Honda-ն դեռ պատրաստ է «փրկել» Nissan-ը. բայց կա մի պայման։ Honda-ն կարող է վերսկսել միաձուլման բանակցությունները Nissan-ի հետ, բայց միայն այն դեպքում, եթե վերջինս փոխարինի իր գործադիր տնօրենին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Nissan-ի ներկայիս գործադիր տնօրեն Մակոտո Ուչիդան գործարքի կողմնակիցներից էր, սակայն վերջին տարիներին նրա հարաբերությունները Honda-ի ղեկավարության հետ զգալիորեն վատթարացել են:
Հաղորդվում է, որ Honda-ն դժգոհ էր Nissan-ի բարելավման ընթացքից։ Nissan-ը այդպես էլ չկարողացավ ապացուցել Honda-ին, որ առաջիկա տարիներին կարող է ընկերությունը դարձնել եկամտաբեր: Սրանից հետո Honda-ն Nissan-ին առաջարկել էր դառնալ դուստր ձեռնարկություն, ինչին վերջինս պատասխանել էր կտրուկ մերժումով։ Թոփ մենեջերները պաշտոնապես հաստատել էին բանակցությունների ավարտը։
Honda-ի գործադիր տնօրեն Տոշիհիրո Միբեն ասել է, որ «իրոք ցավում է, որ ամեն ինչ այսպես ավարտվեց»: Այնուամենայնիվ, Honda-ն պատրաստ է վերսկսել բանակցությունները, եթե Nissan-ն ունենա առաջնորդ, ով կարող է ավելի լավ հարցերը լուծել ներքին ընդդիմության հետ:
Nissan-ի ներկայիս գործադիր տնօրեն Մակոտո Ուչիդան ավելի վաղ ակնարկել էր, որ մտադիր է հեռանալ պաշտոնից մինչև 2026 թվականը։ Ըստ ինսայդերների, Nissan-ն արդեն սկսել է ոչ պաշտոնապես քննարկել Ուչիդայի հեռանալու ժամկետները: