Միլիարդատեր Ջեֆ Բեզոսը պատրաստում է խորհրդավոր պիկապ. առաջին լուսանկարը

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կարող է մարտահրավեր նետել և լուրջ մրցակից դառնալ Իլոն Մասկին և Tesla-ին։

Reddit-ի օգտատերը կիսվել է Լոս Անջելեսի արվարձաններում նկատված անհայտ բեռնատարի լուսանկարով։ Ականատեսը պատմել է, որ վստահ է մեքենայի էլեկտրական լինելու մեջ. քանի որ պիկապը էվակուատորից իջեցնելու ժամանակ շարժիչի ձայներ չեն լսվել։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ խորհրդավոր էլեկտրամեքենան Slate Auto ստարտափի առաջին մոդելն է, որը ֆինանսավորվում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կողմից։

Լուսանկարում պատկերված պիկապը Slate Auto ստարտափի նախատիպն է՝ նախատեսված հնարավոր ներդրողների համար։ Amazon-ի հիմնադիրի նպատակները բավական ամբիցիոզ են. նախնական տվյալներով՝ շեշտը դրվելու է մատչելի էլեկտրական բեռնատարի վրա, որի արժեքը կկազմի մոտ 25 հազար դոլար։ Նման ցածր գնի չի հաջողվել հասնել ո՛չ Իլոն Մասկին, ո՛չ Ford-ին, ո՛չ էլ General Motors-ին։ Նրանց էլեկտրամեքենաները զգալիորեն ավելի թանկ են։

Լուսանկարում երևացող բեռնատարը զուրկ է դիզայներական շքեղ տարրերից։ Նրա առջևի մասը որոշ չափով հիշեցնում է Rivian-ի առաքման ֆուրգոնները, որոնք նախատեսված էին Amazon-ի համար։ Ընդհանուր առմամբ, թափքը այնպիսի տեսք ունի, կարծես ստեղծողները ոգեշնչվել են Ford Bronco Sport-ից։ Լիցքավորման բացվածքը գտնվում է հետևի լուսարձակների մոտ, առջևում՝ փակ ամբողջական ցանց, չներկված պլաստիկ երիզներ ամբողջ թափքին ու փոքր բեռնատար հարթակ։ Պիկապը առանձնապես աչքի ընկնող նշաններ չունի։

Ջեֆ Բեզոսի կարողությունը կազմում է 202 միլիարդ դոլար, ուստի Amazon-ի հիմնադիրը կարող է իրեն թույլ տալ փորձել ուժերը ավտոմոբիլային բիզնեսում։ Նախնական տվյալներով՝ արտադրությունը նախատեսվում է սկսել 2026 թվականին, այնպես որ պաշտոնական ներկայացմանը հնարավոր է մնացել են հաշված շաբաթներ։