Infiniti-ի մոդելային շարքում QX65 ինդեքսով քրոսովերի հայտնվելու մասին առաջին անգամ հայտնի դարձավ դեռևս 2022 թվականին, երբ բրենդը գրանցեց համապատասխան անվանումը։ Պաշտոնապես այդ մոդելը ներկայացվեց 2023-ին։ Եվ ահա վերջապես, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնտերեյ քաղաքում անցկացվող ավտոմոբիլային փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Infiniti QX65-ի պրեմիերան։ Ճիշտ է, այս պահին այն դեռ «Monograph» ընտանիքին պատկանող կոնցեպտ է։ Այնուամենայնիվ, արտաքինով այն արդեն իսկ արտադրության համար պատրաստ մեքենա է հիշեցնում։ Բացի այդ, Infiniti-ում ակնարկեցին, որ սերիական տարբերակը կհայտնվի առաջիկա ամիսներին։
Մամուլի հաղորդագրության մեջ բազմիցս ընդգծվում է, որ QX65-ի դիզայնը ներշնչված է լեգենդար Infiniti FX մոդելից (իր արտադրական ուղու վերջում նաև հայտնի որպես QX70), որը համարվում է քրոս-կուպե սեգմենտի հիմնադիրը։ Իրականում, ներկայացված է Infiniti QX60 մոդելի կարճ տարբերակը, սակայն նորեկը, այնուամենայնիվ, ունի սեփական դիզայն։

Եթե եռաշարքային QX60-ը համալրված է սովորական լուսարձակներով և հետևի առանձին լույսերով, ապա QX65-ն ստացել է երկշերտ առաջնային օպտիկա, իսկ նրա հետին լույսերը ձևավորվել են որպես մեկ ամբողջական գիծ։ Հինգտեղանի քրոսովերը նաև ստացել է բնորոշ առջևի բամպեր և ռադիատորի քողարկիչ, որի վերին մասում տեղադրված են LED վահանակներ։ Եվ իհարկե, այն ունի նաև այլ բեռնախցիկի դուռ։ Infiniti QX65-ը կանգնած է 22-դյույմանոց սև սկավառակների վրա։ Իսկ ինտերիերը դեռևս չեն ցուցադրել։
Infiniti QX65-ի չափսերը դեռևս չեն հրապարակվել։ Ներկայումս ԱՄՆ շուկայի համար նախատեսված Infiniti QX60-ի երկարությունը կազմում է 5032 մմ, իսկ անվային բազան՝ 2900 մմ։ Գետնից բարձրությունը 173 մմ է։

Հինգտեղանի քրոսովերի տեխնիկական տվյալների մասին նույնպես առայժմ ոչինչ չեն հայտնել։ Ամենայն հավանականությամբ, ինչպես QX60-ը, այնպես էլ այս նոր մոդելը կառաջարկվի չորսմխոցանի 2.0 VC-Turbo բենզինային տուրբոշարժիչով (272 ձիաուժ) և իննաստիճան ավտոմատ փոխանցատուփով։ Ներկայումս Infiniti QX60-ի համար պահանջում են նվազագույնը 51 200 դոլար (առանց հարկերի և առաքման ծախսերի)։
Ի դեպ, երբ 2020 թվականին ներկայացվեց ավելի փոքր, կուպեաձև Infiniti QX55 քրոսովերը, ընկերությունն ակտիվորեն հղումներ էր անում նույն FX մոդելին։ Սակայն QX55–ը հիթ չդարձավ, իսկ նրա դոնոր QX50-ն էլ աստիճանաբար կորցրեց գնորդներին։ Այդ պատճառով այս մոդելային ընտանիքը, ինչպես սպասվում է, շուտով կհեռացվի արտադրությունից։ Մնում է տեսնել՝ արդյո՞ք QX65-ը կբավարարի բրենդի երկրպագուներին։


