Volkswagen Touareg-ի առաջին սերունդը ներկայացվել է 2002 թվականին, իր «եղբայր» Porsche Cayenne-ի հետ համատեղ, և այս սերունդը, կարելի է ասել, ամենամեծ աղմուկ հանածն էր։ Այն ուներ իսկական off-road տարբերակներ՝ փոխանցման տուփում նվազեցնող փոխանցումով, ինչպես նաև յուրահատուկ տարբերակներ՝ 6,0 լիտրանոց բենզինային W12 և 5,0 լիտրանոց տուրբոդիզելային V10 շարժիչներով։
Touareg–ի բոլոր սերունդները

2010-ից 2018 թվականներին արտադրվող երկրորդ սերնդի Touareg-ն այլևս չուներ էկզոտիկ տարբերակներ, սակայն որոշ մոդիֆիկացիաներում դեռ պահպանում էր off-road–ի հատկանիշներ։ Իսկ արդեն երրորդ սերունդը, որը ներկայացվեց 2018 թվականի գարնանը, ամբողջությամբ դարձավ քաղաքային քրոսովեր․ այն ստացավ պարզեցված լիաքարշակ համակարգ՝ միջառանցքային կցորդիչով, զրկվեց նվազեցնող փոխանցումից և հետևի դիֆերենցիալի բլոկավորումից։

Touareg-ը ամերիկյան շուկայից դուրս է եկել դեռևս 2017 թվականին, այսինքն՝ երկրորդ սերնդի ընթացքում։ Նրա փոխարեն այնտեղ հայտնվեց ավելի մեծ չափերի, բայց միևնույն ժամանակ ավելի մատչելի Volkswagen Atlas քրոսովերը։ Ի դեպ, ներկայում Atlas-ը Volkswagen-ի ամենապահանջված մոդելն է ԱՄՆ-ում․ այս տարվա երկրորդ եռամսյակում այն վաճառքներով գերազանցել է նույնիսկ կոմպակտ Jetta սեդանին։ 2017-ից հետո Touareg-ի հիմնական շուկան դարձել է Եվրոպան։

2023 թվականին երրորդ սերնդի Touareg-ը վերաթողարկվեց՝ անցնելով ռեստայլինգ։ Թվում էր, որ արդեն պետք է սկսվեր չորրորդ սերնդի մշակումը, սակայն այն չի լինելու․ ինչպես այսօր հայտնել է բրիտանական Autocar հանդեսը՝ հղում անելով Volkswagen ընկերության իր աղբյուրներին, ներկայիս Touareg-ը կհանվի արտադրությունից 2026 թվականին և նրան փոխարինող մոդել չի նախատեսվում։

JATO Dynamics-ի տվյալները ցույց են տալիս, որ վերջին տարիներին Եվրոպայում VW Touareg-ի վաճառքները նվազում են․ 2023 թվականին վաճառվել է 15 613 միավոր, 2024-ին՝ 14 962, իսկ 2025 թվականի առաջին կեսին՝ 6928 միավոր (ինչը 6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։ Լավագույն տարիներին՝ մասնավորապես 2010-ականների սկզբին, Touareg-ի գլոբալ վաճառքները հասնում էին շուրջ 80 000-ի։ Ներկայում Touareg-ը Գերմանիայում արժե նվազագույնը 73 765 եվրո։

Անցած գարնանը Volkswagen-ը սկսեց Եվրոպայում վաճառել Tayron միջին չափսերի քրոսովերը՝ կառուցված MQB հարթակի վրա։ Փաստորեն այն կփոխարինի չափսերով մոտ, բայց ավելի թանկ և բարձր դասի Touareg-ին։ Tayron-ը արժեքը սկսում է 45 475 եվրոյից, և արդեն այս տարվա սկզբից Եվրոպայում վաճառվել է այս մոդելի ավելի քան 20 000 միավոր։
Volskwagen Tyron–ը
