«Հարյուր քսանչորս թափք» բառակապակցությունը բնութագրում է մի ամբողջ ժամանակաշրջան: Այն արտադրության մեջ էր 13 երկար տարիներ, թողարկվել է ավելի քան 2.2 միլիոն օրինակով և սահմանել է բարձր չափանիշներ ինչպես իր սեգմենտում, այնպես էլ իր ժառանգների համար: Այն հաղթահարել է միլիոնավոր կիլոմետրեր որպես տաքսի և վախեցրել սպորտային մեքենաներին: Նրա դիմացկունության մասին լեգենդներ են պատմում: Այս տարի նշվում է հենց W124 սեդանի հոբելյանը, բայց մենք հընթացս կհիշենք Mercedes-Benz-ի նաև մյուս հայտնի թափքերը: Առիթը բավականին հարմար է։
Ո՞րն է «ամենամերսեդեսային» Mercedes-ը, որը հայտնի է բոլորին: Բրենդի ծանոթ երկրպագուները սկսում են արագ-արագ թվարկել տարբեր S-Class մոդելներ: Առաջին հերթին հանճարեղ W140-ը, որը հեղափոխական շքեղ ինժեներիայի և նորարարության հիանալի օրինակ է, կամ ոճականորեն կատարյալ W126-ը: Բայց ինձ համար իդեալը եղել և մնում է «W124»-ը, Բրունո Սակկոյի անմահ ստեղծագործությունը, որտեղ ավտոմեքենայի դիզայնը վերածվում է բարձրաճաշակ արվեստի ստեղծագործության: Հատկապես գեղեցիկ էր նախառեստայլինգային տարբերակը, հիասքանչ իր խստապահանջ դիզայնի մեջ․ առանձին քրոմապատ ռադիատորի ցանցով, սակավ մանրամասներով և առանց պլաստիկ կողային պաշտպանիչների: Մեկ բառով՝ գլուխգործոց:

Շատերը այն կհամարեն աշխարհում լավագույնը: Օրինակ, պարոն Միխայել Նիկլը, Զինդելֆինգենի գործարանի աշխատակիցը, դա կհաստատի: Նա արդեն ավելի քան քառորդ դար վարում է 1992 թվականի արտադրության 75 ձիաուժ հզորությամբ դիզելային սեդանը և իր մեքենայով կուտակել է ավելի քան մեկ միլիոն կիլոմետր: Կատակները, որ մեքենայում բնօրինակից մնացել է միայն թափքը, տեղին չեն: Ինչպես նշում է սեփականատերը, մեքենան շահագործելու ընթացքում շատ բան փոխելու կարիք չի եղել: Մասնավորապես, մեխանիկական փոխանցման տուփի կցիչը, (այն փոխվել է 2003 թվականին, երբ անցել էր արդեն 445 հազար կիլոմետր), արգելակային համակարգը, գեներատորն ու հովացման համակարգի պոմպը:

Նախ հստակեցնենք մի քանի կարևոր փաստեր: Համացանցում այս ընտանիքին անվանում են W124, բայց այս ինդեքսը պատկանում է միայն չորսդռնանի սեդանին: Ունիվերսալը նշվում էր որպես S124, կուպեն՝ C124, կաբրիոլետը՝ A124, իսկ հազվագյուտ վեցդռնանի լիմուզինը (որոնք օգտագործվում էին ծառայողական նպատակներով և հյուրանոցային բիզնեսում)՝ V124: Արտադրող ընկերությունը մամուլի նյութերում օգտագործում է «124 մոդելային շարք» արտահայտությունը: Երկրորդ կարևոր կետը․ մեր հերոսի դեբյուտը եղել է 1984 թվականին, բայց պաշտոնապես դարձել է E-Class 1993 թվականի մոդեռնիզացիայից հետո: Հետագայում E տառը դարձավ մոդելի անվանումը, իսկ սկզբում այն համեստորեն կանգնում էր թվերի հետևում և ցույց էր տալիս բենզինային տարբերակներում վառելիքի ներարկումը (Einspritzung):

Mercedes-Benz W123-ի հաջորդ սերնդի վերաբերյալ որոշումը կայացվեց 1975 թվականի վերջին, երբ դեռ արտադրության մեջ էին «Stroke/8» W114/115 սեդանները: Աշխատանքը պահանջում էր լուրջ մոտեցում, այդ թվում՝ վառելիքի սպառման և արտանետումների նկատմամբ խստացվող պահանջների պատճառով, հատկապես Հյուսիսային Ամերիկայում, ուստի Daimler-ին անհրաժեշտ էր մեծ ուշադրություն դարձնել աերոդինամիկային և նախագծել նոր բենզինային «վեցնյակներ», ինչպես նաև չորս-, հինգ- և վեցմխոցանի դիզելային շարժիչներ, ինչպես առանց տուրբո, այնպես էլ տուրբո տարբերակներով:
Մեծ առաջընթացը պայմանավորված էր ժամանակի պահանջներով և լեգենդար W123-ի ստվերում չմնալու անհրաժեշտությամբ, այն W123-ի, որն ունակ էր դարերով աշխատել որպես տաքսի անապատում, տապի տակ, և բուդդայական հանդարտությամբ հանդուրժել սեփականատերերի կոպտությունը: W123-ը առայսօր հայտնի է իր ֆենոմենալ երկարակեցությամբ:

Սկսենք W124-ի կոնստրուկտորային նորույթներից։ Թափքը հեղափոխական էր աէրոդինամիկայի տեսանկյունից։ Մեքենայի աէրոդինամիկ դիմադրության գործակիցը կազմում էր ընդամենը 0,29։ Եկրորդ լուրջ նորույթը լիաքարշակ համակարգն էր՝ կենտրոնական դիֆերենցիալով և առջևի և հետևի առանցքների միջև պտտող մոմենտների 35:65 և 50:50 հարաբերակցությամբ բաշխումով : Այն ներկայացվել է 1987 թվականին վեց մխոցանի 260 E 4Matic, 300 E 4Matic և 300 D 4Matic/300 D Turbo 4Matic մոդելների վրա։ Շարժիչների տեսակները․ w124-ի վրա դրվում էր ցանկացած շարժիչ, բացառությամբ V12-ի, որը E-Class-ը սկզբունքորեն չէր կարող ունենալ, և V6-ը, որն այն ժամանակ պահանջված չէր Mercedes-ում:

W124-ի փոփոխականությունը իսկապես զարմացող էր։ Եթե սպեկտրի մի կողմում մեխանիկական ապակիներով, անիվների ծածկոցներով և բավականին համեստ ինտերիերով պարզ մեքենաներն էին, ապա հակառակ կողմում բացառիկ սպորտային տարբերակներ էին, որոնք այժմ փնտրվում են ամբողջ աշխարհում կոլեկցիոներների կողմից: Եվ առաջին հերթին լեգենդար «Գայլ» 500 E-ն (ռեստայլինգից հետո՝ E 500): Մոդիֆիկացիայի պրեմիերան կայացել է Փարիզի ավտոսրահում 1990 թվականի աշնանը։ 124 մոդելային շարքն այդ ժամանակ արտադրվում էր արդեն վեց տարի, բայց միանշանակ արժեր սպասել վեց տարի տեսնելու համար այս ավտոմեքենան․ խարիզմատիկ, շատ հզոր և հարմարավետ։
Հինգ լիտրանոց, 326 ձիաուժ հզորությամբ M119 «ութնյակը» ապահովում է արագացում մինչև 100 կմ/ժ 5,9 վայրկյանում և զարգացնում մինչև էլեկտրոնիկայով սահմանափակված 250 կմ/ժ արագություն: Փոխանցման տուփը չորս արագությամբ ավտոմատ է։ Անիվների երկարացված կամարները ցուցադրական չեն, այլ կենսական անհրաժեշտություն՝ 225/55 R16 անվադողերով։ Որպես բոնուս, մեքենան ստացել էր իսկապես ազնվական տոհմային ծագում, քանի որ Porsche-ն ակտիվ դեր էր խաղացել մեքենայի ստեղծման գործում: Այն մասնակցել էր ոչ միայն շասսիի հարմարեցման, այլ նաև հավաքման գործում: Սա իր հերթին օգնեց Porsche-ին հաղթահարել ֆինանսական դժվարությունները՝ մեքենայի վաճառքից ստացած շահույթից ունեցած իր մանաբաժնի տեսքով, և էլ ավելի բարձրացրեց առանց այն էլ մեծ հեղինակություն ունեցող ավտոարտադրողի վարկանիշը։ Ի վերջո, եթե ավտոբրենդի կենսագրականում կա «համագործակցություն Mercedes-Benz-ի հետ» տողը, ապա դա արդեն մեժ ձեռքբերում է։

Յուրաքանչյուր սպորտային մեքենայի հավաքման համար պահանջվում էր 18 օր: Ճանապարհորդությունը սկսվում էր Ցուֆենհաուզենի Porsche Reutter-Bau գործարանում, որտեղ հավաքվում էր սպորտային պրեմիում ավտոմեքենայի շասսին: «Կիսաֆաբրիկատն» այնուհետև ուղարկվում էր Զինդելֆինգենում գտնվող Mercedes-ի գործարան՝ թափքի ներկման համար։ Այնուհետև մեքենան տեղափոխվում էր Porsche-ի Rössle-Bau գործարան՝ V8 հսկայական շարժիչը տեղադրելու և գործընթացն ավարտելու համար: Վերջնական ստուգումն իրականացվում էր Զինդելֆինգենում։ W124-ի մոդելային ընտանիքի մասշտաբներով 500E/E500 սպորտային մեքենան բացառիկ ու հազվագյուտ տարբերակ էր, քանի որ արտադրվել էր ընդամենը 10 479 օրինակ։

Mercedes-Benz-ի 124 մոդելային շարքի մասին կարելի է մի ամբողջ գիրք գրել։ Մենք սահմանափակվել ենք հակիրճ պատմվածքով։ Եթե Դուք ունեք Mercedes-Benz W124, ապա մենք նախանձում ենք Ձեզ: Պահպանեք դրանք աչքի լույսի պես, քանի որ դրանք քաշով մեկ ոսկի արժեն: Իսկ հիանալի պահպանված նմուշները կանգնած են 20-րդ և 21-րդ դարերը միացնող երկաթե կամուրջի պես։ Ընդ որում խոսքը ամենևին թանկարժեք E 500-ի մասին:
Անցյալ ամառ Bring a Trailer աճուրդում վաճառվեց 1995 թվականի դիզելային E 300 մակնիշի W124 ավտոմեքենան, որի վազքը կազմում էր ընդամենը 8,4 հազար մղոն (13,5 հազար կիլոմետր)։ Հավերժ երիտասարդ ծերունու համար վճարեցին 101 000 դոլար, այլ կերպ ասած, այն ավելի թանկ էր, քան երեք լիտրանոց բենզինային շարժիչով նոր E-class W214-ը։
Հեղինակ՝ Վլադիմիր Հովհաննիսյան