Անգլիայում վաճառքի է հանվել աշխարհում միակ Aston Martin Cygnet-ը՝ V8 շարժիչով: Ավտոմեքենան կառուցվել է հատուկ պատվերով, Aston Martin-ի բացառիկ նախագծերի Q բաժնի կողմից 2018 թվականին, և մինչ այժմ մնում է եզակի ստեղծագործություն: Սովորական Cygnet-ների 1.3 լիտրանոց շարժիչի փոխարեն այստեղ տեղադրված է V8 Vantage S-ի շարժիչը:

4.7 լիտր ծավալով «ութնյակի» հզորությունը կազմում է 436 ձիաուժ և 490 Նմ ոլորող մոմենտ: Քարշուժը փոխանցվում է հետևի անիվներին 7-աստիճան «ռոբոտ» Sportshift II փոխանցման տուփի միջոցով, և քաղաքային ավտոմեքենան 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում ընդամենը 4.2 վայրկյանում: Սովորական Cygnet-ին, որը Toyota IQ-ի ավելի շքեղ տարբերակն էր, դրա համար պահանջվում էր 11.8 վայրկյան, քանի որ նրա 1.3 լիտրանոց շարժիչը ուներ ընդամենը 97 ձիաուժ և 123 Նմ: V8 Cygnet-ի առավելագույն արագությունը կազմում է 274 կմ/ժ:

Aston Martin-ում լրջորեն վերամշակել են Cygnet-ի թափքն ու շասսին, ավելացրել են երկարությունը մոտ 700 մմ-ով և տեղադրել անվտանգության պատյան: 1375 կգ զանգվածով մեքենայի հատուկ հզորությունը կազմում է 317 ձիաուժ մեկ տոննայի համար՝ համեմատելի Audi R8 Spyder-ի հետ: Հայտնի չէ, թե որքան է գնահատվել այս եզակի հեթչբեքը, սակայն սովորական Cygnet-ները միջինում արժեն մոտ 30,000 դոլար: