային երկինք» ստեղծել՝ 162 LED-երով։ Ինտերիերը կարող է պատվել բացառապես վեգանային կաշվով, սակայն բնական կաշվի տարբերակն էլ դեռ հասանելի է։ Հիմնական բեռնախցիկի տարողությունը 570 լիտր է, ետնամասի նստարանի մեջքի թիկնակը ծալելու դեպքում՝ 1740 լ, իսկ թափքի առջևի մասում կա նաև հավելյալ 100 լիտրանոց բեռնախցիկ։

Mercedes-Benz GLC 400 4Matic with EQ Technology-ի գինը դեռևս չի հայտարարվել։ Նոր էլեկտրական քրոսովերը պատրաստվելու է միաժամանակ երեք գործարաններում՝ Բրեմենում (Գերմանիա), Կեչկեմետում (Հունգարիա) և Պեկինում (Չինաստան)։ Երկու տարի առաջ սպասվում էր, որ էլեկտրական GLC-ն արտադրվելու է նաև Mercedes-Benz-ի ամերիկյան գործարանում՝ Տուսկալուսայում (Ալաբամայի նահանգ), սակայն ԱՄՆ-ում էլեկտրական մեքենաների նկատմամբ թույլ պահանջարկը ստիպեց ընկերությանը հրաժարվել այդ ծրագրերից։ Ակնհայտ է, որ Mercedes-Benz GLC with EQ Technology-ի հիմնական շուկան լինելու է հայրենական Եվրոպան, որը շարունակում է գործել էկո-օրակարգի շրջանակներում, իսկ գլխավոր մրցակիցը լինելու է հենց այստեղ՝ Մյունխենում ներկայացված երկրորդ սերնդի BMW iX3 էլեկտրական քրոսովերը։