Օրեր առաջ Գերմանիայում մահացավ Mercedes-Benz-ի լեգենդար դիզայներ Բրունո Սակկոն։
Mercedes-Benz-ը բազմաթիվ դիզայներներ է ունեցել և ունի, բայց Բրունո Սակկոյի անունը ոսկետառերով է գրված գերմանական պրեմիում դասի ավտորատադրողի պատմության մեջ, քանի որ Բրունո Սակկոյի նախագծած յուրաքանչյուր մոդելը հետագայում դարձել է լեգենդ, Mercedes-Benz-ի ամենահաջողված մոդելներից մեկը, մեքենա, որով Մերսեդեսը նվաճել է ողջ աշխարհը, կերտել է պատմություն և դարձել է անցյալ դարի 80-90-ականների համաշխարհային ավտոարտադրության դոմինանտ բրենդը, ոճի և տեխնոլոգիայի թելադրողը, որն այսօր գրեթե ամբողջությամբ զիջել է ճապոնական ավտոարտադրողներին։

Իհարկե Mercedes-Benz-ը մինչ Բրունոն էլ հայտնի է եղել որպես հուսալի, շքեղ, պրեմիում դասի մեքենաարտադրող, բայց Բրունոյի մոդելները Մերսեդեսին բարձրացրեցին հայտնիության բոլորովին նոր, աննախադեպ մակարդակի։ Մերսեդեսը դարձավ պրեմիում դասի մեքենաներ արտադորղ ընկերությունների մեջ բացարձակ առաջատար, որին հետևում, նախանձում և փորձում էին նմանակել բոլորը։
Շնորհիվ հենց Բրունո Սակկոյի նախագծած մոդելների է ողջ աշխարհում տարածվել “Կա մեքենա, կա լավ մեքենա և կա Մերսեդես” հայտնի խոսքը։ Շնորհիվ Բրունո Սակկոյի նախագծած մոդելների աշխարհում անվիճելի դարձավ այն պնդումը, որ եթե հաջողակ ես, ուրեմն պետք է Մերսեդես ունենաս։
80-90-ականները համաշխարհային ավտոարտադրության մեջ Բրունո Սակկոյի ժամանակներն էին, Բրունոյի մոդելները ջախջախում էին ցանկացած մրցակցություն։ Նրանք իրենց սեգմենտում ամբողջությամբ գրավեցին ավտոմեքենաները ագահորեն կլանող աշխարհի թիվ մեկ՝ ամերիկյան շուկան։ Mercedes-Benz-ը չէր հասցնում բավարարել պրեմիում մեքենաների ամերիկյան պահանջարկը։ 80-90-ականներին ամերիկյան աճող տնտեսությունը սպասարկող միջին և վերին մակարդակի գրեթե բոլոր մենեջերները գերմանական մեքենաների սեփականատերեր էին, որոնց թվում գերակշիռ տեղը զբաղացնում էր Մերսեդեսը Բրունո Սակոյի մոդելներով։
Իսկ հիմա թվեմ մի քանի հիմնական մոդելները, որոնք ստեղծվել են Բրունո Սակոյի դիզայնով և որոնց շնորհիվ Մերսեդեսը նվաճեց բոլոր ավտոսիրողների սրտերը ողջ աշխարհում։ Դրանք բոլորը որակի, հուսալիության, շքեղության և միևնույն ժամանակ էլեգանտության ու ազնվազարմության դրսևորումներ են, առանց բացառության։

Mercedes-Benz 190E, փոքրիկ բայց պատմության մեջ երբևէ եղած ամենահուսալի ավտոմեքենաներից մեկը։ Սերիական արտադրության դրվելուց առաջ մեքենայի անցած էքստրեմալ փորձարկումների մասին կարելի է մի առանձին ծավալուն նյութ հրապարակել։

Mercedes-Benz w126 – Մերսեդեսի պրեմիում դասի ավտոմեքենան, որը այդ սեգմենտում աշխարհը Մերսեդեսի առաջ խոնարհելու և բոլորին Մերսեդեսի մասին խոսեցնելու գլխավոր քայլերից մեկն էր։


Mercedes-Benz w124 – լեգենդ, ոչ թե մեքենա։ Այս մեքենայի մասին խոսքերն ուղղակի ավելորդ են։ Արտադրվել է 12 տարի, Մերսեդեսի ամենահուսալի մոդելներից մեկն է, իսկ մոդելի բարձրակետը Mercedes-Benz E500 մոդելն էր, որը Մերսեդեսի և Պորշեի համատեղ գլուխգործոցն էր և հայտնի էր “Գայլ” անվամբ, արագընթաց և միևնույն ժամանակ էլեգանտ ու շքեղ գիշատիչ, որն արտարդվել էր սահմանափակ քանակությամբ։ Mercedes-Benz w124-ի մասին Automotive.am-ում կա առանձին ծավալուն հրապարակում։

Mercedes-Benz w202 – Մերսեդեսի էկոնոմ դասի մեքենան, որը նույնպես շատ հայտնի է իր հուսալիությամբ, էլեգանտությամբ։

Եվ իհարկե Նորին Մեծություն Mercedes-Benz w140 մոդելը։ Սա 90-ականներին Մերսեդեսի կողմից աշխարհը վերջնականապես ծնկի բերելու և իրեն ենթարկեցնելու մեքենան էր։ Այս լեգենդար մոդելի առաջ խոնարհվեցին բոլոր ավտոարտադրողները։ Գերմանական մյուս ավտոարտադրողները համեստորեն ընդունեցին W140-ի առաջ իրենց պարտությունը, իսկ ամերիկյան ու ճապոնական ավտոարտադրողները փորձում էին իրենց պրեմիում դասում գոնե որոշակի նմանություն ստեղծել W140-ի հետ, որ գոնե վաճառքի որոշակի ծավալ ունենան։
W140-ը ոչ միայն դիզայնի, այլ նաև ինժեներական ու տեխնոլոգիական մեծագույն գլուխգործոցն էր, որի վրա կիրառվել էին ավտոաշխարհին մինչ այդ անհայտ բազմաթիվ նորություններ։ W140-ի շնորհիվ Mercedes-Benz-ի S class-ը (գերմաներեն Sonder classe-ի (հատուկ դաս) կրճատ անվանումը) դարձավ աշխարհում թանկարժեք, շքեղ ու տեխնոլոգիապես կատարյալ մեքենաների խոհրդանիշը ու այդպիսին մնում է առայսօր։
Սրանք էին Բրունո Սակկոյի սիրասուն զավակները, մարդու, ում գալուց առաջ Մերսեդեսը այլ էր, իսկ գնալուց հետո՝ բոլորովին այլ։
Հեղինակ՝ Վլադիմիր Հովհաննիսյան

Leave a Reply