Համառոտ և ամփոփ տեղեկատվություն Opel Astra G ավտոմեքենայի մասին

Opel Astra G-ն՝ Adam Opel GmbH ընկերության կոմպակտ ավտոմեքենան է, որը 1998 թվականին փոխարինեց Astra F-ին և արտադրվեց մինչև 2004 թվականը: Այն հասանելի էր որպես երեք կամ հինգ դռնանի հեթչբեք, չորս դռնանի սեդան, հինգ դռնանի ունիվերսալ (հայտնի որպես “Caravan”), և 2000 թվականից՝ երկու հատուկ տարբերակով՝ Astra Coupé և Astra Cabrio, որոնք երկուսն էլ նախագծված և կառուցված էին իտալական Bertone-ի կողմից:

Գերմանիայից բացի մեքենան արտադրվել է նաև Ավստրալիայում՝ Holden Astra TS անվանմամբ, Մեծ Բրիտանիայում՝ Vauxhall Astra Mk4 և Լեհաստանում՝ Opel Astra Classic II անվանմամբ: Հարավային Ամերիկայում General Motors-ը վաճառել է մեքենայի վերամշակված տարբերակը Chevrolet Astra անվանմամբ:

Ռուսաստանի Դաշնությունում GM-АВТОВАЗ ընկերությունը 2004 թվականին սկսել է արտադրել Opel Astra G-ի սեդան տարբերակը Chevrolet Viva անվանմամբ: 2008 թվականի մարտին արտադրությունը դադարեցվել է ցածր պահանջարկի պատճառով:

Մեքենան համալրված է երեքկետանոց անվտանգության գոտիներով, ինչպես նաև չորս անվտանգության բարձիկներով (երկու դիմային և երկու կողային, որոնք տեղակայված են առջևի նստատեղերի մեջքերում):

Մեքենան համալրված է ավտոմատ 4-աստիճան (ճապոնական, Aisin ընկերության) կամ մեխանիկական 5-աստիճան փոխանցման տուփերով: Ամբողջական քարշակով տարբերակներ չեն արտադրվել: Շարժիչները եղել են բենզինային 1․2-2․2 լիտր աշխատանքային ծավալով, և դիզելային՝ 1․7 – 2․2 լիտր աշխատանքային ծավալով։ Astra G-ի համար ներկայացվել է նաև բնական գազով աշխատող շարժիչ

Կախոցը՝ դասական Մաքֆերսոն առջևում, կիսանկախ կամուրջ՝ հետևում: Արգելակները՝ հիդրավլիկ, երկշղթա, վակուումային ուժեղացուցիչով և ABS համակարգով: 1.8 լիտր և ավելի հզորությամբ շարժիչներով համալրված տարբերակներում տեղադրվել են հակաբուքսիրային համակարգ (ASR), դինամիկ կայունացման համակարգ (TC), արտակարգ արգելակման օժանդակման համակարգ (ABD) և սկավառակային արգելակներ բոլոր անիվների վրա՝ խոշորացված սկավառակներով:

Շնորհիվ վաճառքի համեմատաբար էժան գնի, ավտոպահեստամասերի առատության և շահագործման հուսալիության, ավտոմեքենան լայն տարածում է ստացել նաև հայաստանյան ավտոպարկում՝ լայնորեն օգտագործվելով հատկապես տաքսի ծառայություններ մատուցելու համար։