Որո՞նք են ամենաորակյալ և ամենավատ մեքենաները․ Nissan-ը որակով հավասարվել է Lexus-ին

J.D. Power խորհրդատվական ընկերությունը հրապարակել է նոր ավտոմեքենաների որակի հերթական ուսումնասիրության արդյունքները, որոնք ստացվել են իրական ավտոսեփականատերերի հարցման միջոցով։ Միջին հաշվով ավտոմեքենաների որակը աճել է, սակայն զանգվածային շուկայի հատվածում առաջնորդը կտրուկ փոխվել է։ Բացի այդ, հետազոտողները նշել են, որ ավտոմեքենաների սեփականատերերին դեռևս նյարդայնացնում է արտադրողների՝ սենսորային էկրանների նկատմամբ չափազանց մեծ կախվածությունը։

Վերջին ուսումնասիրության արդյունքներով ամենաբարձրորակ ավտոմեքենաներ արտադրող ապրանքանիշ է ճանաչվել Lexus-ը, որը նախորդ տարի զբաղեցրել էր երկրորդ տեղը պրեմիում բրենդների վարկանիշում։ Այս ապրանքանիշի ավտոմեքենաների սեփականատերերից ստացվել է ընդամենը 166 բողոք յուրաքանչյուր 100 մեքենայից։

Զանգվածային շուկայի առաջատարը դարձել է Nissan-ը՝ գրանցելով գրեթե նույն արդյունքը․ 169 անսարքություն։ Իսկ անցյալ տարվա առաջատար Ram-ը միանգամից ընկել է 25-րդ հորիզոնական՝ վատթարացնելով իր ցուցանիշը 148-ից մինչև 218։ Վերլուծաբանները ենթադրում են, որ սա կապված է նոր սերնդի պիկապների թողարկման հետ։

Ուսումնասիրության համաձայն՝ ամենավատ արդյունքներն ունեն Audi, Volvo, Infiniti, Volkswagen և Mazda ապրանքանիշերը։ Առանձին դասակարգումներում ամենաշատ առաջին տեղերը գրավել են GM, Ford և Honda կոնցեռնների մեքենաները։

Վերլուծաբանները նշել են, որ պրեմիում բրենդների միջին որակը նախորդ տարվա համեմատ բարելավվել է միանգամից 27 միավորով, մինչդեռ զանգվածային սեգմենտում արձանագրվել է 6 միավորի նվազում։ Տարբեր շարժիչային համակարգերով մեքենաների թվում առաջին անգամ ամենաշատ անսարքությունները գրանցվել են լիցքավորվող հիբրիդների դեպքում։ Էլեկտրամեքենաները որակով ավելի լավն են, սակայն դեռ զիջում են բենզինով աշխատող մեքենաներին։

Հունիսի սկզբին հաղորդվել էր, որ Չինաստանում էլեկտրամեքենաների և հիբրիդների սեփականատերերի գոհունակության վարկանիշը հասել է ռեկորդային մակարդակի։ Նշվել է նաև, որ աճել է երկրորդ գնման և կանանց կողմից գնումների մասնաբաժինը։