GM-ը հետ է կանչել 721 հազար ավտոմեքենա շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով

«General Motors» ընկերությունը ամբողջ աշխարհում հետ է կանչել 721 հազար ամենագնաց և պիկապ ավտոմեքենաներ շարժիչների խնդիրների պատճառով, որոնք կարող են հանգեցնել հզորության կորստի և մեծացնել վթարի վտանգը։ Դրանցից մոտ 600 000 խնդիր ունեցող մեքենաները գտնվում են ԱՄՆ-ում։

Կոնցեռնում հայտնել են, որ շարժիչի բաղադրիչները՝ կցաձողն ու ծնկաձև լիսեռը, կարող են ունենալ արտադրական թերություններ, որոնք կարող են հանգեցնել շարժիչի խափանման։

Սպասարկման այս ծրագիրը կներառի 2021–2024 մոդելային տարիների Cadillac Escalade և Escalade ESV, ինչպես նաև Chevrolet Silverado 1500, Suburban և Tahoe, GMC Sierra 1500, Yukon և Yukon XL մոդելները, որոնք համալրված են 6.2 լիտր ծավալով V8 բենզինային շարժիչներով։

GM-ը ԱՄՆ-ում հայտնաբերել է 12 վթար և 12 վնասվածքներ, որոնք կարող են կապված լինել հետկանչի խնդիրների հետ։ Դիլերները կստուգեն շարժիչը, և անհրաժեշտության դեպքում այն կվերանորոգեն կամ կփոխարինեն։ Ստուգում անցած մեքենաների շարժիչներում կլցվի ավելի մածուցիկ յուղ։

Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) հունվարին սկսել է հետաքննություն՝ կապված GM-ի 877 710 ավտոմեքենաների շարժիչների հնարավոր անսարքությունների հետ, այդ թվում՝ V8 շարժիչներով մոդելների։ Դրանից հետո GM-ը նախաձեռնել է սեփական հետազոտությունը։

Ավելի վաղ GM-ը հայտարարել էր Cruise LLC նախագծի ֆինանսավորման դադարեցման մասին, որի շրջանակում մշակվում էր ինքնավար տրանսպորտ։ Վերջին ութ տարիների ընթացքում Cruise-ի զարգացման վրա ներդրվել էր 10 միլիարդ դոլար։