Էլեկտրական մեքենաները և հիբրիդները սկսել են ավելի ակտիվորեն վաճառվել ամբողջ աշխարհում։ 2025 թվականի անցած յոթ ամիսների արդյունքներով էլեկտրոմեքենաների և լիցքավորվող հիբրիդների պահանջարկը աճել է 27 տոկոսով՝ համեմատած 2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ։ Հաշվարկը կատարել են RHO Motion ընկերության վերլուծաբանները։ Սակայն 2025 թվականի հուլիսին արձանագրվել է որոշակի նվազում, ինչը կապված է Չինաստանում վաճառքի ծավալների 13 տոկոս անկման հետ։ Հնարավոր է, պատճառը եղել է Չինաստանում ավտոարտադրողներին տրվող պետական սուբսիդիաների շուրջ սկանդալը, որոնք տրամադրվել էին այն ընկերություններին, որոնք իրականում դրա իրավունքը չունեին։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում աշխարհում վաճառվել է 10,7 միլիոն էլեկտրամեքենա։ Դրանց մեծ մասը՝ 6,5 միլիոն, իրացվել է Չինաստանում։ Չինաստանի շուկան տարվա ընթացքում աճել է 29 տոկոսով, սակայն Եվրոպան, նոր պետական խթանների շնորհիվ, ցուցադրել է ավելի տպավորիչ աճ՝ 30 տոկոս, հասնելով 2,3 միլիոն մեքենայի։
ԱՄՆ-ում նույնպես աճել է հետաքրքրությունը մարտկոցային մեքենաների նկատմամբ, բայց նվազագույն չափով, ընդամենը երկու տոկոսով, հասնելով մեկ միլիոն միավորի։ Մնացած երկրներում, որտեղ իրականացվել են հաշվարկներ, վաճառքները աճել են 42 տոկոսով։
Միայն 2025 թվականի հուլիս ամսին Չինաստանում վաճառվել է մոտ մեկ միլիոն էլեկտրոմեքենա և լիցքավորվող հիբրիդ։ Եվրոպայում աճը կազմել է 48 տոկոս՝ 390 հազար մեքենա, ԱՄՆ-ում՝ 10 տոկոս՝ 170 հազար, իսկ մյուս երկրներում՝ 55 տոկոս՝ ավելի քան 140 հազար միավոր։ Ընդհանուր առմամբ, մեկ ամսում աշխարհում վաճառվել է 1,6 միլիոն «կանաչ» ավտոմեքենա, ինչը 200 հազարով ավել է, քան 2024-ի հուլիսին։
Աշխարհի ամենամեծ ավտոշուկան՝ Չինաստանը, վերլուծաբանների կարծիքով, կրկին կմտնի աճի փուլ օգոստոսին, նոր պետական աջակցության միջոցների շնորհիվ, մինչդեռ ԱՄՆ-ում հարկային արտոնությունների կրճատումը կունենա հակառակ ազդեցություն։ RHO Motion–ի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ էլեկտրիֆիկացված տրանսպորտի պահանջարկը վստահաբար կշարունակի աճել՝ անկախ տարբեր տարածաշրջաններում նկատվող բարձրացումների և անկումների։