Զավեշտալի ավտովթար Mercedes–ի և Ferrari–ի մասնակցությամբ (ֆոտոշարք)

Reddit հարթակում հրապարակվել են լուսանկարներ խոշոր ավտովթարի վայրից, որի պատճառը կցորդի քարշակման կանոնների խախտումն է եղել։ Արդյունքում լրջորեն վնասվել են երկու մեքենա, որոնցից մեկը՝ շքեղ Ferrari-ն։ Հետաքրքիրն այն է, որ շրջվելուց հետո մեքենաները չեն ընկել ավտոտրեյլերի հարթակից, այլ մնացել են նրա վրա՝ շրջված դիրքով։

Առաջին սերնդի Volkswagen Touareg-ը կցորդով տեղափոխում էր միաժամանակ երկու ավտոմեքենա՝ դեղին Ferrari 488 GTB և կարմիր Mercedes-Benz GLA։ Դրանք տեղադրված էին միմյանց հետևից, եռաքարշակ հարթակի վրա։ Արգելակային անիվներից մեկի վնասման (ծակվելու) հետևանքով ամենագնացը կորցրել էր կայունությունը, ինչի արդյունքում կցորդը շրջվել էր ճանապարհի եզրին։

Հետաքրքիրը, սակայն, այն է, որ երկու մեքենաներն էլ մնացել էին կցորդի վրա, քանի որ դրանք շատ լավ էին ամրացված։ Ըստ երևույթին, Touareg–ի վարորդը ջանացել էր, որպեսզի թանկարժեք բեռը լավ ամրացվի թրեյլերի վրա, որպեսզի ճանապարհին անցանկալի դեպքեր չլինեն։ Արդյունքում մեքենաները լավ ամրացվել էին, բայց վտանգը եկել էր այնտեղից, որտեղից վարորդը չէր սպասում։ Սակայն շրջվելու արդյունքում գետնի վրա հայտնվել էին ոչ թե մեքենաների անիվները, այլ տանիքները։ Ըստ ամենայնի, դրանք կամ ենթարկվելու են թանկարժեք վերանորոգման, կամ ամբողջությամբ դուրս կգրվեն շահագործումից։

Սակայն նույնիսկ ապահովագրության առկայության դեպքում սեփականատերը կարող է չստանալ փոխհատուցում։ Բանն այն է, որ Touareg-ին թույլատրվում է կցորդի քարշակում մինչև 3500 կգ ընդհանուր զանգվածով, իսկ Ferrari-ն և Mercedes-Benz-ը հարթակի հետ միասին, ամենայն հավանականությամբ, գերազանցել են այդ սահմանը։ Այդ խախտումը կարող է պատճառ դառնալ ապահովագրական ընկերության մերժման համար։