Նոր Mercedes-Benz CLA․ խոշորացված թափք, երկու էլեկտրական և երեք ՆԱՇ տարբերակ (ֆոտոշարք)

Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է CLA-ի երրորդ սերնդի կուպեաձև սեդանը MMA հարթակի վրա: Ամռանը առաջին հերթին շուկա դուրս կգան էլեկտրական տարբերակները, իսկ տարվա վերջում կհայտնվեն հիբրիդային տարբերակները՝ նոր 1.5 լիտրանոց M252 բենզինային տուրբոշարժիչով:

Երրորդ սերնդի Mercedes-Benz CLA-ի նախատիպը դարձավ 2023 թվականի համանուն կոնցեպտը: Սերիական սեդանը շատ ավելի պարզ է տեսքով, քան կոնցեպտը, սակայն պահպանվել են լուսարձակներում փայլող եռաճյուղ աստղերը: Էլեկտրական տարբերակների առջևի կենտրոնական հատվածը նույնպես ծածկված է լուսարձակող աստղերով: Հիմնական սարքավորումներից է արևապաշտպան ծածկույթով պանորամային ապակյա տանիքը: Դռները առանց շրջանակի են և ունեն արտաքին շարժական բռնակներ: Էլեկտրական տարբերակների աէրոդինամիկ դիմադրության գործակիցը կազմում է 0.21:

Նոր Mercedes-Benz CLA-ի հիմքում ընկած է MMA (Mercedes-Benz Modular Architecture) մոդուլային հարթակը, որը մշակվել է Entry Luxury դասի կոմպակտ մեքենաների համար (այսպես է Mercedes-Benz-ը անվանում իր ամենամատչելի մոդելները): Նախորդ մոդելի համեմատ «երրորդ» CLA-ը դարձել է ավելի լայն ու բարձր՝ գերազանցելով չափսերով երրորդ սերնդի Mercedes-Benz C-կլասին (W204): Այժմ CLA-ը լիարժեք միջին դասի ավտոմոբիլ է։ Նոր CLA-ի ընդհանուր երկարությունը կազմում է 4723 մմ, լայնությունը՝ 1855 մմ, բարձրությունը՝ 1468 մմ, անվադողերի բազան՝ 2790 մմ: Առջևի կախոցը՝ McPherson տեսակի, հետևի կախոցը՝ անկախ բազմաճյուղ:

Նոր Mercedes-Benz CLA-ում առաջին անգամ ներկայացվել է MBUX Superscreen բարձր տեխնոլոգիական վահանակը, որը, ըստ էության, փոխարինել է մեքենայի ամբողջ կառավարման վահանակը կամ առնվազն դրա դիմային հատվածը: Կողային օդափոխիչները ներդրված են հենց այս վահանակի մեջ, իսկ կենտրոնականները իջեցվել են ներքև և ուղղվում են դեպի վարորդը: Միկրոկլիմայի առանձին կարգավորման բլոկ չկա, բոլոր կարգավորումները ներմուծված են MB.OS օպերացիոն համակարգում: Երաժշտության ձայնը կարգավորվում է ղեկի վրա տեղադրված սենսորային սլայդերներով։ Ընդհանուր առմամբ, էրգոնոմիկայում ակնհայտ խնդիրներ կան: Տրանսմիսիայի ռեժիմները կարգավորվում են ղեկի աջակողմյան հետնամասում տեղադրված ձեռքի լծակով:

Նոր Mercedes-Benz CLA-ում առջևի ուղևորի համար հասանելի է սեփական 14 դյույմ չափսի էկրանը, իսկ եթե այն բացակայում է, ապա պետք է գոհանալ լուսավորված աստղային նախշերով զարդարանքով։ Burmester մոդելի 850 վտ հզորությամբ բարձրակարգ աուդիո համակարգն ունի 16 բարձրախոս: Հիմնական սարքավորումներում ներառված է վարորդի էլեկտրոնային օգնականների հարուստ փաթեթը, բայց երկրորդ մակարդակի MB.Drive Assist Pro ավտոպիլոտն առաջարկվում է հավելավճարով:

Էլեկտրական տարբերակների հիմնական բեռնախցիկը ունի 405 լ ծավալ, իսկ առջևի լրացուցիչ բեռնախցիկը՝ 101 լ, և այն առկա է նույնիսկ երկու շարժիչով լիաքարշակ CLA-ում: Հիբրիդային տարբերակների առջևի բեռնախցիկը, բնականաբար, բացակայում է:

Այս պահին նոր Mercedes-Benz CLA-ի համար հայտարարվել է երկու էլեկտրական տարբերակ, երկուսն էլ ունեն 800-վոլտային էլեկտրական համակարգ և հագեցած են լիթիում-իոնային մարտկոցով՝ 85 կՎտ/ժամ ծավալով:

Նոր CLA-ի հիբրիդային տարբերակների տեխնիկական բնութագրերը դեռ չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ դրանք կլինեն երեքը․ երկուսը՝ առջևի քարշակով և մեկ լիաքարշակ տարբերակ։ Բոլոր հիբրիդային տարբերակները կունենան 48-վոլտային էլեկտրական համակարգ և համալրված կլինեն նոր 1,5 լիտրանոց չորսմխոցանի բենզինային տուրբոշարժիչով:

Նոր CLA-ը կարտադրվի Գերմանիայի Ռաշտաթե քաղաքի Mercedes-Benz-ի գործարանում , որտեղ այն կփոխարինի Mercedes-Benz A-կլասի սեդանին, որը չի ունենալու հաջորդող մոդել: Նախորդ CLA-ը արտադրվել էր Հունգարիայի Կեչկեմետ քաղաքում գտնվող գործարանում, սակայն այդ գործարանը ապագայում կկենտրոնանա MMA հարթակով այլ մոդելների արտադրության վրա, այդ թվում՝ Mercedes-Benz-ի նոր փոքր քրոսովերների: Mercedes-Benz CLA-ի երրորդ սերնդի չինական տարբերակը կարտադրվի Պեկինում՝ Beijing Benz համատեղ ձեռնարկությունում: