Stellantis կոնցեռնի կողմից ավելի վաղ հայտարարված նորույթներից մեկը հաջորդ սերնդի Jeep Compass քրոսովերն է։ Հիշեցնենք, այս ամերիկյան ապրանքանիշի նոր SUV-ի առաջին պատկերը հրապարակվել էր 2024 թվականի աշնանը, իսկ թիզերների հավաքածուներ՝ 2025 թվականի մարտի և ապրիլի սկզբին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նորույթի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի գարնան ավարտից առաջ։
Մենք վերջերս ներկայացրել էինք ապագա Jeep Compass-ի արտաքին տեսքի դիզայներական տարբերակը, պատկերացնելով, թե ինչպիսին կարող է լինել ապագա քրոսովերը։

Իսկ այժմ մոդելի արտաքինը այլեւս գաղտնիք չէ․ նոր Jeep Compass-ի լուսանկարները պրեմիերայից առաջ հայտնվել են համացանցում՝ հրապարակված բրազիլական Quatrorodas ամսագրի կողմից։ Քրոսովերը, որը ձևավորված է կոմպակտ Avenger մոդելի ոճով, ստացել է նոր սերնդի առջևի LED լուսարձակներ։ Ընդ որում՝ լուսարձակները վիզուալ միացված են ռադիատորային ցանցին, որը կազմված է ավանդական յոթ առանձին հատվածներից։
Դատելով լուսանկարներից՝ հաջորդ սերնդի Compass-ը կունենա լայնացված անիվային կամարներ, բնօրինակ անիվային սկավառակներ, սովորական դռան բռնակներ, թափքը շրջապատող չներկված պլաստմասից պատրաստված զանգվածային պատնեշներ, օդամուտքի բացվածքների տարբեր ձևավորումներ՝ ինտեգրված առջևի բամպերի ստորին հատվածում (հավանաբար՝ կախված տարբերակից)։ Բացի այդ, քրոսովերը կունենա սեւ վերնամաս, նույն գույնի տանիքի սյուներ և սեւ գույնով արտաքին հայելիների պատյաններ։

Ետին հատվածը համալրված է սպոյլերով, որը տեղադրված է բեռնախցիկի դռան վերին հատվածում, ինչպես նաև խոշոր մոնոլուսարձակով՝ «X»-աձեւ լուսային գծագրմամբ։ Լույսերով լուսավորվող մակնիշի անվանումը նույնպես տեղ է գտել այս մեծ էլեմենտում, և հենց դրա մեջ ներառված է նաև համարանիշի ամրացման վայրը։ Տանիքի վերևում նկատվում է նաև «շնաձկնային լողակի» ոճով անտենան։
Դատելով առկա միակ լուսանկարից՝ նոր սերնդի Jeep Compass-ի սրահում կարելի է տեսնել համակցված հարդարում՝ սպիտակ կարերով, փայտի տպավորություն ստեղծող դեկորատիվ տարրերով, բավական մեծ հորիզոնական պլանշետ՝ մուլտիմեդիա համակարգի համար, որի տակ տեղադրված են մի շարք ֆիզիկական կոճակներ։ Սրահում առկա է նաև սմարթֆոնների անլար լիցքավորման սարք։ Բացի այդ, պանորամային տանիքում կա բացվող լուսամուտ։

Նոր քրոսովերի հիմքում ընկած է STLA Medium հարթակը, որը պատկանում է բազմաբրենդ ավտոհսկա Stellantis-ին։ Այս «շասսին» միավորում է նորույթը ներկայիս Peugeot 3008, Peugeot 5008, Opel Grandland և DS №8 մոդելների հետ։ Տեխնիկական մասով պաշտոնական տվյալներ առայժմ քիչ են, սակայն հայտնի է, որ հաջորդ սերնդի մոդելը կթողարկվի որպես սովորական հիբրիդ, լիցքավորվող (plug-in) հիբրիդ, ինչպես նաև լիարժեք էլեկտրամեքենա։
Jeep Compass-ի նոր սերնդի գինը դեռ հայտնի չէ։ Սակայն Եվրոպայի խոշոր շուկաներից մեկում՝ Գերմանիայում, ներկայիս քրոսովերը սկսվում է նվազագույնը 39 900 եվրոյից, իսկ 4xe տարբերակի գինը սկսվում է առնվազն 50 200 եվրոյից։



