Գերմանական ավտոարտադրող հսկա Mercedes-Benz–ը պաշտոնապես հայտարարել է, որ նախատեսում է փակել Բեռլինի մերձակայքում գտնվող Լյուդվիգսֆելդեի գործարանը և արտադրության մի մասը տեղափոխել Լեհաստան։ Որոշման արդյունքում առանց աշխատանքի կարող է մնալ ավելի քան 2200 աշխատող։
Լյուդվիգսֆելդեի գործարանում տարեկան արտադրվում է շուրջ 60 հազար Sprinter և e-Sprinter միկրոավտոբուս, սակայն ընկերությունը նախատեսում է մինչև 2029 թվականը դադարեցնել արտադրությունը։ Էլեկտրական մոդելների՝ e-Sprinter-ի արտադրությունը կտեղափոխվի Լեհաստանի Յավոր քաղաք, որտեղ Mercedes-ը արդեն ունի արտադրական բազա․ այստեղ 2019 թվականից արտադրվում են շարժիչներ և մարտկոցներ հիբրիդային մոդելների համար։
Ընկերությունը որպես հիմնական պատճառ նշում է բարձր աշխատավարձային ծախսերը Գերմանիայում, որոնք, ըստ հաշվարկների, շուրջ հինգ անգամ ավելի բարձր են, քան Լեհաստանում։ Նոր գործարանի կառուցման համար Mercedes-ը նախատեսում է ներդնել ավելի քան 1,53 միլիարդ զլոտի (մոտ 360 միլիոն եվրո)։
Չնայած նրան, որ Գերմանիայում գործարանի փակումը կարող է լուրջ սոցիալական հետևանքներ ունենալ, Լեհաստանում նախատեսվում է ստեղծել ընդամենը 300 նոր աշխատատեղ, որոնցից 30–ը՝ բարձրագույն կրթությամբ անձանց համար։
Mercedes-Benz–ի այս որոշումը արդեն իսկ հարուցել է գերմանական արհմիությունների և տեղական ինքնակառավարման մարմինների դժգոհությունը, քանի որ դա բերելու է զգալի գործազրկության Լյուդվիգսֆելդե քաղաքի բնակչության շրջանում։
Mercedes-Benz–ի այս քայլը ցույց է տալիս եվրոպական ավտոարտադրողների նոր միտումը՝ արտադրությունը տեղափոխել դեպի ավելի ցածր ծախսերով երկրներ, որպեսզի մրցունակ մնան գլոբալ շուկայում։