ԽՍՀՄ ժամանակների ամենահայտնի ինքնաշեն ավտոմեքենաներից մեկը՝ «Hodo» (ՈՐՈՐ), 1981 թվականի արտադրության։ 1983 թվականին ավտոմեքենայի ստեղծող Հենրիկ Մաթևոսյանը փոխեց մեքենայի անվանումը՝ այն դարձնելով «Zangezur»։
Այս ինքնաշեն մարդատար ավտոմեքենան ստեղծվել է 1981 թվականին Հենրիկ Իվանի Մաթևոսյանի կողմից, որը Երևանի «Էլեկտրոն» արտադրական միավորման ինժեներ-տեխնոլոգն էր։ Ավտոմեքենան նախագծվել էր որպես երկդռնանի «գրան տուրիզմո» կուպե։ Նախագիծը պատրաստվեց 4 ամսում, բայց բուն մեքենայի հավաքման պրոցեսը տևեց մոտ 2 տարի։
Ավտոմեքենան պատրաստվել էր տնային պայմաններում, սովորական բնակարանի սենյակներից մեկում և նույնիսկ պատշգամբում։ Միայն այն ժամանակ, երբ պետք էր հավաքել թափքի վահանակները, մեքենան դուրս է բերվել բնակարանից բարձրացնող կռունկի միջոցով։ Վերջնական աշխատանքները՝ կապված ապակաթելքի և էպոքսիդի հետ, իրականացվել են տան մոտ գտնվող փոքրիկ շինությունում, որտեղ նույնիսկ էլեկտրականություն չկար։

Ավտոմեքենան կառուցվել է ՎԱԶ-2101-ի ագրեգատների հիման վրա, և ուներ դասական դասավորություն՝ շարժիչը առջևում, քարշակը՝ հետևի անիվներին։
Թափքը պատրաստված էր ապակեպլաստիկից, որը հավաքված էր պողպատե խողովակներով կառուցված ամուր կարկասի վրա։ Ավտոմեքենայի զանգվածը մոտ 850 կգ էր։ Շարժիչը փոքր-ինչ ուժեղացված էր և զարգացնում էր 68 ձիաուժ, ինչը թույլ էր տալիս մեքենային զարգացնել մինչև 170 կմ/ժ արագություն։ Վառելիքի ծախսը կազմում էր 9–10 լիտր 100 կմ–ի համար։
Ավելի լավ աէրոդինամիկայի համար «Որոր»-ի լուսարձակները շարժական էին և բարձրացվում էին էլեկտրական շարժիչով։ Քանի որ մեքենան ցածր էր, դռները նախագծված էին «ճայի թևերի» նման և բացվում էին վերև՝ ներառելով նաև տանիքի մի մասը։ Սրահի դասավորությունը «2+2» էր՝ առջևում երկու լիարժեք նստատեղ, իսկ հետևում՝ երկու մանկական տեղ։
Հետաքրքիր փաստ մեքենայի կյանքից․ ինքնաշեն ավտոմեքենաների ավտոերթերից մեկը անցնում էր Տոլյատի քաղաքով, VAZ ավտոմոբիլային գործարանը որոշեց կազմակերպել մրցարշավ պրոֆեսիոնալ մրցարշավորդների և ավտոսիրող վարորդների մասնակցությամբ։ Մրցույթը առաջացրեց անսովոր հետաքրքրություն։ Այն անցկացվում էր ինքնաշեն մեքենաների և սերիական «Ժիգուլի»-ների միջև։ Մրցույթում հաղթեց Հենրիկ Մաթևոսյանը՝ իր «Որոր»-ով։ Սպորտային տեսքով ցածր ավտոմեքենան, շրջադարձերում զարմանալի կայունության շնորհիվ, զգալիորեն առաջ անցավ սերիական մեքենաներից։

1981 թվականին, Մոսկվա–Տյումեն առաջին համամիութենական ավտոերթի ժամանակ, մեքենան դեռ անվանում չուներ։ Մեքենային անվանում տվեց երիտասարդական–տեխնիկական ամսագրի խմբագիր Վասիլի Զախարչենկոն, ով այն ժամանակ կազմակերպում էր բոլոր համամիութենական ավտոերթերը։ Նա մեքենան անվանեց «Որոր»՝ ի պատիվ հայկական սևանյան արծաթափայլ որորի։ Անվանումն ընտրելու հարցում գլխավոր դերը խաղաց մեքենայի՝ դեպի վեր բացվող դռները, որոնք հիշեցնում էին թռչնի թևեր։
1983 թվականին Հենրիկ Մաթևոսյանը մեքենան վերանվանեց «Zangezur»՝ ի պատիվ Զանգեզուր տարածաշրջանի, որտեղ նա ծնվել էր։
Մեքենան մասնակցել է հինգ համամիութենական և բոլոր հայկական ավտոերթերին։ 2000 թվականին մեքենայի վազքը հասել էր 2 միլիոն կիլոմետրի։










