Ամիսներ առաջ Apple ընկերությունը հայտարարեց սեփական ավտոմեքենայի նախագծից հրաժարվելու մասին, մինչդեռ չինական Xiaomi-ն հերթական հաջողված հեռախոսի փոխարեն ներկայացրեց սեփական… ավտոմեքենան։ Թեև այն դժվար թե դառնա լուրջ մրցակից Tesla-ի համար, սակայն Xiaomi-ի այս քայլը կարելի է համարել հայտ նոր սեգմենտում իրավունքների համար և փորձ՝ «էլեկտրոմեքենաների շուկայական տորթից» իր բաժինը ձեռք բերելու։ Սակայն, որքան էլ զարմանալի թվա, անցյալում նման դեպքեր արդեն եղել են և ոչ մեկ անգամ։ Այսօր մենք կվերհիշենք նմանատիպ հայտնի (և ոչ այնքան) օրինակներ այնպիսի ընկերությունների կողմից, որոնց հիմնական գործունեությունը շատ հեռու էր ավտոմեքենաների արտադրությունից, բայց որոնք, այնուամենայնիվ, փորձեցին իրենց ուժերը այդ ոլորտում, հաջողությամբ կամ առանց դրա։
Խփված օդաչուն․ Messerschmitt
Իր պատմությունը «Մեսսերշմիտ» ընկերությունը սկսեց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջնաշրջանում, երբ 1923 թվականին Մյունխենի Բարձր տեխնիկական դպրոցի երիտասարդ շրջանավարտ Վիլլի Մեսսերշմիտը Բավարիայի Բամբերգ քաղաքում հիմնեց «Flugzeugbau Messerschmitt» անունով ընկերություն, որը զբաղվում էր պլաներների, սպորտային ինքնաթիռների և միաթև ինքնաթիռների արտադրությամբ։ Առաջին մետաղական ինքնաթիռը նա կառուցեց 1926 թվականին՝ վերակազմակերպելով ընկերությունը «Messerschmitt Flugzeugbau GmbH» ձեռնարկության։
Հետագայում, միավորվելով «Bayerische Flugzeugwerke» ավիաշինական ընկերության հետ և ստանալով անձամբ Ռուդոլֆ Հեսի աջակցությունը, նա ձեռք բերեց բազմաթիվ պետական պատվերներ, ընդլայնեց փորձարարական արտադրությունը և մեծացրեց կոնստրուկտորական բյուրոյի կազմը։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին ընկերության 33 000 աշխատակիցներ արտադրում էին ռմբակոծիչներ և ռեակտիվ կործանիչներ գերմանական Լյուֆթվաֆֆեի համար։ Պատերազմից հետո Վիլլի Մեսսերշմիտը, բնականաբար, այլևս չէր կարող զբաղվել ռազմական ինքնաթիռների արտադրությամբ։ Ընկերությանը արգելվեց արտադրել թռչող սարքեր, և այդ գործունեությունը չվերականգնվեց մինչև 1956 թվականը։
Արդյունքում ձեռնարկությունը ստիպված էր անցնել ժողովրդական սպառման ապրանքների արտադրության։ 1952 թվականին նախկին ավիացիոն ինժեներ Ֆրից Ֆենդը դիմեց Մեսսերշմիտին՝ առաջարկելով Fend Flitzer մոտոսայլակի հիման վրա կառուցել նոր, պարզ և մատչելի տրանսպորտային միջոց։ Այդպես էլ ստեղծվեց հայտնի Kabinenroller KR175 մոդելը, որը հետագայում կատարելագործվեց և դարձավ KR200։
Այս մեքենաները գուցե հիմա ծիծաղելի թվան, բայց ժամանակին դրանք իսկական փրկություն էին Գերմանիայի համար



Այս մոտոսայլակների բնորոշ հատկանիշը թափանցիկ ծածկոցն էր և «ինքնաթիռային» նստելաձևը, երբ ուղևորը նստում էր վարորդի հետևում, այլ ոչ թե կողիքն։ Մոտոսայլակները կարծես իսկապես ինքնաթիռ լինեին, ուղղակի առանց թևերի։
Առաջին տարվա ընթացքում Kabinenroller-ը, որի գինը կազմում էր 2500 մարկ, վաճառվեց շուրջ 12 000 օրինակով, ինչը նման տիպի «մեքենաների» համար ռեկորդային ցուցանիշ էր։ Սակայն 1956 թվականին, երբ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը միացավ ՆԱՏՕ-ին, Վիլլի Մեսսերշմիտին կրկին թույլատրեցին ինքնաթիռներ արտադրել։ Այդպիսով նա կորցրեց հետաքրքրությունը Kabinenroller-ների նկատմամբ և շուտով նույնիսկ վաճառեց Ռեգենսբուրգի գործարանը Ֆրից Ֆենդին։
Վերջինս մի քանի տարի շարունակեց արտադրել KR200-ի մի քանի տարբերակներ (նույնիսկ՝ կաբրիոլետ և սպորտային ռոդստեր ձևաչափերով), սակայն Գերմանիայի տնտեսության աճի հետ նման տրանսպորտային միջոցների նկատմամբ հետաքրքրությունը նվազեց, և 1964 թվականին դրանց արտադրությունը լիովին դադարեցվեց։ Ընդհանուր առմամբ այդ տարիների ընթացքում արտադրվել էր մոտ 30 հազար KR200։
Kabinenroller KR200-ը






Տիեզերքից դեպի ավտոճանապարհ․ Matra
Չնայած ֆրանսիական Matra ընկերությունը, որն արտադրում էր ավիատիեզերական և հեռահաղորդակցության սարքավորումներ, հիմնադրվել է 1964 թվականին, նույնանուն ավտոմեքենաների պատմությունը սկսվում է դեռևս 1930-ականներին, երբ Ռենե Բոննեն և Շառլ Դոյչը հիմնեցին DB ընկերությունը, որն զբաղվում էր մրցարշավային և սպորտային ավտոմեքենաների արտադրությամբ։ Նրանք նույնիսկ ցանկանում էին մասնակցել «Ֆորմուլա-1»-ին երկմխոցային շարժիչով զինված բոլիդով։
60-ականների սկզբին Բոննեն Շառլին առաջարկեց անցնել Renault-ի շարժիչային համակարգերի օգտագործմանը, սակայն վերջինս հրաժարվեց։ Արդյունքում Բոննեն DB-ի հիմքի վրա ստեղծեց Automobiles Rene Bonnet ընկերությունը, որը սահմանափակ քանակությամբ արտադրում էր Le Mans մոդելի ֆիբերգլասե կաբրիոլետներ։
Բոննեի գործունեության գագաթնակետը դարձավ 1965 թվականին ներկայացված Djet սպորտային մեքենան, որի առանձնահատկություններից էին կենտրոնում տեղադրված շարժիչը, անկախ կախոցային համակարգերը և սկավառակային արգելակները։ Շարժիչները կամ սովորական Renault 8-ի շարժիչներ էին, 65–70 ձիաուժ հզորությամբ, կամ Ամադե Գորդինիի կողմից թյունինգի ենթարկված տարբերակներ։
Matra Djet սպորտային մեքենան


Իսկ այս մեքենայի ապակեպլաստիկե թափքը արտադրում էր հենց ավիատիեզերական հոլդինգային Matra ընկերությունը, որը 1965 թվականին ամբողջությամբ գնեց Բոննեի ձեռնարկությունը։ Հետագայում մեքենան մի փոքր արդիականացվեց և ստացավ նոր անվանում՝ Matra Bonnet Djet։
Երբ տիեզերքի առաջին նվաճող Յուրի Գագարինը տեսավ այս մեքենան ավիասրահում, նա չկարողացավ թաքցնել իր հիացմունքը։ Արդյունքում ֆրանսիացիները Matra Bonnet Djet-ի մեկ երկնագույն օրինակ նվիրեցին Գագարինին։
Յուրի Գագարինը իրեն նվիրած Matra Djet-ի հետ

Չնայած այն բանին, որ ընկերությունն ուներ սեփական մրցարշավային թիմ, որը մասնակցում էր «Ֆորմուլա-1»-ին և Լե Մանի մրցապայքարին, որտեղ երեք անգամ հաղթել էր, Djet-ը առանձնապես մեծ առևտրային հաջողություն չունեցավ։ Այնուամենայնիվ, մի քանի տարվա ընթացքում արտադրվեց մոտ հազար հինգ հարյուր օրինակ։
Այնուհետև սեփական ավտոմեքենա ստեղծելու ևս մի քանի փորձեր եղան, որոնց արդյունքում արտադրվեցին մի քիչ տարօրինակ Matra M 530 LX կուպեները (1970–1973), երեքտեղանի ֆասթբեք-կուպե Bagheera-ն (1974–1980) և կենտրոնական շարժիչով հեչբեք Murena-ն (1980–1983)։
Matra M530 LX կուպեն


Matra Murena կուպեն

Matra Bagheera կուպեն


Murena-ի և Bagheera-ի գլխավոր առանձնահատկությունը երեք նստարաններն էին առջևում, իսկ շարժիչը գտնվում էր անմիջապես նստարանների տակ


Բայց Matra-ի ավտոմոբիլային պատմությունը այսքանով չավարտվեց և ունեցավ շատ ավելի հետաքրքիր զարգացում։ 1977 թվականին հանրությանը ներկայացվեց Talbot Matra Rancho ավտոմեքենան։ Մեքենան առանձնապես ոչնչով աչքի չէր ընկնում, սակայն իր գաղափարով շատ գրավիչ էր, քանի որ նախատեսված էր զբոսաշրջիկների համար։ Մեքենայի Grand Raid տարբերակը ուներ ամենագնացի հնարավորություններ, դիֆերենցիալի բլոկավորման համակարգ և առջևի բամպերում տեղադրված ձգան, ինչպես նաև տանիքին տեղադրված պահուստային անիվ։
1985 թվականին այս ավտոմեքենան ևս ավարտեց իր կենսագրությունը, վերջնականապես փակելով Matra-ի «ավտոմոբիլային թեման»։
Talbot Matra Rancho-ն



Եվս երկու անվադող․ Yamaha
Շատերը գիտեն, որ Yamaha-ն գերազանց սպորտային մոտոցիկլետներ և ոչ պակաս հիանալի երաժշտական գործիքներ արտադրող ճապոնական ընկերություն է։ Իսկ ի՞նչ կասեք ավտոմեքենաների մասին։ Ավելի քան երեսուն տարի առաջ Yamaha-ն ստեղծեց յուրահատուկ մի բան․ սպորտային մեքենա, նախատեսված հանրային ճանապարհների համար, սակայն Formula-1-ի մրցարշավային մեքենայի շարժիչով։ Այդ ժամանակ ընկերությունն, իհարկե, զբաղվում էր F1-ի մրցարշավային մեքենաների շարժիչների նախագծմամբ ու արտադրությամբ, բայց որ V12 մրցարշավային շարժիչը կարելի է դնել սովորական ճանապարհային մեքենայի վրա, առաջինը մտածեցին ու փորձեցին հենց ճապոնացիները։
OX99-11 կոնցեպտը հիմնված էր Brabham BT60Y մրցարշավային մեքենայի վրա։ 3,5 լիտր ծավալով 560 ձիաուժ հզորությամբ շարժիչը նույնիսկ թուլացվել էր մինչև 400 ձիաուժ, սակայն դա չէր նվազեցրել մեքենայի ուժեղ մրցարշավային բնույթը և ծնկաձև լիսեռի՝ մինչև 10 000 պտույտ/րոպե հնարավորությունը։

Նախատիպը ստացավ գրավիչ տեսք և ավիացիոն կաբինայի լուսամուտ, իսկ վարորդի նստատեղը գտնվում էր ոչ թե ձախ կամ աջ կողմում, այլ հենց կենտրոնում։
Yamaha OX99-11 կոնցեպտը




Հետագայում ավելացվեց երկրորդ նստատեղը վարորդի հետևում, ինչպես հետպատերազմյան Մեսսերշմիտում։ 400 ձիաուժը ապահովում էր մեկ տոննա քաշով փորձնական մեքենայի հաշվարկային արագությունը մինչև 350 կմ/ժամ և 0–100 կմ/ժամ արագացում ընդամենը 3,2 վայրկյանում։
Ստեղծելով երեք օրինակ, Yamaha-ն նախատեսում էր անցնել փոքրաքանակ արտադրության, վաճառելով իրենց սուպերմեքենաները մոտ 800 000 դոլարով, բայց, դժբախտաբար, դա չիրականացավ։
Քսան տարի անց, 2008 թվականին, ճապոնացիները սկսեցին աշխատել Motiv.e նախագծի վրա, փոքր մասսայական ավտոմեքենա, որը կարող էր մրցակցել հայտնի Smart-ի հետ։ Մեկ տարի անց վերջապես սկսվեց մեքենայի արտադրությունը, երկու տարբերակով, բենզինային՝ 80 ձիաուժ հզորությամբ և էլեկտրական՝ 34 ձիաուժ հզորությամբ։ Yamaha-ի երեքմխոցանի շարժիչները չորսանիվ ավտոմեքենայի համար ապահովում էին բավականին լավ դինամիկա․ ընդամենը տասը վայրկյան մինչև 100 կմ/ժամ արագությունը։ Ցավոք, այս դեպքում ևս նախագիծը չհաջողվեց։
Yamaha Motiv.e


Որոշ ժամանակ անց Yamaha-ն նորից փորձեց զբաղվել չորսանիվ տրանսպորտային միջոցների արտադրությամբ՝ այս անգամ Sports Ride կոմպակտ սպորտային կուպեի տեսքով, որի քաշը ընդամենը 750 կգ էր։ Մեքենան պլանավորվում էր դնել սերիական արտադրության 2019 թվականից, մոտ 50 000 եվրո արժեքով։



Այնուհետ եղավ ևս մեկ փորձ՝ կուպե-կրոսովեր Cross Hub Concept-ի տեսքով, սակայն ի վերջո Yamaha ընկերությունը լիովին հրաժարվեց ավտոմեքենա արտադրելու գաղափարից և կենտրոնացավ այն ոլորտի վրա, որտեղ ավելի լավ և հստակ էր գործում։

Քիմիկոս-միլիարդատերի ռեցեպտով ստեղծված նոր «Land Rover Defender»-ը
Մի օր սըր Ջիմ Ռեթքլիֆֆը, ով միաժամանակ և՛ միլիարդատեր էր, և՛ Ineos քիմիական ընկերության ղեկավարը, միտք հղացավ ստեղծել մեքենա, որը կկարողանար փոխարինել իր սեփական Land Rover Defender-ին։ Գաղափարը ծագեց այն բանից հետո, երբ 2016 թվականին Սոլիհալլում դադարեցվեց այդ լեգենդար մեքենայի արտադրությունը։ Ռեթքլիֆֆը դիմեց Jaguar Land Rover-ին՝ խնդրելով օգնություն սեփական ուժերով նման մեքենա արտադրելու հարցում։ Իհարկե անգլիացիները հրաժարվեցին, և Ռեթքլիֆֆը որոշեց ինքնուրույն ստեղծել այդ մեքենան՝ սկսելով Projekt Grenadier նախագիծը։ Ի դեպ, դա Ռեթքլիֆֆի սիրելի փաբի անունն էր։
2019 թվականի մարտին Ineos Automotive-ը հայտարարեց, որ սկսում է համագործակցություն BMW-ի հետ և ներդրումներ է կատարում Ուելսի արտադրական ձեռնարկությունում, ինչպես նաև Պորտուգալիայի հավաքման գործարանում։ Ավելին, որպես ինժեներական գործընկեր հրավիրվեց այդ գործունեության մեջ մասնագիտացված ավստրիական Magna Steyr ընկերությունը։ 2020 թվականին արդեն ներկայացվեց նախատիպը, որը որոշակի պատկերացում էր ստեղծում մեքենայի արտաքին տեսքի մասին, ինչպես նաև հրապարակվեցին որոշ տեխնիկական մանրամասներ շասսիի վերաբերյալ։ Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ Ineos Automotive-ը բանակցություններ էր վարում Daimler AG-ի հետ՝ Ֆրանսիայում գտնվող Smart գործարանը գնելու շուրջ։
Ineos Grenadier-ը



Հիմա մի քիչ ավելի մանրամասն մեքենայի մասին։ Ո՛չ, Grenadier-ը ամենևին Land Rover-ի չինական ոճով պատրաստված վատ պատճենը չէ։ Ավելին, խոսքը գնում է լիարժեք կոնցեպտուալ ռեստոմոդի մասին․ Ռեթքլիֆֆը ցանկանում էր պահպանել բրիտանական լեգենդար ամենագնացի գաղափարն ու իդեոլոգիան՝ հնարավորության սահմաններում այն ավելի ժամանակակից դարձնելով։
Իրականում նման հնարք իրականացրել էր նաև Mercedes-ը իր G Classe-ի հետ, սակայն այս դեպքում «վերադարձ դեպի ապագա» մոտեցումը կատարել էր հենց ինքը՝ գերմանական արտադրողը։ Ineos-ը նույնպես պահպանեց Land Rover Defender-ի ճանաչելի դիզայնը, որը դարձավ մեկնարկային չափանիշ Ռեթքլիֆֆի համար։
Կապոտի տակ BMW-ի շարժիչներ են՝ 3,0 լիտր ծավալով 6-մխոցանի բենզինային B58 և 3,0 լիտր ծավալով 6-մխոցանի դիզել B57։ Երկուսն էլ աշխատում են միայն ZF-ի 8 աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ, իսկ Grenadier-ի համակարգը, ինչպես լինում է նման մեքենաների դեպքում, բացառապես մշտական լիաքարշակ է, ընդ որում նաև նվազեցվող փոխանցումով։ Մի խոսքով, իսկական ամենագնաց։
Հեղինակ՝ Վլադիմիր Հովհաննիսյան




