Ներկայացվել է «Clarkson’s Farm» շոուի 4-րդ սեզոնի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)

Clarkson’s Farm շոուն վերադառնում է Prime Video հարթակ՝ 4-րդ սեզոնով, որի պրեմիերան կկայանա 2025 թվականի մայիսի 23-ին, իսկ մնացած դրվագները կհրապարակվեն հաջորդ երկու շաբաթների ընթացքում։

Ինչպես երևում է նոր սեզոնի թրեյլերից (որը կարող եք դիտել ստորև), Ջերեմի Քլարքսոնը և նրա թիմը՝ Քալեբ Քուփերը, Լիզա Հոգանը և Չառլի Այրլենդը, բախվում են նոր մարտահրավերների, ձեռնարկում են հավակնոտ նախագծեր և ապրում զվարճալի պահեր Diddly Squat ֆերմայում։

Թիզերում երևում է, որ Ջերեմին որոշում է գնել փաբ, և կա նաև կարճ տեսարան իր գործընկեր Ռիչարդ Համոնդի մասնակցությամբ։

Ինչպես վկայում է թրեյլերը, մեզ կրկին սպասվում են հրաշալի էպիզոդներ, համեմված Քլարքսոնի անկրկնելի հումորով, զվարճալի դրվագներով և գլոստերշիրյան Քոթսուոլդի չքնաղ բնության տեսարաններով։ Իսկ Ռիչարդ Համոնդի, թեկուզ կարճատև, ներկայությունը էլ ավելի մեծ նշանակություն է հաղորդելու սերիալին։

Ի դեպ, ամբողջ թափով ընթանում են նաև Clarkson’s Farm շոուի 5-րդ սեզոնի նկարահանումները։

Ջերեմի Քլարքսոնը աշխարհի ամենառեյթինգային ավտոլրագրողն է, Top Gear և The Grand Tour հռչակավոր հեռուստաշոուների վարողներից մեկը։ Քլարքսոնը հայտնի է ինչպես իր անզուգական հումորով և խարիզմայով, այնպես էլ սկանդալային վարքով, որի պատճառով հաճախ հայտնվել է բարդ իրավիճակներում։ Automotive.am-ը առաջիկայում կներկայացնի առանձին ծավալուն նյութ Ջերեմի Քլարքսոնի մասին։