Ներկայացնում ենք
Հայաստանում էլեկտրամոբիլների հարկումն անարդար է իրականացվում․ այս համոզմանն են ոչ միայն էլեկտրական մեքենաների սեփականատերերը, այլեւ այս մասին են խոսում իրավական ակտերն ու իրավասու պետական մարմինների արձագանքները։
Ինչպե՞ս է որոշվում մեքենայի գույքահարկը
Ինչպես ներքին այրման շարժիչով մեքենաների, այնպես էլ էլեկտրամոբիլների սեփականատերերը վճարում են գույքահարկ։ Ըստ ՀՀ հարկային օրենսգրքի՝ փոխադրամիջոցների գույքահարկը փոխադրամիջոցների համար սահմանված կարգով ՀՀ համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Տրանսպորտային միջոցների համար հարկման բազան որոշվում է շարժիչի հզորությամբ։ Սովորական ներքին այրման շարժիչ ունեցող ավտոմեքենաների դեպքում այս մոտեցումը աշխատում է բավականին հստակ, քանի որ շարժիչի հզորությունը ֆիքսված է։ Սակայն էլեկտրական մեքենաների դեպքում առաջանում են խնդիրներ, որոնք կապված են հզորության չափման տարբեր չափորոշիչների հետ։
Փոխադրամիջոցների հարկման բազա է համարվում փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ [ներքին այրման (բենզինային) շարժիչի համար] կամ կիլովատ [էլեկտրամոբիլի])։ Ըստ հաշվարկման մեթոդի՝ մարդատար ավտոմեքենաների դեպքում յուրաքանչյուր ձիաուժի համար սահմանված է կոնկրետ դրույքաչափ (200 դրամից մինչեւ 500 դրամ՝ կախված հզորությունից), իսկ եթե տվյալը տրամադրված է կիլովատներով, ապա կիրառվում է 1.36 գործակիցը՝ ձիաուժի համարժեք ստանալու համար։
Այսինքն՝ հարկման բազան հստակ կապված է շարժիչի հզորության հետ՝ առանց շարժիչի տեսակի տարբերակման։ Թվում է՝ ամեն ինչ պարզ է, եւ անարդար հարկման դրսեւորում պիտի որ չլիներ։ Մինչդեռ եթե ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների դեպքում հզորությունը միարժեք է (օրինակ՝ 150 ձիաուժ), ապա էլեկտրական մեքենաների դեպքում հզորությունը միատեսակ չէ, այլ՝
– պիկային հզորություն․ սա շարժիչի կարճատեւ առավելագույն հզորությունն է, ասենք՝ արագ արագացման ժամանակ,
– 30-րոպեանոց առավելագույն հզորություն․ սա այն հզորությունն է, որը շարժիչը կարող է ապահովել 30 րոպե շարունակ՝ առանց վնասվելու։
Հենց այստեղ է թաքնված բուն խնդիրը․ բանն այն է, որ պիկային հզորությունը ավելի բարձր է, քան 30-րոպեանոց տեխնիկական հզորությունը, եւ Ներքին գործերի նախարարությունը, որն իրականացնում է մեքենաների հաշվառման/գրանցման վարչարարությունը, շարժիչի հզորությունը գրանցելիս հայեցողական մոտեցում է ցուցաբերում՝ գրանցելով պիկային հզորությունը, ինչը էլեկտրամոբիլների սեփականատերերի ուսերին ավելացնում է հարկային բեռը։
Շարունակությունը՝ Infocom.am–ում։