BMW Group-ի 2024 ֆինանսական տարվա արդյունքները ցույց են տալիս, որ ընդհանուր եկամուտը կազմել է 10,971 միլիարդ եվրո, ինչը 35.8%-ով պակաս է 2023 ֆինանսական տարվա ցուցանիշից: Մաքուր շահույթը նվազել է 36.9%-ով՝ հասնելով 7,678 միլիարդ եվրոյի: Արտադրողը այս անկումը բացատրում է գիտահետազոտական աշխատանքների վրա մեծ ծախսերով (մեծ մասը ուղղվել է Neue Klasse-ի ապագա մոդելների մշակմանը), ինչպես նաև Չինաստանում վաճառքների զգալի նվազմամբ:
Ընդհանուր առմամբ, 2024-ին BMW Group-ը համաշխարհային շուկայում վաճառել է 2 450 854 ավտոմեքենա, ինչը 4%-ով պակաս է նախորդ տարվանից: Դրանցից 2 200 217-ը բավարական բրենդի ավտոմեքենաներ են (նվազում 2.3%-ով), Mini՝ 244 925 մեքենա (նվազում 17.1%-ով), իսկ Rolls-Royce-ը վաճառել է 5712 մեքենա (նվազում 5.3%-ով):

Միևնույն ժամանակ, նախորդ տարվա արդյունքներով արտադրողը կարողացել է զգալիորեն՝ 13.5%-ով, մեծացնել էլեկտրական մեքենաների (BEV) ընդհանուր վաճառքի ծավալը. «կանաչ» մոդելները ամբողջ աշխարհում վաճառվել են 426 536 միավորով (BMW Group-ի ընդհանուր վաճառքի 17.4%-ը): Միևնույն ժամանակ, Mini-ի վաճառված մեքենաներից մոտ յուրաքանչյուր չորրորդը էլեկտրական էր, իսկ Rolls-Royce-ի դեպքում՝ յուրաքանչյուր երրորդ վաճառված մեքենան էլեկտրական Spectre մոդելն է եղել։
Հնարավոր է, որ էլեկտրական մեքենաների վաճառքի աճը ստիպել է BMW-ին լավատեսությամբ լցվել ապագայի նկատմամբ, չնայած չինական շուկայում առկա խնդիրներին և մաքսատուրքերի աճին: Արտադրողի գնահատմամբ՝ 2025 թվականին BMW Group-ը կարող է ակնկալել մատակարարման որոշակի աճ ամբողջ աշխարհում։

2024 ֆինանսական տարվա արդյունքները մեկնաբանելու ընթացքում BMW-ի գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիպզեն հայտարարել է, որ արտադրողը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում շուկա հանել 40 նոր մոդելներ. խոսքը վերաբերում է ինչպես նոր մոդելներին, այնպես էլ ռեստայլինգային տարբերակներին։ Առնվազն երկու նոր մոդել արդեն հայտնի են՝ ամբողջությամբ էլեկտրական BMW 3-րդ սերիան և հաջորդ սերնդի iX3 քրոսովերը։ Հիշեցնենք, որ այս նորությունները կընդգրկվեն Neue Klasse ընտանիքում, որի վրա ընկերությունը միլիոնավոր եվրոներ է ծախսել։
Նշենք, որ «կանաչ» ընտանիքի առաջին մոդելը կլինի հենց նոր BMW iX3-ը։ Ընկերությունն արդեն հաստատել է, որ մեքենայի շնորհանդեսը կկայանա ընթացիկ տարվա աշնանը Մյունխենում կայանալիք ավտոսրահի շրջանակներում։ Ապագա նորույթի նախատիպերը հիմա գտնվում են ճանապարհային ամառային փորձարկումների վերջին փուլում, որոնք անցկացվում են Հարավային Աֆրիկայում։