Չորսդռնանի Ford Mustang-ը սարերի հետևում չէ․ Ford-ը գրանցել է Mach 4 անունը

Ford Mustang-ի չորսդռնանի տարբերակի գաղափարը նույնքան հին է, որքան ինքը Mustang-ը, բայց մինչ այժմ դա երբեք չի իրականացվել։ Այնուամենայնիվ, այժմ շուկայում ստեղծվել են բոլոր նախապայմանները նման մեքենայի համար․ սպասում ենք Ford Mustang Mach 4-ին։

Նախքան 1964 թվականին առաջին սերնդի Mustang-ի դեբյուտը, որն արտադրվում էր երկդռնանի կուպե, կաբրիոլետ և ֆաստբեք տարբերակներով, Ford-ը 1963 թվականին պատրաստել էր չորսդռնանի տարբերակի՝ սեդանի նախատիպ, բայց այն չդրվեց արտադրության, քանի որ երկդռնանի տարբերակները արդեն իսկ շատ լավ էին վաճառվում։

Նախորդ տասնամյակում տարածվում էին լուրեր, որ Ford-ը պատրաստում է չորսդռնանի տարբերակ Mustang-ի վեցերորդ սերնդի հիման վրա, բայց այն նույնպես չդրվեց արտադրության, մասնավորապես այն պատճառով, որ ընկերությունը այն ժամանակ մշակում էր Mustang Mach-E հինգդռնանի էլեկտրական քրոսովերը և չէր ցանկանում թուլացնել լեգենդար պոնի-քարի իմիջը։ Շուկան Ford Mustang Mach-E-ին ընդունեց սառը, բայց ի վերջո քրոսովերը տեղավորվեց շուկայում և սկսեց լավ վաճառվել. անցած տարի ԱՄՆ-ում վաճառվել է 51,745 միավոր, ինչը 26.9%-ով ավելի է 2023 թվականի վաճառքների համեմատ։

Մինչ այդ բենզինային երկդռնանի Ford Mustang-ը, որն այժմ գտնվում է յոթերորդ սերնդում, կորցնում է դիրքերը. 2024 թվականին ԱՄՆ-ում վաճառվել է 44,003 միավոր, ինչը 9.5%-ով պակաս է 2023 թվականի վաճառքների համեմատ։ Mustang-ի ժողովրդականության նվազումը հատկապես զարմացնում է այն առումով, որ 2023 թվականին ավարտվել է Chevrolet Camaro-ի արտադրությունը և հետաձգվել է Dodge Charger-ի սերնդափոխությունը։
Ford-ի գլխավոր տնօրեն Ջիմ Ֆարլին դեռ անցյալ տարի գարնանը ակնարկել էր, որ Mustang-ը կարող է ստանալ սեդան տարբերակ, ինչը հետո դիզայներները պատկերեցին յոթերորդ սերնդի կուպեի հիման ստեղծված նկարներով։ Այս շաբաթ, ինչպես տեղեկացնում է Ford Authority ռեսուրսը, Ford ընկերությունը դիմել է USPTO (ԱՄՆ-ի Պատենտային ծառայություն)՝ Mach 4 անունը գրանցելու համար։ Հավանաբար այդ անունը կկրի առաջին չորսդռնանի Ford Mustang-ը։