Ինչպես էր Լյուկ Բեսոնի սցենարի հիման վրա նկարահանված հայտնի «Տաքսի» ֆիլմում ֆրանսիական Peugeot-ը անցնում լեգենդար Mercedes-Benz E500 «Գայլին» և Mitsubishi Lancer EBO-ին, շատերի համար առայսօր մնում է գաղտնիք։
Առաջին «Տաքսի» ֆիլմում նկարահանվել էր մինչռեստայլինգային Peugeot 406 մոդելը։ Մոդելի ֆլագման շարժիչը 3.0 լիտր ծավալով V-աձև վեցմխոցանի շարժիչ էր՝ 190 ձիաուժ հզորությամբ, և ֆիլմի ստեղծողների կողմից որոշում էր կայացվել հենց այդ տարբերակն օգտագործել նկարահանումների համար։

Արդյո՞ք Peugeot 406-ը իրականում ունակ էր վազանցելու Mercedes-Benz E500-ը կամ երկրորդ մասում ներկայացված Mitsubishi Evo 6-ը նման համեստ ցուցանիշներով շարժիչով։ Չէ՞ որ կինոքննադատներն ու «էքշըն» ֆիլմերի սիրահարները երկար ժամանակ ենթադրություններ էին անում՝ փորձելով հասկանալ, թե ինչ շարժիչ ուներ մեքենան։ Ոմանք նույնիսկ կարծում էին, թե ֆրանսիական մեքենայի վրա տեղադրված էր V8 կամ նույնիսկ V10 շարժիչ։
էհհ, միամիտ մարդիկ․․․
Իրականում հենց ֆիլմում աշխատած կասկադյորներն էին ասում, որ բոլոր հնարքները արվել են մոտ 40 կմ/ժ արագությամբ, իսկ մնացածն օպերատորների և մոնտաժողների վարպետորեն արված աշխատանքի արդյունքն էր։ Հենց այդ աշխատանքն էր ստեղծում տպավորություն, թե Mercedes-ները իսկապես չեն կարող հասնել ֆրանսիական «Տաքսի»-ին։ Այնինչ դա հնարավոր էր դարձել շնորհիվ նկարահանման անկյունների և ռեժիսոր Ժերար Պիրեսի աշխատանքի։ Ֆիլմը դիտելիս թվում է, թե ամեն ինչ տեղի է ունենում շատ բարձր արագությամբ, բայց իրականում այդպես չէ։
Եվս մեկ կարևոր փաստ. Ֆիլմը նկարահանվել էր հենց այն ժամանակ, երբ Peugeot 406 մոդելի ռեսթայլինգը նոր էր դուրս եկել։ Այդ ժամանակ V6 շարժիչն էլ մի փոքր հզորացրին, և ֆիլմն այնքան մեծ ազդեցություն ունեցավ մեքենայի վաճառքների վրա, որ ռեսթայլ արված Peugeot 406-ը դարձավ ֆրանսիական կոնցեռնի ամենավաճառվող մոդելներից մեկը։ Ֆիլմը դարձավ իսկական հաջողված գովազդ ավտոմեքենայի համար։

Իսկ հիմա ամենակարևորի մասին։
«Տաքսի-2» ֆիլմի թողարկումից հետո Mercedes ընկերությունը դատի տվեց ֆիլմը ստեղծողներին։ Իսկ պատճառն այն էր, որ ֆիլմի վերջում գլխավոր հերոս Դանիելը Mercedes-ների վարորդներին ուղղում է հետևյալ արտահայտությունը. «Դե ի՞նչ, բավարացիք, դեռ շարունակում եք տրակտոր քշե՞լ»։
Mercedes-Benz-ը այս արտահայտությունը համարել էր վիրավորական իր բրենդի համար, պնդելով, որ այն իրենց արտադրանքը համեմատում է գյուղատնտեսական տեխնիկայի հետ և վնասում է ընկերության համբավը։ Արդյունքում դատարանը որոշում կայացրեց հօգուտ Mercedes-Benz-ի՝ պարտավորեցնելով ֆիլմի հեղինակներին վճարել խոշոր փոխհատուցում՝ 2 միլիոն դոլարի չափով։
Ֆիլմի հեղինակներն, իհարկե, պայմանագիր ունեին Mercedes-Benz-ի հետ՝ Mercedes 500E ավտոմեքենաները ֆիլմում օգտագործելու համար, սակայն պայմանագրում վիրավորական հեգնանքներ Mercedes-Benz-ի հասցեին նշված չէին։
«Տաքսի 2» Ֆրանսիական կատակերգությունը նկարահանվել է 2000 թվականին, ռեժիսոր Ժերար Կրավչիկի կողմից, ըստ Լյուկ Բեսոնի սցենարի։ «Տաքսի 2»-ը «Տաքսի» ֆիլմի շարունակությունն է և ունեցել է մեծ հաջողություն միջազգային վարձույթում՝ հավաքելով 64,4 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս շահույթի ֆոնին Mercedes-ին վճարած 2 միլիոն դոլարն, անշուշտ, չնչին գումար էր և «արդարացված ծախս»։
Հեղինակ՝ Վլադիմիր Հովհաննիսյան