Audi ընկերությունը, որը մայրական Volkswagen կոնցեռնի հետ միասին գտնվում է ճգնաժամի մեջ, հայտարարել է նոր կրճատումների ծրագրի մասին, որը կօգնի տարեկան տնտեսել մոտ մեկ միլիարդ եվրո անկայուն շուկայի պայմաններում: Միաժամանակ Audi-ն 8 միլիարդ եվրո կներդնի Գերմանիաի Ինգոլշտադտ և Նեկարզուլմ քաղաքներում գտնվող իր հիմնական գործարանների նորացման համար :
Նոյեմբերին արդեն հայտնի էր, որ Audi-ն պատրաստվում է նոր կրճատումներ կատարել, իսկ երեկ Գերմանական ընկերությունը պաշտոնապես հայտարարեց դրա մասին՝ օգտագործելով «սոցիալական պատասխանատվությամբ աշխատանքային ուժի ճշգրտում» կոռեկտ ձևակերպումը։ 2019 թվականից Audi-ն արդեն կրճատել է շուրջ 9500 աշխատակից՝ արտադրության ոլորտում, իսկ վերջին մեծ կորուստը եղավ Բրյուսելում գտնվող գործարանը, որը փակվեց 2023 թվականի փետրվարի 28-ին։ Նոր կրճատումները կվերաբերվեն 7500 աշխատակիցների և կշարունակվեն մինչև 2029 թվականը։ Դրանց մեծ մասը կազդի ոչ արտադրական աշխատակիցների՝ ադմինիստրատիվ և հեռավար աշխատողների վրա։
Միևնույն ժամանակ, Գերմանիայում արտադրության ոլորտի աշխատակիցներին Audi-ի ղեկավարությունը երաշխավորում է կրճատումներից պաշտպանություն մինչև 2033 թվականի վերջը։ Ինգոլշտադտում և Նեկարզուլմում գտնվող գլխամասային գործարանների զարգացումը նախատեսվում է իրականացնել 8 միլիարդ եվրո ներդրումներով՝ դրանց ճկունությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի կիրառմամբ։ Ինգոլշտադտի գործարանը, որն այժմ արտադրում է Audi Q2, A3, A4, A5 և Q6 e-tron մոդելները, առաջիկա տարիներին նախատեսում է արտադրել էլեկտրական մուտքային մոդել, որի մասին դեռևս մանրամասներ չկան։ Նեկարզուլմի գործարանը, որը արտադրում է Audi A4, A5 Cabriolet, A6, A7, A8 և e-tron GT ավտոմեքենաները, հավանաբար կստանա նոր մոդել, սակայն այս վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Իրավիճակը այնպիսին է, որ Audi-ն ներկայումս չի կարողանում մրցակցել BMW-ի և Mercedes-Benz-ի հետ, ուստի ընկերությունը աստիճանաբար կտեղափոխվի պրեմիում հատվածից լյուքս սեգմենտ, որտեղ յուրաքանչյուր վաճառված մեքենայից ավելի մեծ շահույթ է ստացվում, և կարիք չկա ձգտել մեծ քանակների։ Չինաստանում անցած տարի Audi-ն SAIC-ի հետ համատեղ թողարկել է էլեկտրամոբիլների ենթաբրենդ՝ AUDI առանց չորս օղակների, որի մոդելները լավագույնս համապատասխանում են չինական շուկայի պահանջներին և ավելի լավ կվաճառվեն, քան իսկական Audi-ի գլոբալ էլեկտրական մոդելները։

Այսօր Audi Group-ը, որի կազմում են Bentley, Lamborghini և Ducati բրենդները, հրապարակեց 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունը, որից պարզ է դառնում, որ ընկերության օպերատիվ շահույթը 2023-ի համեմատ նվազել է 37,85%-ով՝ հասնելով 3,903 միլիարդ եվրոյի, իսկ հարկից հետո շահույթը նվազել է 33,08%-ով՝ կազմելով 4,189 միլիարդ եվրո:
Ավելացնենք, որ 2024 թվականի վերջում Volkswagen ընկերությունը (չշփոթել համանուն կոնցեռնի հետ) հայտարարեց 35 000 աշխատակիցներ կրճատելու մտադրության մասին, իսկ 2025 թվականի փետրվարին Porsche-ը նախաձեռնել է կրճատումների երկրորդ ալիքը, որի արդյունքում ընդհանուր առմամբ աշխատանքը կկորցնեն 4900 մարդ։