Ըստ ԱՄՆ Ճանապարհային անվտանգության ապահովագրական ինստիտուտի (IIHS) տվյալների՝ վերջին հինգ տարիների ընթացքում ամերիկյան ճանապարհներին մահացու ելքով վթարների թիվը բարձր է եղել՝ նախորդ 12 տարիների համեմատ, չնայած տարբեր անվտանգության համակարգերի ակտիվ ներդրմանը։ iSeeCars հետազոտական ընկերությունը, վերլուծելով Ազգային ճանապարհային անվտանգության վարչության (NHTSA) վիճակագրությունը, կազմել է ամենախնդրահարույց բրենդների և մոդելների վարկանիշը, որի առաջին տեղը զբաղեցրել է Tesla-ն։
Բրենդների համար միջին ցուցանիշը կազմում է 2.8 մահ մեկ միլիարդ մղոն վազքի համար, սակայն Tesla-ի ցուցանիշը հասնում է 5.6-ի, այսինքն՝ երկու անգամ ավելի բարձր։ Իլոն Մասկի ընկերությանը փոքր տարբերությամբ հետևում է Kia-ն (5.5)։ «Հակա-հնգյակի» մեջ հայտնվել են նաև Buick, (4.8), Dodge (4.4) և Hyundai (3.9) ընկերությունները։
Ամենավտանգավոր մոդելների շարքում վերլուծաբանները նշել են Hyundai Venue-ն (13.9 դեպք մեկ միլիարդ մղոնի համար), Chevrolet Corvette և Mitsubishi Mirage (յուրաքանչյուրը՝ 13.6), Porsche 911 և Honda CR-V Hybrid (յուրաքանչյուրը՝ 13.2)։ Բոլոր այս մոդելները գերազանցել են միջին ցուցանիշը ավելի քան չորս անգամ։ Tesla Model Y-ն, որը գլոբալ բեսթսելլեր է, զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ 10.6 դեպքով, իսկ ֆլագմանական Model S-ը՝ 21-րդ տեղը (5.8 դեպք)։
Փոքր և սուբկոմպակտ ավտոմեքենաներում մարդիկ ավելի հաճախ են մահանում (3.6 դեպք), քան միջին չափսի (2.5) և խոշոր (2.0) մեքենաներում։ Մեծ մեքենաները նույնպես ավելացնում են վտանգը, քանի որ բարձր կենտրոնը մեծացնում է շրջվելու ռիսկը։ Քրոսովերների և ամենագնացների շրջանում ամենավտանգավոր հնգյակը ներառում է Hyundai Venue, Honda CR-V Hybrid, Tesla Model Y, Buick Encore GX և Buick Envision մոդելները։ ԱՄՆ-ում հայտնի պիկապների շարքում են Nissan Frontier, Ford Ranger, Chevrolet Colorado, Toyota Tacoma և Jeep Gladiator-ը։
Ուսումնասիրությունը ներառել է 2018-2022 թվականների մոդելներ, որոնք մասնակցել են վթարների, որոնց հետևանքով մահացել է գոնե մեկ մարդ։
iSeeCars-ը հատկապես նշել է, որ այս ցանկում հայտնված մոդելները չունեն որևէ կառուցվածքային թերություն. դրանց մեծ մասը IIHS և NHTSA կազմակերպությունների թեստերում ստացել է բարձր գնահատականներ։ Այս իմաստով խնդիրը ավելի շատ կապված է վարորդների վարքագծի և կոնկրետ ճանապարհային իրավիճակների հետ։
See less