Եվրոպան հրաժարվել է 2035 թվականից ամբողջությամբ էլեկտրական մեքենաների անցնելու պլաններից

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) ներկայացրել է եվրոպական ավտոմոբիլային արդյունաբերությանը աջակցելու լայնածավալ միջոցառումների փաթեթ, որի շրջանակում առաջարկվում է մեղմել ավտոարտադրողների համար սահմանված կլիմայական պահանջները և հրաժարվել 2035 թվականից ներքին այրման շարժիչով (ՆԱՇ) նոր ավտոմեքենաների վաճառքի լիակատար արգելքից։ CO₂ արտանետումները զրոյի հասցնելու պահանջի փոխարեն ծրագիրը նախատեսում է դրանց կրճատում, ասվում է ԵՀ նախաձեռնությունում, որը հրապարակվել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, Ստրասբուրգում։

Սկզբնապես նախատեսվում էր, որ 2035 թվականից ԵՄ-ում գրանցման իրավունք կունենան միայն այն ավտոմեքենաները, որոնք չեն արտանետում CO₂։ Փաստացի սա նշանակում էր լիակատար անցում էլեկտրամոբիլների։ Այժմ Եվրահանձնաժողովն առաջարկում է արտանետումների կրճատման պահանջը 100%-ից նվազեցնել մինչև 90%՝ 2021 թվականի մակարդակի համեմատ։ Մնացած 10%-ը արտադրողները կկարողանան փոխհատուցել այսպես կոչված «կանաչ» (ցածրածխածնային) պողպատի, սինթետիկ վառելիքի, ինչպես նաև ոչ սննդային հումքից ստացված կենսավառելիքի կիրառմամբ, օրինակ, գյուղատնտեսական թափոններից կամ օգտագործված խոհարարական յուղից։ Սա հնարավորություն կտա շուկայում պահպանել հիբրիդային մոդելները և նույնիսկ ՆԱՇ ունեցող որոշ ավտոմեքենաներ։

Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ինչպես նաև Գերմանիայի և Եվրոպայի խոշորագույն ավտոկոնցեռն Volkswagen-ը ողջունել են Եվրահանձնաժողովի առաջարկը։ Միևնույն ժամանակ Գերմանական ավտոմոբիլային արդյունաբերության միավորումը և Greenpeace կազմակերպությունը այն քննադատել են։ Քննադատությամբ հանդես է եկել նաև էլեկտրամոբիլներ արտադրող շվեդական Polestar ընկերության ղեկավար Միխայել Լոշելլերը, որի կարծիքով 100% զրոյական արտանետումների նպատակից հրաժարումը կխաթարի Եվրոպայի մրցունակությունը և ներդրումները «մաքուր» տրանսպորտում։

Դեռևս 2022 թվականին ԵՄ 27 երկրները հասել էին համաձայնության ներքին այրման շարժիչով նոր ավտոմեքենաների վաճառքի փաստացի արգելքի շուրջ՝ պայմանավորվելով դադարեցնել դրանց գրանցումը 2035 թվականից։ Նպատակը Եվրամիության՝ մինչև 2050 թվականը կլիմայական չեզոքության հասնելու ռազմավարության շրջանակում ավտոմոբիլային ոլորտի կողմից CO₂ արտանետումների բարձր մակարդակի նվազեցումն էր։ Սակայն վերջին տարիներին եվրոպական ավտոկոնցեռնները բախվում են մի շարք լուրջ խնդիրների՝ պայքարելով էլեկտրական շարժիչների անցման հետ կապված տեխնոլոգիական մարտահրավերների, ինչպես նաև ամերիկյան Tesla–ի և Չինաստանից եկող էլեկտրամոբիլների կտրուկ ուժեղացած մրցակցության դեմ։

Ներկայումս այս հարցում ԵՄ երկրների քաղաքական դիրքորոշումները կտրուկ տարբերվում են։ Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը և խոշոր ավտոարտադրողներ ունեցող այլ երկրներ պահանջում են ավելի մեծ ճկունություն՝ վկայակոչելով էներգիայի բարձր ծախսերը և սուբսիդավորվող չինական մոդելների հետ մրցակցությունը։ Իսկ Իսպանիան, Դանիան, Շվեդիան և Նիդերլանդները, հակառակը, պահանջում են պահպանել ավելի խիստ մոտեցում՝ նախազգուշացնելով, որ կանոնների մեղմացումը կդանդաղեցնի ներդրումները և կհանգեցնի էլեկտրամոբիլների պահանջարկի անկման, ինչը սպառնում է գործարանների փակմամբ և աշխատատեղերի կորստով։

Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը ուժի մեջ մտնելու համար պետք է հավանության արժանանա ԵՄ երկրների կառավարությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից։ Սակայն ԵՀ-ի, Եվրախորհրդարանի և ԵՄ Խորհրդի միջև հետագա բանակցությունները խոստանում են լինել բարդ, քանի որ բարեփոխումն ընդունելու համար անհրաժեշտ է եվրոպացի պատգամավորների մեծամասնության համաձայնությունը և առնվազն 15 երկրների աջակցությունը, որոնք ներկայացնում են ԵՄ բնակչության 65%-ը։ Փորձագետները զգուշացնում են, որ ցանկացած լրացուցիչ անորոշություն կարող է վնասել եվրոպական ավտոարդյունաբերությանը, որն արդեն իսկ բախվում է Չինաստանից եկող կոշտ մրցակցության հետ։