Առաջին էլեկտրական Ferrari-ն աճուրդում վաճառվել է ռեկորդային 40 միլիոն դոլարով (ֆոտո)

Ամբողջովին էլեկտրական Ferrari Luce-ի առաջին սերիական օրինակը ԱՄՆ-ի Մոնտերեյ քաղաքում Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 40 միլիոն դոլարով։

Ինչպես նշվում է աճուրդի կայքում ներկայացված լոտի նկարագրության մեջ, «Շասսի 0» անվանումով մեքենան մոդելի առաջին սերիական տարբերակն է և զարդարված է հատուկ հուշատախտակով։

Վաճառքից ստացված ողջ հասույթը Ferrari ընկերությունը կուղղի բարեգործական նպատակներին։ Bloomberg-ի տվյալներով՝ Ferrari Luce–ն աճուրդում երբևէ վաճառված ամենաթանկ նոր ավտոմեքենան է և դրանով սահմանել է ռեկորդ։

Նորույթը համալրված է չորս էլեկտրաշարժիչով, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 1050 ձիաուժ։ Էլեկտրամեքենան 0-ից մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 2,5 վայրկյանում։

Մարտկոցի տարողությունը 122 կՎտ/ժ է, իսկ էլեկտրական համակարգը՝ 800 վոլտ։ Մեկ ամբողջական լիցքավորմամբ նախատեսվող ընթացքի առավելագույն պաշարը կազմում է 530 կմ։ Մարտկոցը հնարավոր է լիցքավորել մինչև 350 կՎտ հզորությամբ։

Իտալական արտադրողի առաջին էլեկտրամեքենան ներկայացվել է այս տարվա մայիսի 26-ին։ Ներկայացումից հետո ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է ավելի քան 8%-ով, ինչը համարժեք է շուկայական կապիտալիզացիայի 5 միլիարդ եվրոյի կորստին։

Ferrari-ի նախկին նախագահ Լուկա դի Մոնտեզեմոլոն, որը նախկինում ղեկավարել է նաև ընկերության «Ֆորմուլա 1»-ի թիմը, կարծիք է հայտնել, որ էլեկտրական մոդելի թողարկմամբ ընկերությունը վտանգում է կործանել սեփական լեգենդը։ Նա նաև հույս է հայտնել, որ էլեկտրամեքենայից կհեռացվի Ferrari-ի ցատկող հովատակի տարբերանշանը։