Ինչո՞ւ Հայաստանում չկա ավտոմեքենաների լիզինգ, ինչպես ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում ավտոմեքենաների լիզինգի մասին շատերն են լսել։ Լիզինգային պայմանագիրը հնարավորություն է տալիս հետվերադարձի պայմանագրով ձեռք բերել բոլորովին նոր ավտոմեքենա՝ համեմատաբար թեթև ֆինանսական բեռով։ ԱՄՆ-ում սա ավտոմեքենա ձեռք բերելու տարածված և համընդհանուր մշակույթ է, այնինչ Հայաստանում դրա մասին դեռ միայն խոսում են և, ինչու չէ, նաև երազում։

Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում չկա ավտոմեքենայի լիզինգ։ Լիզինգի որոշ առաջարկներ Հայաստանի տարբեր առևտրային բանկերի կողմից կան, բայց դրանք այնքան քիչ են և ոչ տարածված, որ չեն կարող փոխել ընդհանուր պատկերը։

Նախ հակիրճ ներկայացնենք, թե ինչպես է աշխատում լիզինգը ԱՄՆ-ում։

ԱՄՆ-ում ավտոմեքենաների լիզինգը (leasing) իրենից ներկայացնում է վարձակալական պայմանագիր, որտեղ դուք վերցնում եք ավտոմեքենան սահմանված ժամանակով՝ առանց այն ամբողջությամբ գնելու։ Ավտոմեքենայի լիզինգի գործընթացը ներառում է մի քանի հիմնական քայլեր և պայմաններ.

– Լիզինգի պայմանագիրդուք համաձայնվում եք վճարել մեքենայի օգտագործման համար ամսական վճար՝ պայմանագրում նշված ժամանակահատվածում, որը սովորաբար կազմում է 2-ից 4 տարի:

– Ավտոմեքենայի արժեքԼիզինգի վճարը հաշվարկվում է մեքենայի նախնական արժեքի և այն արժեքի միջև տարբերության վրա, ինչպիսին կլինի մեքենայի արժեքը լիզինգի վերջում: Օրինակ, եթե մեքենան արժե $30,000, և պայմանագրի վերջում նրա արժեքը կլինի $15,000, ապա լիզինգի վճարը հիմնված կլինի $15,000-ի վրա:

– Ամսական վճարումներԱմսական վճարը կախված է մեքենայի արժեքից,  լիզինգի ժամկետից: Լիզինգի պայմանագիր կնքելիս հնարավոր է նաև վճարել նախնական ավանս,  որը նվազեցնում է ամսական վճարումները։

– Վերադարձ պայմանագրի վերջում․ Պայմանագրի ավարտից հետո դուք պետք է վերադարձնեք մեքենան լիզինգային ընկերությանը: Որոշ դեպքերում, հնարավոր է մեքենան գնել լիզինգի ավարտից հետո՝ վճարելով մնացորդային արժեքը։

ԱՄՆ-ում լիզինգային համակարգի առավելություններն են փոքր ամսական վճարները՝ համեմատած գնման վարկի հետ, յուրաքանչյուր 2-4 տարին մեկ նոր ավտոմեքենա վարելու հնարավորությունը: Այս դեպքում չկա պարտավորություն մեքենան գնելու:  ԱՄՆ-ում ավտոմեքենաների լիզինգը հարմար է նրանց համար, ովքեր սիրում են պարբերաբար նոր մեքենա վարել և չեն ցանկանում զբաղվել մեքենայի երկարատև սեփականության հարցերով:

Թերությունը, թերևս այն է, որ լիզինգի դեպքում անձը չի դառնում մեքենայի սեփականատեր, սակայն իրականում վիճելի հարց է, արդյոք դա իսկապես թերությո՞ւն է ։ Հայաստանում բնակվող հայերիս տեսանկյունից գուցե թերություն է, քանի որ մեզ մոտ մեքենան որպես սեփականություն ունենալը նաև որոշակի մշակույթ է, որը բխում է մեքենայի գերարժևորման ավանդույթից։ Ինչևէ, այս ամենը հասկանալու համար, պետք է նաև դիտարկել, թե ինչո՞ւ Հայաստանում չկա (կամ շատ քիչ է տարածված) ավտոմեքենայի լիզինգը։

Կան մի քանի գլխավոր պատճառներ

– Հայաստանում մարդիկ սովորաբար օգտվում են երկարաժամկետ վարկերից՝ ավտոմեքենա գնելու համար, քանի որ վարկավորման համակարգը ավելի զարգացած է։ Լիզինգը պահանջում է հատուկ ֆինանսական մոդելներ և հարթակներ, որոնք ամբողջությամբ չեն ներդրվել Հայաստանում։

– Մարդկանց նախասիրություններ և ավտոմշակույթ․ Հայաստանում ավանդաբար շատ մարդիկ նախընտրում են մեքենաներ գնել սեփականություն դարձնելու նպատակով, քան վարձակալել։ Դա կապված է մշակույթի և ֆինանսական սովորույթների հետ. մարդիկ հաճախ գերադասում են երկարաժամկետ ներդրում կատարել՝ իրենց անունով ավտոմեքենա ունենալու համար, այլ ոչ թե ժամանակավոր վարձակալել այն։

– Լիզինգի մշակույթ. ԱՄՆ-ում և այլ զարգացած երկրներում լիզինգը վաղուց է ձևավորվել որպես ավտոմեքենաների ձեռքբերման այլընտրանքային եղանակ։ Սակայն Հայաստանում այս մոդելը նոր է, և մարդիկ դեռ չեն վստահում կամ ծանոթ չեն դրա առավելություններին ու պայմաններին։ Լիզինգի մշակույթի բացակայությունը նույնպես դանդաղեցնում է դրա տարածումը։

– Ավտոշուկայի առանձնահատկությունները. Հայաստանում շատ հաճախ մարդիկ նախընտրում են երկրորդական շուկայից օգտագործված մեքենաներ գնել։ Լիզինգը հիմնականում տարածված է նոր ավտոմեքենաների դեպքում, իսկ օգտագործված մեքենաների շուկան ավելի պոպուլյար է Հայաստանում՝ ավելի ցածր գների պատճառով։ Քանի որ երկրորդական շուկան գերակայում է, նոր մեքենաների լիզինգի պահանջարկը փոքր է։

Չնայած այս հանգամանքներին, ավտոմեքենաների լիզինգի զարգացումը, այնուամենայնիվ, հնարավոր է նաև Հայաստանում, հատկապես եթե բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները ավելի շատ ուշադրություն դարձնեն այդ ոլորտին, իսկ բնակչությունը ավելի շատ տեղեկացվի լիզինգի առավելությունների մասին։

Պատրա՞ստ են արդյոք Հայաստանի քաղաքացիները լիզինգով ավտոմեքենա վարձակալել, եթե շահավետ առաջարկներ լինեն։ Այս մասին սոցիոլոգիական հետազոտություններ չկան, և պատասխանը ստանալու համար պետք է հիմնվել սեփական դիտարկումների և վերլուծությունների վրա։

Կա հայտնի տնտեսական կանոն, որ առաջարկն է ծնում պահանջարկ, և աշխույժ ու մշտական գովազդի դեպքում միանաշանակ հայտնվելու են լիզինգային պայմանագրով ավտոմեքենաներ ձեռքբերելու մեծ թվով ջատագովներ և ցանկացողներ։ Ի վերջո, բավական է միայն հիշել, որ տարիներ առաջ էլեկտրական մեքենա ունենալու միտքը անգամ շատերի մոտ միայն ժպիտ կամ քմծիծաղ էր առաջացնում, իսկ այսօր, հատկապես Երևանի փողոցներում, էլեկտրական մեքենան սովորական բան է։ Բենզին լցնելու խողովակի փոխարեն էլեկտրական մալուխով լիցքավորման դրած մեքենան այլևս ապագայից եկած ֆանտաստիկ պատկեր չէ, այլ սովորական մի բան, ինչպես սմարթֆոնը կամ wi-fi կապը։

Դրանում, անշուշտ, մեծ դեր է խաղացել ոչ միայն էլեկտրամեքենայի ավելի էժան շահագործումը (էլեկտրոէներգիան շատ ավելի էժան է, քան հեղուկ վառելիքը), այլ նաև Կառավարության կողմից էլեկտրոմեքենաների խրախուսման քաղաքականությունը (մաքսատուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատում և այլն)։ Ուստի նույն ավտոմեքենայի լիզինգի դեպքում պետական համապատասխան քաղաքականության, ֆինանսական կառույցների և բանկերի կողմից համապատասխսան մարքեթինգային արշավի և շահավետ առաջարկների դեպքում Հայաստանում նույնպես կձևավորվի և կզարգանա ավտոլիզինգի մշակույթն ու համակարգը։

Այս պահին այդ առաջարկը չկա, ինչի բացակայությունն էլ պայմանավորում է նաև համապատասխան պահանջարկի բացակայությունը։

Հեղինակ՝ Վլադիմիր Հովհաննիսյան