Պարզվել է, թե քանի Lada ավտոմեքենա է վաճառվել ԽՍՀՄ փլուզումից ի վեր։ «Автостат» գործակալությունը համակարգել է ռուսական գլխավոր ավտոբրենդի վաճառքները՝ սկսած 1992 թվականից։ ԽՍՀՄ փլուզումից ի վեր վաճառվել է գրեթե 16 միլիոն Lada ավտոմեքենա։ Վիճակագրության մեջ չեն ներառվել Տոլյատիում արտադրված ВАЗ-1111 «Ока» փոքր չափի ավտոմեքենաները և GM-АвтоВАЗ համատեղ ձեռնարկության Chevrolet Niva ամենագնացները, իսկ թեթև առևտրային «Lada»-ները հաշվարկվել են։
ԱվտոՎԱԶ-ի նորագույն պատմության լավագույն տարին եղել է 2001 թվականը․ այդ տարի վաճառվել է 729 հազար Lada ավտոմեքենա։ Ամենավատը՝ 2022 թվականը՝ ընդամենը 182 հազար։ Բացի այդ, անհաջող են եղել նաև 2015 և 2016 թվականները՝ համապատասխանաբար 243 և 259 հազար վաճառքով։ Հետաքրքիր է, որ մինչև 2014 թվականը ԱվտոՎԱԶ-ը Ռուսաստանում կայուն կերպով վաճառում էր տարեկան 400-ից 700 հազար մեքենա (բացառությամբ 1992 և 2009 թվականների), սակայն դրանից հետո պահանջարկը զգալիորեն նվազեց։
Անցած տարի վաճառվել է 448 հազար Lada ավտոմեքենա, ինչը մոտավորապես համապատասխանում է 1990-ականների կեսերի մակարդակին։ Սակայն 2013 թվականից ի վեր սա լավագույն ցուցանիշն է․ 11 տարվա մեջ առաջին անգամ գործարանը գերազանցել է 400 հազարի սահմանը։ «Автостат»-ը հաշվարկել է նաև շրջանառության մեջ մնացած ВАЗ-2101 մոդելի ավտոմեքենաների քանակը։ ВАЗ 2101-ի 55-ամյակին պարզվել է, որ մինչ այժմ գրանցված են գրեթե 150 հազար սեդաններ։ Անսպասելիորեն ամենաշատը այդպիսի մեքենաներ հայտնաբերվել են Սիբիրում, ընդհանուր թվի գրեթե մեկ երրորդը։
Հայաստանում Lada մեքենաների ընդհանուր թվի և վաճառքի քանակի մասին տվյալներ առկա չեն, սակայն հայտնի է, որ 90-ականներին դրանք կազմում էին Հայաստանի ավտոպարկի ճնշող մեծամասնությունը որպես ԽՍՀՄ-ից մնացած ժառանգություն, իսկ նույն 90-ականներին և 2000-ականների սկզբին գնվող նոր ավտոմեքենաները կրկին հիմնականում Lada մակնիշի մեքենաներ էին։ Հետագա տարիներին, սակայն, հայ գնորդների նախընտրությունը կտրուկ փոխվեց դեպի «արտասահմանյան» ավտոմեքենաներ։