Nissan-ը պաշտոնապես GT-R-ին ուղարկեց վաստակած հանգստի (լուսանկարներ)

Ճապոնական ավտոարտադրողը դադարեցրել է ներկայիս սերնդի Nissan GT-R սպորտային ավտոմեքենայի պատվերների ընդունումը:

Nissan GT-R-ի ներկայիս սերնդի (R35 ինդեքսով) արտադրությունը Ճապոնիայում սկսվել է 2007 թվականի վերջում։ Ավտոմոդելի առաջին լուրջ թարմացումը կատարվել է 2016 թվականին, այնուհետեւ լրատվամիջոցներում սկսեցին հայտնվել տարբեր լուրեր հնարավոր հաջորդ մոդելի մասին, սակայն դրանցից ոչ մեկը ընկերության կողմից պաշտոնապես չհաստատվեց։ Մոդելի հերթական թարմացումն իրականացվեց 2023 թվականի սկզբին։ Իսկ հիմա ճապոնացիները պաշտոնապես հրաժեշտ են տալիս այս սպորտային մեքենային։

Nissan GT-R R35-ը շուկայում մնացել է 18 տարի, իսկ այժմ ընկերությունը, ի վերջո, որոշել է այն ուղարկել թոշակի։ Այսպես, փետրվարի 28-ին ապրանքանիշի պաշտոնական կայքում հայտնվեց հաղորդագրություն այն մասին, որ Ճապոնիայի դիլերները ստացել են բազմաթիվ պատվերներ սպորտային մեքենայի համար, և այժմ հայտերի ընդունումը ավարտված է։ Արտադրողը հրաժեշտ կտա մոդելին, թողարկելով և ուղարկելով բոլոր այն պատվերները, որոնք կատարվել են մինչ օրս։

«Մենք կցանկանայինք անկեղծ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հաճախորդներին՝ 2007 թվականից, մոդելի թողարկման պահից, նրանց ցուցաբերած աջակցության համար», – ասվում է Nissan-ի պաշտոնական կայքում։ Ավելի վաղ լրատվամիջոցները ենթադրել էին, որ 2025 թվականը կարող է դառնա ներկայիս GT-R-ի վերջին թողարկման տարին։ Այժմ այդ ենթադրությունները հաստատվեցին։

Որոշ շուկաներից այս մոդելը անհետացել է ավելի վաղ՝ անվտանգության նորմերին, աղմուկի, CO2 արտանետումների մակարդակին և այլ պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Այսպես, մատակարարումները Ավստրալիա և Նոր Զելանդիա ավարտվեցին 2021 թվականի հոկտեմբերին, իսկ Եվրոպայի երկրներ Nissan GT-R-ի վերջին օրինակները հասան 2022 թվականի մարտին։ Պետք է նշել, որ GT-R-ի արտադրությունը Հյուսիսային Ամերիկայի համար փաստացիորեն ավարտվել է 2024 թվականի հոկտեմբերին։

Ավտոմեքենան հագեցած է 3.8 լիտր ծավալով բիտուրբո V6 շարժիչով, որի հզորությունը ստանդարտ տարբերակում կազմում է 573 ձիաուժ, իսկ դրոշակակիր Nismo մոդելը ունի 608 ձիաուժ հզորություն։ Չնայած այն բանին, որ դիլերները այլևս չեն ընդունում սպորտային մեքենայի պատվերներ, դրա մեկնարկային մանրածախ գինը դեռ նշված է և կազմում է 14,443,000 իեն (համարժեք է մոտ $96 000-ին):

Նախնական տվյալներով 2028 թվականին Nissan GT-R-ի համար կարող է հայտնվել փոխարինող մոդել, որը կունենա հզոր էլեկտրական շարժիչային համակարգ և պինդ նյութերից պատրաստված մարտկոցներ։ Հնարավոր է, որ նոր սպորտային մեքենան ստեղծվի Nissan Hyper Force կոնցեպտի հիման վրա, որը ներկայացվել էր 2023 թվականի հոկտեմբերին Տոկիոյում, Japan Mobility Show ցուցահանդեսի շրջանակներում։