Լեգենդը վերադառնում է․ Land Rover Defender Soft Top-ը դասական տեսքով և V8 շարժիչով (ֆոտոշարք)

Ձեզ ենք ներկայացնում նոր Land Rover Defender Classic V8 Soft Top մոդելը՝ հայտնի բրիտանական ամենագնացի վերջին և, հավանաբար, ամենապահանջված պաշտոնական վերականգնված տարբերակը, որի գինը կազմում է £234,000։

Այս Soft Top-ը դարձավ առաջինը Land Rover շարքում այն բանից հետո, երբ բնօրինակ մոդելը դուրս եկավ արտադրությունից 2016 թվականին։ Ինչպես նախկինում, այս տարբերակը նույնպես հիմնված է կարճաքարշակ Defender 90 մոդելի վրա։

Որպես վերականգնված մոդել, Land Rover Defender Classic-ը արտաքնապես նույն դասական Defender-ն է, սակայն ներքուստ ներառում է «անզեն աչքի համար ոչ տեսանելի» բազմաթիվ փոփոխություններ։

Դրանք ներառում են հին՝ 2.2 լիտրանոց դիզելային շարժիչի փոխարինումը 5.0 լիտրանոց բենզինային V8 շարժիչով, որը երեք անգամ ավելի հզոր է և զարգացնում է 400 ձիաուժ և 515 Նյուտոն-մետր ոլորման մոմենտ, ինչը թույլ է տալիս արագանալ մինչև 100կմ/ժամ ընդամենը 5.6 վայրկյանում։ Այն համալրված է ZF 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփով և լիաքարշակ համակարգով։

Land Rover ընկերությունն արդիականացրել է նաև արգելակման և կախոցային համակարգերը՝ տեղադրելով բրիտանական Alcon ընկերության չորս մխոցներով արգելակային սուպորտներ՝ 335 մմ առջևի և 300 մմ հետևի սկավառակներով։ Տեղադրվել են նաև Bilstein ամորտիզատորներ և վերանախագծված զսպանակներ։

Բացի այդ, Land Rover-ը տեղադրել է հատուկ նախագծված տանիքի շրջանակ, որը նախատեսված է հենց Classic V8 Soft Top մոդելի համար՝ ոգեշնչվելով Հյուսիսային Ամերիկայում վաճառվող տարբերակներից։ Ավելացվել են նաև լրացուցիչ ամրակետեր՝ ապահովելու համար տեքստիլ տանիքի վստահելի ամրացումը բարձր արագության ժամանակ, հատկապես ավտոմայրուղու վրա վարելիս։

Վերականգնված Defender Classic-ի գնորդներն ունեն նաև հնարավորություն անհատականացնել դասական մեքենան ըստ իրենց ոճի և նախասիրությունների։ Այդ նպատակով Land Rover Classic-ը առաջարկում է անհատական պատվերի ծառայություն՝ խոստանալով «գրեթե անվերջ» տարբերակներ Soft Top-ի անհատականացման համար։

Կարելի է ընտրել 49 տարբեր գույներ, կամ պատվիրել ցանկում չներառված յուրահատուկ գույն։ Տեքստիլ տանիքի համար հասանելի են չորս գունային տարբերակներ, և այն կարելի է հեշտությամբ հանել և ծալել՝ բաց երկնքի տակ վարելու հաճույքի համար։ Բացի այդ, առաջարկվում է նաև փոքր «բիկինի» ոճի տանիք, որը նույնպես հասանելի է մի քանի գույներով։

Լրացուցիչ կարելի է ընտրել 16-դյույմանոց Wolf կամ 18-դյույմանոց Sawtooth անվասկավառակներ, ինչպես նաև փոփոխել ռադիատորի ցանցը կամ դռան բռնակները։ Կաշվե ներքին հարդարման համար հասանելի են հինգ մոնոխրոմ և ութ երկգույն տարբերակներ, ինչպես նաև մի շարք ավելի արտասովոր լուծումներ՝ ինչպիսիք են ներկառուցված գինու սառնարանը կամ սերֆինգի համար հատուկ ամրակը։