Accura–ի միակ սեդանը կհանվի արտադրությունից

Ճապոնական Acura բրենդը պաշտոնապես հայտարարել է TLX սեդանի արտադրության ավարտի մասին. մոդելը կհանվի արտադրությունից արդեն այս ամսվա ընթացքում։ Այդպիսով, ընկերության մոդելային շարքում կմնան միայն քրոսովերները և Integra լիֆթբեկը։ Սեդանից հրաժարվելը բացատրվում է չորսդռնանի մոդելի թույլ վաճառքներով։

Ընկերությունը հայտնել է, որ գնորդներն օրեցօր ավելի են կողմնորոշվում դեպի քրոսովերները, այդ իսկ պատճառով Acura-ի մոդելային շարքը լքում են ոչ միայն սովորական TLX սեդանը, այլև դրա լիաքարշակ սպորտային տարբերակը՝ Type S-ը։ Ներկայումս այս մոդելը հագեցած է կամ երկլիտրանոց չորսմխոցանի 272 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կամ 3,0 լիտրանոց V6 շարժիչով, որն ապահովում է մինչև 355 ձիաուժ։ ԱՄՆ-ում TLX-ի գները սկսվում են 45,400 դոլարից։

Մոդելը հայտնվել է բրենդի կազմում դեռ 1995 թվականին որպես Acura TL։ Այս 30 տարվա ընթացքում սեդանը հասցրել է փոխել մի քանի սերունդ և վաճառվել է մոտ 1,2 միլիոն օրինակով։ Սակայն վաճառքները սկսեցին կայուն անկում ապրել 2021 թվականից, երբ իրացվեց 26,100 միավոր, իսկ 2024 թվականին՝ արդեն 7,500 միավորից պակաս։ Դատելով ընթացիկ տարվա դինամիկայից՝ 2025-ի արդյունքներով TLX-ը գրանցելու էր վաճառքների ավելի մեծ անկում։

Acura-ն նախատեսում է ընդլայնել իր մոդելային շարքը նոր ամենագնացների հաշվին։ Արդեն վաճառվում է նախորդ տարի ներկայացված փոքր ADX քրոսովերը, իսկ 2026 թվականին շուկա կմտնի նոր էլեկտրական քրոս-կուպեն՝ Acura RSX անվանումով։