GM-ը ստեղծում է նոր ավտոմեքենաներ ամերիկյան շուկայի համար (ֆոտո)

Մի քանի ապրանքանիշեր ունեցող ամերիկյան General Motors կոնցեռնը ներկայում շարունակում է նոր մոդելների վրա աշխատանքները, սակայն առայժմ չի շտապում հրապարակել համապատասխան պաշտոնական ծրագրերը։ Սպասվում է, որ առաջիկա մոդելներից մեկը կլինի Cadillac CT5 սեդանի հաջորդ սերունդը, թեև ընկերությունը դեռևս չի հաստատել այդ նախագծի վրա աշխատանքի իրականացումը։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ ներկայիս մոդելի փոխարեն, որի արտադրությունը նախատեսվում է ավարտել 2026 թվականին, հետագայում կհայտնվի լիովին էլեկտրական նոր մոդել։ Սակայն, ինչպես հայտնի դարձավ անցած ամիս, Cadillac CT5-ը, այնուամենայնիվ, կունենա ուղիղ ժառանգորդ՝ ներքին այրման շարժիչով։

Նախնական տվյալներով՝ հաջորդ սերնդի սեդանի արտադրությունը կկազմակերպվի GM կոնցեռնին պատկանող Լենսինգ-Գրանդ-Ռիվեր գործարանում (գտնվում է ԱՄՆ Միչիգան նահանգում)։ Նշվում է, որ Cadillac CT5-ի ժառանգորդը կվաճառվի ԱՄՆ-ում և Կանադայում։

GM Authority-ի տվյալներով նոր ետնաքարշ Cadillac CT5 սեդանը կստեղծվի Alpha 2-2 հարթակի հիման վրա, որը ներկայիս Alpha շասսիի զարգացած տարբերակն է։ Այս հարթակի վրա են կառուցված ներկայիս Cadillac CT4 և CT5 մոդելները, ինչպես նաև վեցերորդ սերնդի Chevrolet Camaro-ն։ Ըստ աղբյուրի՝ GM-ը ներկայումս աշխատում է նաև մեկ այլ նոր ետնաքարշ մարդատար ավտոմեքենայի նախագծման վրա, որը նույնպես կօգտագործի Alpha 2-2 հարթակը։

Այս պահին դեռ տեղեկություններ չկան, թե ինչպիսի լոգո, անվանում կամ նույնիսկ թափքի տեսակ կունենա GM-ի հնարավոր նոր մոդելը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ներկայիս Cadillac CT4 սեդանի արտադրությունը կավարտվի հաջորդ տարվա հունիսին, իսկ արտասահմանյան լրատվամիջոցները ենթադրել էին, որ նոր մարդատար մեքենայի դերը կարող է վերապահվել հենց այդ մոդելի ժառանգորդին։

Նորույթի դերում տեսականորեն կարող է հանդես գալ նաև պրեմիում դասի կուպե կամ կաբրիոլետ, որոնք, ենթադրաբար, կարող են ստեղծվել 2024 թվականի ամռանը ներկայացված Cadillac Expressive Coupe կոնցեպտի մոտիվներով։ Եթե այդ նախագծին տրվի «կանաչ լույս», ապա մոդելը, հավանաբար, կարտադրվի սահմանափակ քանակությամբ։

Չի բացառվում, որ երկրորդ նոր մոդելը լինի չորսդռնանի սեդան (կամ հնգդռնանի հեթչբեք) Chevrolet Camaro–ն։ Կարելի է ենթադրել, որ նման մեքենան ԱՄՆ շուկայում կկարողանա մրցել համեմատաբար վերջերս վաճառքում հայտնված Dodge Charger-ի հետ։ GM-ի նոր մոդելների վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։