GMC Hummer EV-ն դարձել է առավել մանևրող՝ շնորհիվ նոր «King Crab» ռեժիմի (ֆոտոշարք)

GMC բրենդը, որը պատկանում է ամերիկյան General Motors կոնցեռնին, իր ամբողջությամբ էլեկտրական Hummer EV պիկապը ներկայացրել է 2020 թվականի աշնանը։ Նրա հիման վրա ստեղծվել է GMC Hummer EV ամենագնացը, որի դեբյուտը տեղի է ունեցել 2021 թվականի գարնանը։ Մոդելների արտադրությունը կազմակերպված է Factory Zero գործարանում, որը գտնվում է Դեթրոյթում (Միչիգան նահանգ, ԱՄՆ)։ Այժմ ընկերությունը որոշել է փոքր-ինչ թարմացնել Hummer-ները։ Նորացված էլեկտրամեքենաները կթողարկվեն որպես 2026 մոդելային տարվա տարբերակներ։

GMC Hummer EV պիկապի և ամենագնացի հիմնական նորույթներից մեկը դարձավ Carbon Fiber անվանումով հատուկ տարբերակը։ Արտադրողը նշել է, որ «կարբոնե» ամենագնացները կթողարկվեն սահմանափակ քանակով, սակայն ընկերությունը դեռ չի հստակեցրել, թե քանի օրինակ է արտադրվելու։ Այս հատուկ տարբերակը հիմնված է ամենաբարձր՝ 3X կոմպլեկտացիայի վրա։

Ընկերությունը նշել է, որ GMC Hummer EV Carbon Fiber Edition «սուպերթրաքը» կարող է տեղից մինչև գրեթե 100 կմ/ժ (ավելի հստակ՝ 96.6 կմ/ժ) արագություն զարգացնել ընդամենը 2.8 վայրկյանում։ Ինչպես նախկինում հայտնել էր արտադրողը, նույն տեխնիկայով ստանդարտ պիկապը այդ արագացումը կատարում է «մոտ 3 վայրկյանում»։ Նույն տեխնիկական հագեցվածությամբ ամենագնացի դինամիկ ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ GMC-ն տեղեկություններ չի տրամադրել։

«Կարբոնե» հատուկ տարբերակը ստացել է թարմացված ապարատային կարգավորումներ և ծրագրային ապահովում, ինչպես նաև վերամշակված ուժային հանգույց և 24 մոդուլից բաղկացած քարշակի մարտկոց, որը սնուցում է էլեկտրաշարժիչները։ Երեք էլեկտրաշարժիչով համակարգի համակցված հզորությունը աճել է՝ ստանդարտ տարբերակի 1014 ձիաուժից հասնելով Carbon Fiber տարբերակի 1176 ձիաուժի։

Հատուկ տարբերակը մի շարք տեսողական առանձնահատկություններ ունի։ Այսպիսի պիկապն ու ամենագնացը համալրված են հատուկ ածխածնաթելից պատրաստված 22 դյույմանոց անվահեծերով (SUV տարբերակի համար առկա է նաև պահեստային անիվ), ամենագնացային անվադողերով, բամպերների պաշտպանիչ թիթեղների և արտաքին հայելիների կորպուսների վրա՝ ածխածնաթելային ներդիրներով։ Թափքը ներկված է մուգ մոխրագույն Magnus Grey երանգով, որն ընդգծվում է սեւ անվանումներով։

Ընդհանրապես, 2026 մոդելային տարվա GMC Hummer EV-ի համար արտադրողը նախատեսել է երկու նոր թափքի գույն՝ Coastal Dune և Auburn Matte, ինչպես նաև սրահի հարդարման երկու նոր գունային համադրություն՝ Granite Drift և Stealth Eclipse։ Ընկերությունն ընդգծել է, որ Super Cruise վարորդին օգնող համակարգը թարմացվել է, սակայն չի հստակեցրել, թե ինչ փոփոխություններ են արվել։

Թարմացված պիկապի և ամենագնացի ամենակարևոր փոփոխություններից մեկն է նաև King Crab ռեժիմի ավելացումը։ Ինչպես նշել են GMC-ում, այդ ռեժիմը զգալիորեն բարձրացրել է մոդելի կառավարելիությունը դժվարանցանելի տեղանքում (այդ էֆեկտը ձեռք է բերվում այ բանի հաշվին, որ հետևի անիվները շատ ավելի արագ են շրջվում, քան առջևինները)։ Այս ֆունկցիան կլինի ստանդարտ 2X և 3X կոմպլեկտացիաներով էլեկտրամեքենաների համար, և հասանելի կդառնա բոլոր ներկա Hummer EV պիկապների և ամենագնացների սեփականատերերին։

Թարմացված GMC Hummer EV պիկապն ու ամենագնացը ԱՄՆ-ում դիլերներին կհասնեն 2025 թվականի վերջում։ Գները ընկերությունը կհրապարակի վաճառքի մեկնարկին մոտ, հնարավոր է, ամռան վերջին։