Մի քանի տարի առաջ Mercedes-Benz-ը որոշեց G-Class-ը վերածել ենթաբրենդի՝ մի քանի մոդելներով։ Այս ծրագրի համաձայն՝ պետք է ներկայացվի նաև ամենագնացի «փոքր եղբայրը»։ Այժմ այդ ապագա նորույթը միայն աշխատանքային անվանում ունի՝ Little G. Հենց այդպես էր այս նախագիծը անվանել Mercedes-Benz-ի ղեկավար Օլա Քալենիուսը դեռ 2023 թվականի աշնան սկզբին։ Մոդելի պաշտոնական անվանումը կհրապարակվի ավելի ուշ։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ նորույթը կհայտնվի 2026 թվականին, սակայն այժմ բրիտանական Autocar-ը հաղորդում է, որ պայմանական «Little G»-ն վաճառքի դուրս կգա 2027-ին։ Հրապարակման մեջ նաև հաստատվել է, որ գերմանական արտադրողը, չնայած շուկայի ներկա իրավիճակին, մինչ այժմ հավատարիմ է մնում նախկինում հայտարարված ծրագրերին և պատրաստվում է Mercedes-Benz G-Class-ի «փոքր եղբորը» արտադրել միայն լիովին էլեկտրական շարժիչով։

Հրապարակման մեջ նաև նշվել է, որ ապագա ամենագնացի հիմքում ամենայն հավանականությամբ կլինի MB:EA (Mercedes-Benz Electric Architecture) պլատֆորմը։ Այն նախատեսված է Mercedes-Benz-ի նոր միջին և մեծ չափսերի էլեկտրական մոդելների համար։ Այդ նույն պլատֆորմի վրա հիմնված կլինի նաև նոր լիովին էլեկտրական GLC քրոսովերը։

Նախնական տվյալներով ապագա «կանաչ» ամենագնացը կունենա 800 վոլտ հոսանքի էլեկտրական համակարգ, ինչպես նաև նոր սերնդի մարտկոց, որը Mercedes-Benz Little G-ին մեկ լիցքավորմամբ կապահովի մոտավորապես 700 կմ ընթացք։ Ավելի վաղ նշվել էր, որ G-Class-ի «փոքր եղբայրը» կունենա նմանատիպ դիզայն, սակայն նկատելի տարբերություններով, որոնք, ամենայն հավանականությամբ, դրական ազդեցություն կունենան աէրոդինամիկայի վրա։ Կան ենթադրություններ, որ նորույթը կունենա փոքրատառ «g»-ով անվանում։
Բրիտանական հրատարակությունը կանխատեսում է, որ ապագա SUV-ի մեկնարկային գինը կկազմի մոտավորապես 70 հազար ֆունտ ստերլինգ։ Համեմատության համար՝ նույն շուկայում Mercedes-Benz G 580 EQ Technology էլեկտրական ամենագնացի արժեքը սկսվում է 180 860 ֆունտից։
