Չինաստանում 3,5 անգամ կրճատվել է Volkswagen-ի էլեկտրամեքենաների պահանջարկը։ 2025 թվականի առաջին ամիսը գերմանական բրենդը փակել է 171,9 հազար վաճառված մեքենայի արդյունքով, սակայն հիմնական եկամուտը գալիս է ներքին այրման շարժիչներով տարբերակներից։ Volkswagen-ի էլեկտրամեքենաները գնել են ընդամենը 4552 գնորդ, ինչը 71%-ով պակաս է 2024 թվականի արդյունքից (15 828 միավոր)։ Այսպիսով, «մարտկոցային» մեքենաների բաժինը նվազել է մինչև 2,6 տոկոս, թեև էլեկտրամեքենաների շուկան Չինաստանում աճում է։
Ամենահաջողված էլեկտրական Volkswagen-ը մնում է ID.3 մոդելը. այն Չինաստանում գնել են 2623 գնորդներ, ինչը, սակայն, երեք անգամ պակաս է 2024 թվականի արդյունքներից։ Երկրորդ տեղում է ID.4 X-ը (1020 գնորդ), իսկ երրորդում՝ նրա այլընտրանքային տարբերակը՝ ID.4 Crozz-ը (889 գնորդ)։ «Չորսերի» վաճառքները 2024 թվականի հունվարի համեմատ նվազել են 59-70 տոկոսով։ Նոր մոդելներն ընդհանրապես չեն աշխատել. օրինակ՝ ID.7 Vizzion սեդանը գնել է ընդամենը 9 գնորդ։
Volkswagen-ի դիլերները առաջարկում են զեղչեր, սակայն Չինաստանի մրցակցային շուկայում դա քիչ է օգնում։ Գերմանական բրենդի համար ամսական 4,5 հազար էլեկտրամեքենայի վաճառքը աղետալի արդյունք է, քանի որ սեգմենտի բեսթսելլեր Geely Xingyuan-ը հունվարին գնել են 28,1 հազար գնորդներ։ Համադրելի են նաև Tesla Model Y-ի ցուցանիշները (25,7 հազար վաճառված ավտոմեքենա)։ Volkswagen-ի հաջողությունները պայմանավորված են բենզինային սեդաններով՝ Sagitar, Passat և Lavida, որոնք մտնում են Չինաստանի շուկայի տասը բեսթսելլերների մեջ։
Չինացի փորձագետները կարծիք են հայտնել, որ Volkswagen-ը դարձել է իր արժեքների գերին. էլեկտրամեքենաների երիտասարդ գնորդներին չեն հետաքրքրում դինամիկան, կառավարելիությունը, հավաքման որակը և վարելու հարմարավետությունը։ Նրանց համար կարևոր են «թվայնացումը», ավտոմեքենայի և սմարթֆոնի հարմար միացումները, խելացի ավտոպիլոտը և ծրագրաշարի արագ թարմացումները։ Volkswagen-ը այս ամենից ոչինչ չի առաջարկում իր էլեկտրամեքենաներում։