ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը, հատկապես ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների կամ պահեստամասերի համար, կարող է մի քանի ուղղությամբ ազդել ավտոմեքենաների երկրորդային շուկայի վրա, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ միջազգային շուկաներում, ներառյալ՝ Հայաստանը։ Դիտարկենք այդ ազդեցության հիմնական ուղղությունները։
ԱՄՆ-ում երկրորդային շուկայի վրա ազդեցությունը
Եթե ներմուծվող մեքենաների համար մաքսատուրքերը բարձրացվում են, ապա դրանց գները, բնականաբար, թանկանալու են։ Սա կարող է բերել նրան, որ գնորդները, մի կողմից սկսեն ավելի շատ հետաքրքրվել հենց ամերիկյան ավտոմեքենաներով (Ford, Chrysler, GMC, Chevrolet և այլն) և ԱՄՆ-ում արտադրվող մեքենաներով (մեքենաներ, որոնք ամերիկյան չեն, բայց արտադրվում են հենց ԱՄՆ-ում, Toyota, Honda, Kia, Nissan և այլն), իսկ մյուս կողմից երկրոդային շուկայի, այսինքն, օգտագործված ավտոմեքենաներով։

Եթե դա տեղի ունենա, ապա նոր մեքենաների նկատմամբ պահանջարկի որոշակի նվազման պատճառով աճելու է երկրորդային շուկայի օգտագործված մեքենաների նկատմամբ պահանջարկը։ Դա իր հերթին բերելու է երկրորդային շուկայում մեքենաների գների աճին։ Քանի որ մաքսատուրքը նաև ավտոպահեստամասերի վրա է տարածվում, սա իր հերթին կարող է բարդացնել և թանկացնել մեքենաների վերանորոգումը՝ դարձնելով որոշ մեքենաներ պակաս շահավետ շահագործման համար։
Հայաստանում մեքենաների գների վրա հնարավոր ազդեցությունը
Հայաստանում ավտոմեքենաների շուկան զգալիորեն կախված է ԱՄՆ-ից ներմուծվող օգտագործված մեքենաներից։ ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը, հետևաբար, մոտ ժամանակներում ուղղակիորեն ազդելու են Հայաստանում ավտոշուկայի վրա։
Հասկանալի է, որ եթե ԱՄՆ-ում, վերը նշված պատճառներով, օգտագործված մեքենաների գները թանկանան, ապա դրանք ավելի բարձր գնով կարտահանվեն դեպի Հայաստան։ Սա ուղղակիորեն ազդելու է հայ գնորդի վրա։ Ընդ որում, չի կարելի բացառել, որ մաքսատուրքերի ավելացումը և դրանից բխող լարվածության աճը ԱՄՆ-ի և այլ պետությունների միջև, ավելացնի նաև մեքենաների փոխադրման արժեքը, դանդաղեցնի ԱՄՆ-ից գնված մեքենաների մատակարարման ցիկլը։ Սա իր հերթին ևս կարող է թանկացնել Հայաստանում ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաների վերջնական գինը։
Այս ամենի հնարավոր հետևանքը կարող է լինել դեպի Հայաստան այլ շուկաներից ավտոմեքենաների ներմուծման ակտիվացումը։ Այս դեպքում ամենահավանական ուղղությունը Չինաստանն է, և վերջին տարիներին նկատելի է Հայաստանի ավտոպարկում չինական ավտոմեքենաների տեսակարար կշռի զգալի ավելացումը։ Քանի որ Չինաստանից ավտոմեքենաների ներմուծման պրակտիկան կա և ակտիվորեն աշխատում է, ապա ԱՄՆ-ից մեքենաների ներմուծման խնդիրների դեպքում Հայաստանը առաջացած վակուումը լրացնելու է Չինաստանից ավելի շատ ավտոմեքենաներ ներմուծելով։

Կհարմարվի արդյո՞ք հայ գնորդը այս փոփոխությանը և պատրաստ կլինի արդյո՞ք ԱՄՆ-ից ներմուծվող ամերիկյան, եվրոպական, ճապոնական և կորեական արտադրության մեքենաները փոխարինել չինական մեքենաներով։ Դա ժամանակը ցույց կտա։ Սակայն հայ գնորդների շրջանում արդեն իսկ նկատելի են փոփոխություններ մեքենաների նախընտրության հարցում։ Վերջին տարիներին Հայաստանում ավելի շատ գնորդներ են հակվում դեպի չինական ավտոմեքենաներ։ Հարմար առաջարկի դեպքում (միանգամայն նոր ավտոմեքենաներ շատ ավելի էժան գնով), պահանջարկը վաղ թե ուշ առաջանալու է։ Մեծ դեր է խաղում ոչ միայն էժան գինը, այլ նաև Չինաստանից ներմուծվող մեքենաների՝ հիմնականում էլեկտրական լինելը, որը ենթադրում է որոշակի զեղչեր, գնման արտոնություններ, էժան շահագործում և այլն։
Սա իր հերթին մոտ ժամանակներում կարող է տեսանելիորեն փոխել հայաստանյան ավտոշուկայի կառուցվածքը։
Եզրակացություն
Որպես եզրակացություն կարող ենք ասել, որ, այո՛, ԱՄՆ-ում մաքսատուրքերի բարձրացումը կարող է ազդել Հայաստանում ավտոմեքենաների երկրորդային շուկայի վրա, քանի որ դա բերելու է ԱՄՆ-ից ներմուծվող օգտագործված մեքենաների գների բարձրացմանը։ Որպես հետևանք, դա կարող է փոխել Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման հիմնական ուղղությունները, ավելացնել չինական մեքենաների նկատմամբ աճող հետաքրքրությունը և ի վերջո փոխել Հայաստանում ավտոշուկայի և ավտոպարկի կառուցվածքը։
Մեկ այլ հնարավոր տարբերակ է նաև ավտոներկրողների կողմից կրկին Ճապոնիայից օգտագործված մեքենաներ ներմուծելու հնարավոր փորձերը։ Հիշենք, որ տարիներ առաջ հայերի համար Ճապոնիան մեքենաներ ներմուծելու ամենացանկալի շուկան էր․ Ճապոնիայից ներմուծված օգտագործված մեքենաները (ոչ միայն ճապոնական, այլ նաև եվրոպական և ամերիկյան) համարվում էին ամենահուսալի և բարվոք վիճակում գտնվող մեքենաները։ Դրանք ունեին հսկայական պահանջարկ և հայ գնորդների կողմից ընկալվում էին որպես ամենաշահավետ գնումը։
Հեղինակ՝ Վլադիմիր Հովհաննիսյան