Audi ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է մեքենաների մատակարարումները ԱՄՆ՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ավտոմեքենաների վրա սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Այս մասին հայտնում է Der Spiegel հանդեսը։
Audi-ի ներկայացուցիչը երկուշաբթի օրը հաստատել է, որ համապատասխան նամակ է ուղարկվել դիլերներին։ Ապրիլի 2-ից հետո ԱՄՆ ներմուծված բոլոր մեքենաները չեն փոխանցվի դիլերներին։ Այս պահին ԱՄՆ-ի Audi-ի պահեստներում գտնվում է ավելի քան 37 000 ավտոմեքենա, որոնց վրա նոր մաքսատուրքերը չեն տարածվում, ուստի դրանք կարող են վաճառվել։ Audi-ն կոչ է արել մանրածախ վաճառողներին կենտրոնանալ իրենց պաշարների նվազեցման վրա։
Audi-ն սեփական արտադրական հզորություններ ԱՄՆ-ում չունի, այդ պատճառով ստիպված է արտահանել ավտոմեքենաները երկիր։ ԱՄՆ-ում սիրված Q5 մոդելը արտադրվում է Մեքսիկայում գտնվող Audi-ի գործարանում։
Audi-ի մայր ընկերությունը՝ Volkswagen-ը, նախորդ շաբաթ նույնպես նախազգուշացրել է ԱՄՆ-ի դիլերներին լրացուցիչ ծախսերի մասին։ Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ VW-ն ժամանակավորապես դադարեցրել է ավտոմեքենաների երկաթուղային տեղափոխումը Մեքսիկայից և նավահանգիստներից։ Գնային հարցում հստակություն կստեղծվի ապրիլի կեսերին։
Ապրիլի 3-ից ԱՄՆ ավտոմեքենաների ներմուծման վրա գործում է 25 տոկոսի մաքսատուրք՝ նախկին 2.5 տոկոսի վրա հավելյալ։ Մայիսից հավելավճար կսահմանվի նաև ավտոպահեստամասերի 150 կատեգորիաների վրա։ Պատժամիջոցները կանդրադառնան ԱՄՆ ավտոշուկայի 20 տոկոսի վրա։ Ավտոարտադրողների աճող թիվը վերանայում է իրենց պլանները՝ որոշ ընկերություններ առաջարկում են զեղչեր ամերիկացիներին, իսկ մյուսներն ստիպված են փակել արտադրությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադան ի պատասխան Թրամփի մաքսատուրքերին սառեցրել է Tesla-ի էլեկտրամոբիլների սուբսիդիաները։ Բրենդը այլևս չի դիտարկվի ապագա բոնուսային ծրագրերում մասնակցության համար։