Honda-ն և Nissan-ը քննարկում են միավորվելու հարցը

Honda և Nissan ընկերությունները քննարկում են կապերը խորացնելու հարցը, ներառյալ հնարավոր միավորումը, որը վկայում է, թե ինչպես է ճապոնական մի ժամանակ անհաղթելի թվացող ավտոարդյունաբերությունը վերափոխվում Tesla-ի և չինական մրցակիցների մարտահրավերների պատճառով։

Միավորված Honda-ն և Nissan-ը կստեղծեն 54 միլիարդ դոլար արժողությամբ ընկերություն՝ տարեկան 7.4 միլիոն մեքենաների արտադրությամբ, ինչը նրանց կդարձնի վաճառքի ծավալներով աշխարհի երրորդ խոշորագույն ավտոմոբիլային խումբը՝ Toyota և Volkswagen ընկերություններից հետո։

Այս գործարքն ավելի շատ կապված է Nissan-ի փրկության հետ, սակայն Honda-ն նույնպես խնդիրներ ունի։ Նախատեսվում է, որ Honda-ի կանխիկ հոսքերը կվատթարանան հաջորդ տարի, Honda-ի էլեկտրամեքենաների վաճառքները նույնպես հաջող չեն ընթանում։

Ավտոարտադրողները բախվում են լուրջ խնդիրների էլեկտրամեքենաներ արտադրող ընկերությունների կողմից, հատկապես Չինաստանում, որտեղ BYD-ն և այլ ընկերություններ առաջ են անցել։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես սպառնում է ծանր տուրքեր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ԱՄՆ ներմուծվվող մեքենաների վրա, ինչը լրացուցիչ ճնշում է ստեղծում ընկերությունների վրա։ Honda-ն և Nissan-ը երկուսն էլ Մեքսիկայում մեքենաներ են արտադրում՝ ԱՄՆ արտահանելու նպատակով։