Range Rover ամենագնացը ստացել է ավելի դինամիկ «սև» տարբերակ (ֆոտոշարք)

Land Rover ընկերությունը սկսել է Range Rover Sport ամենագնացների արտադրությունը 2005 թվականին, իսկ մոդելի ներկայիս՝ երրորդ սերունդը, ներկայացվել է 2022 թվականի մայիսին։ Թոփ տարբերակը, որի անվանը ավելացել է SV նշումը, հայտնվել է 2023 թվականի գարնան վերջին։ Այդ տարբերակը թողարկվել էր սահմանափակ քանակով՝ հատուկ Edition 1 և Edition 2 համալրումներով։ Այժմ բրիտանական արտադրողը որոշել է արտադրել «սովորական» SV տարբերակը, առանց արտադրության քանակի սահմանափակման։

Նշենք, որ այժմ արդեն հնարավոր չէ ձեռք բերել ամենագնացներ Edition 1 և Edition 2 համալրումներով։ Նրանց արժեքը կազմում էր մոտավորապես 169 և 175 հազար ֆունտ ստերլինգ։ Այժմ Range Rover Sport շարքի մշտական անդամ դարձած SV տարբերակը ներկայացվել է ավելի համեստ մեկնարկային գնով՝ 139,995 ֆունտ ստերլինգ։

Այժմ Range Rover Sport SV-ն ստացել է ևս մեկ հատուկ տարբերակ՝ անվան մեջ ավելացված Black նշումով։ Այս թոփ համալրումներն ունեն միևնույն տեխնիկական հիմքը։ Խոսքը մեղմ հիբրիդային համակարգի մասին է, որի հիմքում գտնվում է BMW-ի կողմից մշակված երկտուրբին V8 շարժիչը, որը աշխատում է սթարթեր-գեներատորի հետ համատեղ։ Շարժիչի ծավալը կազմում է 4.4 լիտր, առավելագույն հզորությունը՝ 635 ձիաուժ, իսկ պտտող մոմենտը՝ 750 Նմ։ Փոխանցման տուփը՝ ութաստիճան հիդրոմեխանիկական ավտոմատ ZF ընկերությունից։ Քարշակը՝ բացառապես լիաքարշ։

Ինչպես հայտնել են Land Rover-ի մամուլի ծառայությունից, սովորական սերիական Range Rover Sport SV-ն 100կմ/ժամ արագությանը հասնում է 3.8 վայրկյանում, իսկ Range Rover Sport SV Black Edition-ը կատարում է նույն վարժությունը 3.6 վայրկյանում։ Այս տարբերակների առավելագույն արագությունը համապատասխանաբար կազմում է 266 և 290 կմ/ժ։

Հատուկ ամենագնացի ավելի դինամիկ վարքը բացատրվում է ածխածնային մանրաթելից նյութերի կիրառմամբ, այդ թվում՝ շարժիչի ծածկոցի (կապոտի) արտադրության համար։ Range Rover Sport SV Black տարբերակն ունի սև 23-դյույմանոց թեթևաձույլ անվահեծեր, որոնց ետևից տեսանելի են նույն գույնի արգելակային սեղմակները (սուպորտները)։ Հետևի մասում կարելի է տեսնել չորս կլոր սև արտանետման խողովակներ։ Բացի այդ, այս տարբերակի վրա մուգ երանգով են ներկայացված նաև լոգոն և թափքի նշանները։ Սրահը պատված է սև Windsor կաշվով և զարդարված է սև դեկորատիվ տարրերով։

SV Black Edition անվանումով ամենագնացի արժեքը Մեծ Բրիտանիայում կազմում է 154 975 ֆունտ ստեռլինգ։