Որսորդական Range Rover Overfinch-ից և Holland & Holland-ից․ արվեստի գործ 600 հազար դոլարով (ֆոտոշարք)

Բրիտանական Overfinch թյունինգ-ատելյեն ներկայացրել է հերթական «որսորդական» Range Rover-ը, որը պատմության մեջ ամենաթանկն է․ ձեռքի աշխատանքի հսկայական ծավալը՝ փայտով, կաշվով ու մետաղով, ինչպես նաև բեռնախցիկում ներկառուցված երկու հատուկ պայուսակները՝ զենքերով ու թանկարժեք խմիչքներով, այնքան են բարձրացրել մեքենայի արժեքը, որ այն գերազանցում է հիմքային մոդելի գինը ավելի քան երկու անգամ։

Overfinch-ը զբաղվում է Range Rover-ի թյունինգով դեռևս 1975 թվականից։ Այն հիմնադրել է Արթուր Սիլվերտոնը, ով նպատակ ուներ շտկել ամենագնացի գործարանային թերությունները՝ տեղադրելով ավելի հզոր շարժիչներ, բարելավելով ընթացային հատկանիշները և սրահի հարդարումը։ 1830 թվականից գործող բրիտանական հայտնի զենք արտադրող Holland & Holland ընկերության հետ համատեղ Range Rover-ի տարբեր սերունդների հիման վրա ստեղծվել է մի քանի բացառիկ տարբերակ։

Այսօր Holland & Holland-ը ոչ միայն արտադրում է էլիտար որսորդական հրացաններ, այլև լիարժեք կերպով հանդերձավորում է որսորդին՝ պահպանելով լավագույն արիստոկրատական ավանդույթները։ Ընկերությունը կազմակերպում է բարձրակարգ որսորդական միջոցառումներ և անցկացնում դրանք ամենաբարձր մակարդակով, բնականաբար, շատ մեծ գումարների դիմաց։

Overfinch-ի կողմից ներկայացված Range Rover SV Holland & Holland Edition-ը ամբողջովին ներծծված է արիստոկրատական որսի թեմատիկայով։ Հիմքում օգտագործվել է ամենաբարձր դասի ամենագնացը P615 տարբերակով և երկարացված անվային բազայով։ Այն հագեցած է BMW-ի 4.4 լիտր բիտուրբո բենզինային շարժիչով, որը զարգացնում է 615 ձիաուժ։ Մինչև 100 կմ/ժ արագությունը մեքենան հավաքում է 4,7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 261 կմ/ժ։

Այս դեպքում Overfinch-ի մասնագետները տեխնիկական բաղադրիչին չեն դիպել, սակայն Holland & Holland-ի գործընկերների հետ միասին կտրուկ բարձրացրել են մեքենայի շքեղության մակարդակը։

Դրսից Range Rover SV Holland & Holland Edition-ը ստացել է ձեռքի պատրաստված նոր մետաղական հարդարման տարրեր՝ Holland & Holland ընկերության լոգոտիպներով և ֆիրմային որմնանկարով, բագաժնիկի կափարիչի վրա՝ հորիզոնական LED լուսային գոտի, ինչպես նաև նոր 23-դյույմանոց անվահեծեր՝ ֆիքսված կենտրոնական գլխիկներով։ Մեքենան վարելիս Holland & Holland-ի լոգոտիպը միշտ մնում է ուղղահայաց դիրքում, ինչպես Rolls Royce-ի դեպքում է։

Սրահի հարդարումը ամբողջությամբ նոր է․ այն պատրաստված է Bridge of Weir ընկերության կաշվից, ընկույզի փայտից և ձեռքով փորագրված պողպատյա դետալներից։ Փայտե տարրերը, որոնք հաճախ շփվում են ձեռքերի հետ (դռան բռնակներ, ավտոմատ փոխանցման սելեկտոր), ունեն բաց ծակոտիներ և շոշափելիս շատ հաճելի են։ Նստատեղերի մեջքին ասեղնագործված են թռչունքներ, որոնք բրիտանացի արիստոկրատների սիրած որսատեսակն են։

Բեռնախցիկում մեկը մյուսի վրա տեղադրված են ձեռքի աշխատանքով պատրաստված կաշվից և փայտից երկու ճամպրուկներ։ Վերին ճամպրուկում պահվում է շամպայն ըմպելու հավաքածու ութ անձի համար՝ բյուրեղյա գավաթներ, եղջյուրից պատրաստված բացիչ և ձեռագործ ասեղնագործությամբ սփռոց։ Ստորին ճամպրուկում կան բաժիններ երկու Holland & Holland հրացան պահելու համար, ինչպես նաև վիսկիի համար նախատեսված հավաքածու՝ ութ բաժակ, գրաֆին և սփռոց։

Կարճ ասած, ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ազնվական որսորդները այս մեքենայով համատեղելու են թռչունների որսը թանկարժեք խմիչք ըմպելու հետ։

Overfinch-ը պատրաստելու է Range Rover SV Holland & Holland Edition մոդելի ընդամենը 25 օրինակ ։ Յուրաքանչյուր մեքենա կպատրաստվի պատվիրատուի անհատական ցանկություններին համապատասխան, այդ պատճառով գինը կարող է զգալիորեն տարբերվել։ Սակայն հետաքրքրված գնորդները միջինում պետք է պատրաստեն գումար, որը համարժեք է 600 000 ամերիկյան դոլարի։